Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Մեծն Նիկոլը մերժեց գողական օրենքների գոյությունը էս երկրում…. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով թեժ զարգացումներ են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական քննությունը: Եվ այս նիստն առանձնացավ թեժացած կրքերով ու դատաքննության ավարտի հայտարարությամբ, ինչպես նաև՝ մեղադրողի և Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի մեղադրական ճառերով, ամբաստանյալների ու նրանց մերձավորների ընդվզումներով:

Հիշեցնենք, որ նախորդ նիստից առաջ տուժողի իրավահաջորդի՝ Երրորդմասցի Լյովիկի հայրիկի՝ Միհրան Ղազարյանի կողմից նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, սակայն ինքը՝ Միհրան Ղազարյանը, դատական նիստին ներկա չէր, միջնորդությունը այդ պատճառով չքննարկվեց:

Դատական այս նիստին ներկայացել էին դատավարության հիմնական կողմերը, նաև՝ Միհրան Ղազարյանը, ով պնդեց նախագահողին ինքնաբացարկի միջնորդությունը:

Նախ՝ միջնորդության տեքստն ընթերցվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ փաստաբան Երեմ Սարգսյանի կողմից:

Տեքստում նախ նշված էր, որ այս գործով նախագահող դատավորը պատշաճ քննություն չի իրականացնում: Այնուհետև առաջադրված էին հարցեր, որոնց, ըստ միջնորդության հեղինակի, դատարանը չէր անդրադարձել: Պետք է ասել, որ թվարկված հարցերի մի մասը դատարանի լիազորությունների մեջ չէր մտնում, մասնավորապես՝ արդյո՞ք քրեական գործում ներգրավված են սպանությունների համար մեղավոր բոլոր անձինք, արդյո՞ք կատարված է սպանությունների բոլոր հանգամանքները բացահայտող բազմակողմանի քննություն և այլն:

Այնուհետև նշված էր, որ տուժողի իրավահաջորդի կարծիքով՝ նախագահողը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում ամբաստանյալների նկատմամբ՝ անուշադրության մատնելով գործի համար կարևոր հանգամանքները, ամբաստանյալների դրսևորած վերաբերմունքը իր՝ տուժողի իրավահաջորդի նկատմամբ:

Ըստ վերջինիս՝ նախագահողը «ջանք չի խնայել» ամբաստանյալներին տարբեր եղանականերով «օգնելու» համար՝ ի վնաս տուժող կողմի շահերի:

Տուժողի իրավահաջորդ Միհրան Ղազարյանը իր կողմից ավելացրեց. «Էսպես ճիշտ չէ… Հիշում եմ՝ Նոր տարվա մոտերքին էր՝ նախագահող դատավորը ամբաստանյալներին ասաց. «Տղանե՛ր, խելոք մնացեք, որ Նոր տարուն տուն գնաք…»… Ես երիտասարդ եմ կորցրել… Ի փառս Նիկոլի՝ մենք դուրս ենք եկել 2 տասնամյակ տևած գողական մտածողությունից, ու դա շատ լավ ա… Հիմա գողականները ծակ են ման գալիս, որ թաքնվեն… Ի՞նչ է կատարվել դատական նիստերի ժամանակ՝ ոտքի՛, դատարանը եկավ, ոտքի՛, դատարանը գնաց… Ուրիշ ոչ մի բան…»:

Երբ տուժողի իրավահաջորդը մտքեր էր արտահայտում «գողական մտածողության» վերացման մասին, դատարանի դահլիճում շշուկներ ծայր առան, ապա մի տղամարդ տուժողի իրավահաջորդի վրա գոռաց. «Քո զավակը, որ էդքան մարդ կորցրեց, բան չե՞ս ասում»:

Տուժողի իրավահաջորդը ի պատասխան նույնպես սկսեց գոռալ, այդ ընթացքում նախագահողը դահլիճից դուրս հրավիրեց նիստը խանգարած քաղաքացուն, իսկ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը՝ «Ծգըլը» հայտարարեց, որ դա իր հայրն էր:

Նա հայտարարեց. «Մենք շատ ուրախ ենք, որ Նիկոլն ա էկել, ուրախ ենք, որ օրենքով լինի ամեն բան… Մենք էլ ենք տանջվում, որ երիտասարդներ են սպանվել, բայց մենք կապ չունենք…»:

