«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում փակուղի է ստեղծում Բաքվի դիրքորոշումը»․ Կազիմիրով

«Բաքվին ձեռնտու չէ առաջընթացը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- այսօր Երևանում շարունակվող հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» նիստի ընթացքում ասաց ԵԱՀԿ ՄԽ ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։

Ներկայացնելով հակամարտության պատմությունը՝ ռուս դիվանագետը, ով կանգնած է Արցախյան հակամարտության ակունքներում, ասաց, որ հակամարտության գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է։ Կազիմիրովը ներկայացրեց ԼՂ հակամարտության առանձնահատկությունները՝ նշելով, որ այն հետխորհրդային տարածքի ամենահին պատմությունն ունեցող հակամարտությունն է և հետաքրքիր կոնֆիգուրացիա ունի, քանի որ բաղկացած է ոչ թե երկու, այլ երեք գործող կողմերից։

Նա գոհունակությամբ խոսեց այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները միմյանց հետ աշխատում են ներդաշնակության մթնոլորտում։ Վլադիմիր Կազիմիրովի համոզմամբ՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում փակուղի է ստեղծում Բաքվի դիրքորոշումը՝ Բաքուն տարածքների հանձնման դիմաց զիջումների պատրաստ չէ, այսինքն՝ չկարգավորված հակամարտության կողմնակից է։

Նրա ակնարկի համաձայն՝ հակամարտության չկարգավորումը Բաքվին ձեռնտու է ներքաղաքական նպատակներով։ Կազիմիրովի համոզմամբ՝ հենց այս կողմի դիրքորոշման պատճառով արդյունք չեն տալիս համանախագահների ջանքերը՝ կարգավորել ԼՂ հակամարտությունը։

Ինչ վերաբերում է ՀՀ դիրքորոշմանը, ապա, Կազիմիրովի խոսքով, հայկական կողմի դիրքորոշումը պարզ է՝ Հայաստանը դեմ չէ զիջումների՝ ուժային լուծումը բացառելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս