Փոխնախարար․ Առցանց արդեն 22,150 առաջին դասարանցի է հայտագրվել

Փոխնախարար․ Առցանց արդեն 22,150 առաջին դասարանցի է հայտագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցներում առցանց համակարգով արդեն 22,150 առաջին դասարանցի է հայտագրվել։ Այդ մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով` ըստ կանխատեսումների, այս տարի մոտ 40,000 առաջին դասարանցի կլինի:

2020-ի նրանց ընդունելությունն էլեկտրոնային համակարգի՝ հայտագրման միջոցով է իրականացվում նաև մարզերում՝ բոլոր այն համայնքներում, ուր կա մեկից ավելի դպրոց, գրում է «Հայկական ժամանակը»:

2019-ին համակարգը փորձարկվել է Երևանում:

Հայտագրման առցանց համակարգով կիրականացվի 25-27 հազար առաջին դասարանցու ընդունելություն. դա այն երեխաներն են, որքեր բնակվում են մեկից ավելի դպրոց ունեցող համայնքներում:

«Ըստ օրենքում կատարված փոփոխությունների՝ երկու խմբի ընձեռվել է առաջնահերթության իրավունք՝ այն երեխաներին, որոնց քույրը կամ եղբայրը արդեն իսկ սովորում է այդ դպրոցում, և այն երեխաներին, որոնց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները աշխատում են դպրոցում: Ըստ այդ առաջնահերթության՝ հունիսի 1-10-ը հնարավորություն են ունեցել գրանցվել միայն այդ երեխաները, և այդ ընթացքում հայտագրվել է 9247 երեխա»,- հիշեցրել է Անդրեասյանը:

Նա նշել է նաև, որ գործընթացը հիմնականում հարթ է անցել, տեխնիկական խափանում չի գրանցվել: Ըստ փոխնախարարի, սակայն, որոշ խնդիրներ եղել են՝ միևնույն ակնթարթին գրանցված ծնողներին տրվել է նույն կոդը. խնդրին առնչվել է 49 ծնող: Նա հավաստիացրել է, որ հարցը տեխնիկական է և կլուծվի:

«Եվս մեկ հարց է եղել, երբ ընտանիքում եղել է զույգ կամ եռյակ երեխա, հասցրել են գրանցել նրանցից մեկին, մյուսներին՝ չեն հասցրել. Այս իրավիճակը ևս կկարգավորվի՝ ըստ միևնույն դպրոցում արդեն իսկ սովորող քույր կամ եղբայր ունեցողի մասին օրենքով: Եղել է խնդիր նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, քանի որ իրենց մայրենի լեզվով ուսուցման հնարավորությունից օգտվել նրանք կարող են միայն որոշակի դպրոցներում: Այս խնդիրը ևս պիտի փորձ արվի լուծել»,- ասել է նա:

Հայտագրման համակարգը բաց է ամբողջ տարվա ընթացքում՝ այն չի փակվում, քանի որ երեխայի կրթության իրավունքը պիտի հնարավոր լինի իրացնել ցանկացած պահի: Ծնողները կարող են գրանցել իրենց երեխաներին նոր ուսումնական տարվա համար մինչև սեպտեմբեր, այնուհետև, եթե տարվա ընթացքում կլինեն դեպքեր, երբ մարդիկ կգան, և կարիք կունենան այդ պահին երեխային գրանցել որևէ դպրոցում, համակարգը այդ հնարավորությունը կընձեռի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---