Տուժողի իրավահաջորդը բացականչեց. «Կարող ա՞ այլմոլորակայիններն են սպանել: Բա ո՞վ ա, եթե իրանք չեն…»:

Ամբաստանյալները տեղից բացականչեցին. «Շառ ա էս մարդը», «Առաջին մարդասպանը դու ես»:

Տուժողի իրավահաջորդը հակադարձեց. «Ինչո՞վ կապացուցես…»:

Պատասխանը եղավ. «Պռոստը հարգում եմ քո տարիքը…»:

Տուժողի իրավահաջորդը կտրեց. «Մի՛ հարգի, ես տղա եմ կորցրել… Ա՛յ տղա, 14 հատոր գրված ա ձեր մասին…»:

Ամբաստանյալները նրան պատասխանեցին. «Խելացի մարդ եք, չե՞ք հասկանում, որ մենք չենք…»:

Տուժողի իրավահաջորդը հայտարարեց. «Թող այսօրվանից մեր օդերևութաբանական ծառայությունները հայտարարեն, որ Մարսից, Վեներայից վայրէջք են կատարել այլմոլորակայիններ ու կատարել են էս սպանությունները…»:

Ամբաստանյալ Վահան Հակոբյանն ասաց. «Մենք էլ ներվեր ունենք…»:

Նախագահող դատավորը դիմեց տուժողի իրավահաջորդին. «Ես ուրախ կլինեի, եթե սկզբից էլ էսպես հռետորական ելույթներ ունենայիք… Ես ուղղակի հարգում եմ ձեզ ու ձեր նկատմամբ միջոցներ չեմ կիրառում… Առաջինը դուք պիտի ձեզ պահեք պատշաճ, հիմա դո՞ւք եք խանգարում նիստի բնականոն ընթացքը, թե՞ ուրիշները…»:

Երրորդմասցի Լյովիկի հայրն ասաց. «Ես երկու տարի լռել եմ…»:

Նախագահողը բացատրեց. «Ցանկացած պահի կարող եք խոսք խնդրել, խոսել… Եթե գործը երկու ամսում քննվեր, պիտի հակառակն ասեիք: Գործը մանրամասն քննվում է, էլի դժգոհ եք… Դուք գոնե հասկանո՞ւմ եք ձեր միջնորդության իմաստը… Եթե վրդովվել եք գործի քննության ձգձգումների պատճառով, ապա եթե դատարանը բավարարի ձեր միջնորդությունը, դեռ երեք տարի էլ կարող են նիստեր լինել… Դուք պարտավոր եք հարգել դատարանին… Հասկանում եմ, ծնող եք, զավակ եք կորցրել, այլապես միջոցներ կձեռնարկեի… Առանց դատարանի թույլտվության մի՛ խոսեք…»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը միջամտեց. «Տուժողի իրավահաջորդը առանց թույլտվության չի խոսել, նա միջնորդություն էր ներկայացնում»:

Տուժողի իրավահաջորդը նեղացավ. «Ես մինչև հիմա լռել եմ, էլի կլռեմ»:

Նախագահողն ասաց. «Ես զարմացա՝ երկու տարի այլ մարդ էիք, հիմա այլ մարդ դարձաք»:

Տուժողի իրավահաջորդը բացատրեց. «Համբերությունս սպառվեց»:

Նախագահողը կոչ արեց. «Կրքեր մի՛ բորբոքեք, հարգեք իրար…»:

