Աբրահամյան․ Բաքվի միակ պահանջը Վարդանյանի հրաժարականը չէ՝ Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում Լաչինի միջանցքը բացելու համար

Աբրահամյան․ Բաքվի միակ պահանջը Վարդանյանի հրաժարականը չէ՝ Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում Լաչինի միջանցքը բացելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ Լաչինի միջանցքի հնարավոր բացման հարցը վերջին օրերին արծարծվում է Արցախի պետնախարարի հնարավոր հրաժարականի համատեքստում, նշել է, որ դա Բաքվի միակ ցանկությունն ու պահանջը չէ՝ Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում։

«Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարավոր բացման հարցը վերջին օրերին արծարծվում է Արցախի պետնախարարի հնարավոր հրաժարականի համատեքստում։ Ըստ այդ տրամաբանության, և՛ ՀՀ իշխանությունը, և՛ Ադրբեջանից եկող ազդակները ցույց են տալիս, որ պետնախարարի հրաժարականը հնարավորություն կստեղծի միջանցքի բացման համար։

Մի կողմ դնելով ՀՀ իշխանության, առավել ևս՝ Ադրբեջանի ցանկությունները, իրավիճակը փորձենք դիտարկել փաստական տեսանկյունից։

Արդյո՞ք Ադրբեջանի միակ ցանկությունն ու պահանջը Ռուբեն Վարդանյանի հրաժարականն է և արդո՞ք նրա գնալով առկա և ուրվագծվող խնդիրները կլուծվեն։

Հիշեցնեմ, որ միջանցքը փակելուց հետո պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը կյանքի ուղին բացելու համար պահանջում էր կասեցնել «Կաշենի» հանքի շահագործումը, միջանցքի որևէ հատվածում ադրբեջանցի գործուղել, ով վերահսկողություն կիրականացնի ՀՀ-ից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, տեղադրել անհրաժեշտ սարքավորումներ, երկկողմանի շարժը վերահսկելու համար։

Մեկ այլ պահանջ, որը շրջանառվում է, կապված է ՊԲ ծանր տեխնիկայի դուրս բերման հետ, որը 44-օրյա պատերազմից հետո, փոքր ծավալով, մի քանի փուլով իրականացվել է։

Այսինքն՝ միջանցքի հնարավոր բացման հետ կապված Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում, ենթադրվում է, այդ թվում՝ պետնախարարի հրաժարականի թեման։

Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ նույնիսկ այս պահանջների կատարումից հետո միջանցքը կբացվի՝ ոչ։ Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ եթե նույնիսկ ադրբեջանական պահանջները կատարվեն, միջանցքը բացվի, ապա նույնպիսի խնդիր չի առաջանա, օրինակ՝ 1-2 ամիս հետո։ Կամ օրինակ՝ գազի, էլեկտրաէներգիայի խնդիր այլևս չի լինի։ Իհարկե, ոչ։

Ընտրությունն Արցախին է, իրենք են ծանր իրավիճակում և դժվար է նրանց դերի ու բեռի տակ մտնելով, նրանց լուծում կամ «ճիշտ» թելադրել, ամեն դեպքում ստեղծված իրավիճակին պետք է նայել սթափ, մտածված, հաշվարկված, հակառակ դեպքում, Ադրբեջանը նախապայմանների այնպիսի ցանկ կբացի, որից հետո դիմադրության ռեսուրս այլևս չի լինի։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկն արվել էր օգոստոս/սեպտեմբերին, նշանակումը՝ նոյեմբերին, նշանակողն ու շահագրգիռ կողմերը երկար ժամանակ ունեին մտածելու, ծանր ու թեթև անելու և այդ ամենից հետո արել են նշանակում։

Չափազանց անլուրջ է այդ նշանակումից 2 ամիս անց սկսել հետին թվով պատճառներ, ռիսկեր քննարկել։ Դրա մասին պետք է շուտ մտածեիք։ Գնացքը գնացել է, այլևս այլ իրավիճակ է և խնդիրների հնարավոր լուծումները պետք է դիտարկել առկա իրողությունների տրամաբանությունից»,-ասվում է գրառման մեջ։։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին հրաժարական տալ, ինչին կհաջորդեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում ներկայացնել։

Այնուհետև ասվեց, որ ներքաղաքական իրավիճակն Արցախում զգալիորեն լիցքաթափվել է, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ չկա և չի կարելի նման բան թույլ տալ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---