Պապիկյանի դատվածության մասին արտահոսքի համար ԱԱԾ ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել

Պապիկյանի դատվածության մասին արտահոսքի համար ԱԱԾ ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, քննիչը որոշել է ԱԱԾ պաշտոնյայի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնել:

Ըստ ՀՔԾ-ի՝ վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020-ի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը:

Վերջինս ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և փոխանցել է Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը: Այն պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ` դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ:

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին հայտնվել ՏԿԵ նախարարի դատված լինելու մասին: Նշվում էր, որ վերջինս թաքցրել է իր դատվածության փաստը, և, որ զինծառայության ժամանակ նա դանակով հարվածել է իր հրամանատարին, ինչի առթիվ քրգործ է հարուցվել։ Մեկնաբանելով ԶԼՄ-ի հրապարակումը՝ Պապիկյանն ընդունել էր մարված դատվածությունը, հերքել զենքի գործադրումն ու նշել, որ դա Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի գործունեությունը մրոտելու փորձ է: Նա նաև ակնարկել էր, որ տեղեկությունը հասու է բարձրաստիճան ուժայիններին: «Տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից», - հայտարարել էր նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---