Մեղադրող Ա. Արամյանը միջնորդության վերաբերյալ ասաց. «Միջնորդությունը բավարարելու հիմքեր չկան»:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց. «Էսքան անհիմն միջնորդություն ես դեռ չէի լսել… Ընդհանրապես չհասկացա՝ ինչի՞ց ա բողոքում տուժողի իրավահաջորդը… Եթե ինքը շահագրգռված էր գործի քննությունը չձգձգելու համար, միջնորդությունը ներկայացնելու օրը պիտի դատական նիստին ներկա լիներ… Երբ միջնորդության բովանդակությունն էր հրապարակվում, հասկացա՝ դա մեր նիստերին չի վերաբերում… Ի՞նչ բազմաթիվ միջնորդություններ է արել տուժող կողմը, որ դատարանն էլ չի բավարարել… Ճիշտ կլիներ՝ մենք նախագահողին ներկայացնեինք ինքնաբացարկի միջնորդություն՝ մենք ենք բազմաթիվ միջնորդություններ ներկայացրել, որոնք չեն բավարարվել, նախագահողը ակնհայտորեն ցույց է տվել իր շահագրգռվածությունը տուժող կողմի նկատմամբ… Կարծում եմ՝ միջնորդությունը գրողը իրավաբան չի եղել, քանի որ բարձրացված հարցերը դատարանին չէին վերաբերում՝ ի՞նչ մեղադրանքների մասին էր խոսվում, որ տվյալ գործով մեղադրանքի ծավալի մեջ չեն մտել… Ծնողը, որ երեխա է կորցրել, ուզում է, որ սպանողները պատժվեն… Բայց քրեական գործի 14 հատորներում ի՞նչ ա գրված, մի՞թե պարզ չի, որ ամբաստանյալները չկան դրա մեջ… Այլ խնդիր է՝ տուժողի իրավահաջորդն ուզում է, որ ցանկացած մեկը պատժվի՞, թե՞ պատժվեն հենց մեղավորները…»:

Տուժողի իրավահաջորդը ոտքի կանգնեց ու պաշտպան Լուսինե Սահակյանին նկատի ունենալով, հայտարարեց. «Եթե սա 100 տարի առաջ ծնված լիներ, Հիտլերին էլ դատարանից կազատեր՝ տենց լեզու ունի… Սահման գոյություն ունի, վերջապես…»:

Նախագահողը բացատրական աշխատանք տարավ. «Ամեն մարդ իր աշխատանքն է կատարում, բա լեզու պիտի ունենա, ի՞նչ պիտի ունենա պաշտպանը, կարող ա՞ գանգուր մազեր պիտի ունենա… Հիշեք՝ դուք՝ էս կողմում նստածներդ, մեղադրում եք, նրանք՝ էն կողմում նստածները, պաշտպանվում են…»:

Լուսինե Սահակյանն իր խոսքը շարունակեց. «Մամուլը հրապարակումներ է կատարել, որ բազմաթիվ սպանությունների էլ տուժողի իրավահաջորդի տղան էր խառնված… Ինչ-որ հերքումներ չտեսա… Այ, ինքը հիմա բարկացավ, բա էն մարդը, որի տղան ապօրինի էսքան նստած ա՝ չպիտի՞ բորբոքվի… Տուժողի իրավահաջորդի միջնորդությունը նման բովանդակությամբ ենթակա է մերժման…»:

Ամբաստանյալ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկը», միջնորդության վերաբերյալ ասաց. «Մի հատ հասկանայինք էլի… Մենք ոչ մի բան չենք արել ու նստած ենք… Ինքը որտեղի՞ց գիտի, որ մենք ենք արել… Դուք շարունակեք դատել՝ էսքան դատել եք, սրանից հետո մի իրեք տարի է՞լ էթա էս պրոցեսը… Սադի՞ստ ա էս մարդը…»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդության վերաբերյալ ասաց. «Քանի որ տուժողի իրավահաջորդը պրոֆեսիոնալ իրավաբան չէ, միգուցե հարցերի մի մասը դատարանին չէին վերաբերում… Բայց ես միանշանակ համամիտ եմ, որ դատարանը տուժող կողմի մոտ համոզմունք է ձևավորել, որ կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալների նկատմամբ… Ես էլ եմ հիշում ձեր խոսքը ամբաստանյալներին՝ խելոք մնացեք, որ մինչև Նոր տարի տուն գնաք… Եթե ես, որպես իրավաբան, կարող եմ հասկանալ ասվածը, ապա տուժողի իրավահաջորդը այդպիսի խոսք լսելով՝ կարող է մտածել, թե դատարանը կանխակալ վերաբերմունք ունի… Դատարանը իր վարքագծով պիտի այն կարծիքը ձևավորի, որ անկանխակալ է… Տուժողի իրավահաջորդը մանրամասն ուսումնասիրել է քրեական գործի նյութերը, համապատասխան փուլում կներկայացնի, թե որտեղից է իր համոզմունքը, որ հենց ամբաստանյալներն են մեղավոր…»:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ ու քիչ անց մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Քանի որ կողմերը այլ միջնորդություններ չունեին, դատարանը այս գործով դատաքննությունն ավարտված հայտարարեց:

Նախագահողը ճառի համար խոսքը տվեց մեղադրող դատախազին, ով տեղնուտեղը հանեց պատրաստ ճառը ու հրապարակեց:

Ըստ մեղադրող Ա. Արամյանի՝ գործի քննությամբ հիմնավորվել է երեք ամբաստանյալների մեղավորությունը առաջադրված բոլոր մեղադրանքներում:

Դատախազը վերլուծեց՝ ինչպես է ամբաստանյալների եռյակի կողմից նախապատրաստվել սպանությունը: Նախ նշվեց, որ Վահան Հակոբյանն ու նրա շրջապատը հակասություններ՝ «անձնական անհանդուրժողական հարաբերություններ» են ունեցել Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների հետ, ապա մանրամասն ծրագրվել է սպանությունը՝ ամբաստանյալները առանձնատուն են վարձել Նորքի այգիներում, մի քանի ամիս ապրել են այնտեղ, հանցագործության գործիքներ՝ երեք ինքնաձիգներ են ձեռք բերել, գողացված մեքենա… Ընդ որում՝ սպանության գործիք ինքաձիգները դեպքից հետո թողնվել են «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակա տարածքում: Երեք ամբաստանյալները դեպքի օրը, իմանալով, որ Երրորդմասցի Լյովիկն ու նրա ուղեկիցները պետք է այցելեն «Նուբարաշեն» ՔԿՀ, մի քանի ժամ շուտ գնացել են ՔԿՀ, ավտոկայանատեղիում դիրքավորվել ու դարանակալել են:

Երբ Երրորդմասցի Լյովիկը հասել է ՔԿՀ ու իջել է մեքենայից, նրա կողքինէ եղել Դրաստամատ Թադևոսյանը, Մեսրոպ Նազարյանցը մոտեցել է նրանց, այդ ժամանակ երեք ամբաստանյալները դիմակավորված իջել են մեքենայից՝ յուրաքանչյուրի մոտ մի ինքնաձիգ, ու կրակ են արձակել: Դեպքի վայրում արձակվել է մոտ 82 կրակոց՝ 37-ը՝ մի ինքնաձիգից, 30-ը՝ մյուս ինքնաձիգից, 15 կրակոցը՝ երրորդ ինքնաձիգից: Այդ ինքնաձիգերից երկուսի վրա հայտնաբերվել են ամբաստանյալներից երկուսի գենետիկ հետքերը…

Սպանություններից հետո ամբաստանյալները ոտքով են հեռացել դեպքի վայրից, տարբեր մեքենաներով հասել են Ավան-Առինջ՝ «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակ, որտեղից նրանց մեքենայով տարել են Նորքի այգիներում վարձակալած առանձնատուն:

Դատախազը պնդեց՝ այս գործով բոլոր ապացույցները ձեռք են բերվել օրենքի պահպանմամբ: Ամբաստանյալների տեղաշարժը տեսանկարահանվել է տարածքների տեսանկարահանող սարքերով, այդ տեսագրված նյութերը հաստատվել են վկաների ցուցմունքներով, ճանաչման ներկայացվելու գործողություններով…

Ըստ դատախազի՝ պատշաճ դատավարական ընթացակարգով ձեռք բերված ապացույցները պատշաճ ընթացակարգով էլ հետազոտվել են դատարանում: Ձեռք բերված ու հետազոտված ապացույցների համակցությամբ էլ մեղադրողը եզրակացրեց, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքները հիմնավոր են, նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ կատարած ծանր հանցագործությունների համար, որոնց հանրային վտանգավորության աստիճանը բարձր է:

Մեղադրողը միջնորդեց՝ երեք ամբաստանյալներին՝ Վահան Հակոբյանին, Սարգիս Գրիգորյանին ու Սարգիս Հախանումյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես մանրամասն վերլուծեց գործում առկա ապացույցները՝ նախ նշելով. «Սարսափելի իրադարձություն է կատարվել, ողբերգություն է տեղի ունեցել 2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքում՝ երեք երիտասարդներ զրկվել են կյանքից… Դժբախտացել են նրանց ընտանքիները… Նման հանցագործությունը չի նկարող մնալ անհետևանք…»:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ գործի քննությամբ մի բան ակնհայտ է՝ կասկածի տակ դնել հնարավոր չէ ամբաստանյալների մեղավորությունը, այն անհերքելիորեն ապացուցված է… Պաշտպանական մարտավարությունը հետևյալն է եղել՝ ամբաստանյալները հրաժարվել են ցուցմունքներ տալուց, իսկ պաշտպանները վիճարկել են ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունը:

Երեմ Սարգսյանը հիշատակեց օպերատիվ-հետախուզական գործողությունների վերաբերյալ գրություններ, որոնք գործով ապացույց չեն, բայց բացահայտում են սպանությունների շարժառիթը, այն է՝ լարված հարաբերությունների առկայությունը Թոխմախի Մհերի, նրա փեսայի ու որդու, Վստրեչի Ապերի, նաև՝ նրանց միջավայրից՝ Վահան Հակոբյանի՝ մի կողմից ու մյուս կողմից՝ Երրորդմասցի Լյովիկի ու նրա շրջապատի միջև:

Փոխադարձաբար առևանգումներ ու դաժան ծեծեր են եղել, հայհոյանքներ, որոնք տեղ են հասցվել… Թոխմախի Մհերի փեսան, որդին,Վստրեչի Ապերը Երրորդմասցի Լյովիկին բանավոր «ուղերձ» են ուղարկել՝ երկրի տերերն իրենք են, ինչ կուզեն՝ կանեն…

Երեմ Սարգսյանը, ներկայացնելով, թե ինչ մանրամասն են ծրագրվել սպանությունները, ինչպես են հետևել Երրորդմասցի Լյովիկի ու նրա շրջապատի մեքենաների տեղաշարժին, հիշատակեց մեքենաների համարներով ու նրանց տեղաշարժի վերաբերյալ գրառումներով այն թուղթը, որ հայտնաբերվել է Սարգիս Հախանումյանի տան խուզարկության ժամանակ: Ընդ որում՝ Հախանումյանի կողմից չի բացատրվել, չի պարզաբանվել՝ ինչ էր անում այդ թուղթը իրենց տանը, ինչի՞ համար են տեղեկատվություն հավաքել…

Երեմ Սարգսյանը հիշատակեց գործի քննության ընթացքում կատարված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները՝ համընկնումները, որ ի հայտ են եկել կատարված փորձաքննություններով…

Պաշտպանական կողմի վիճարկումը՝ տեսագրություններում ամբաստանյալների դեմքերը չերևալու հետ կապված՝ Երեմ Սարգսյանը հերքեց՝ դրանց վերաբերյալ վկաների ցուցմունքներով, ճանաչման արձանագրություններով…

Երեմ Սարգսյանը նշեց՝ ամիսներ շարունակ մանրամասն ծրագրվել է երեք անձի սպանությունը, երեք ամբաստանյալներից յուրաքանչյուրի մոտ ինքնաձիգ է եղել, յուրաքանչյուրը կրակ է արձակել…

Երեմ Սարգսյանը միայն պահանջեց, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, իսկ պատժաչափի վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունքը թողեց իր վստահորդին՝ տուժողի իրավահաջորդի՝ Երրորդմասցի Լյովիկի հայր Միհրան Ղազարյանին:

Վերջինս իր զգացմունքային խոսքում նախ նշեց, որ իր որդին երեք տուն էր գրավ դրել, «Գազելներ» էր ձեռք բերել ու բացել էր երկու երթուղային գիծ՝ համար 63 և 205, սպասարկել էր մարդկանց, բենզակայան էր բացել, ինչպես նաև «բեռնված» «Գազելներ» էր ուղարկել Արցախ՝ հորն ասելով, թե դա անում է հանուն Հայրենիքի… Իր որդուն կյանքից զրկել են «նախանձի» պատճառով. «Իմ տղան օգնել է բոլորին… Ճաշարան էին բացում՝ չունևորների համար… Ես բոլոր թղթերը հավաքել եմ… Էս գործով ամեն բան ապացուցված է՝ էփած հավի ծիծաղը կգա չհիմնավորված համարողների վրա… Էս մարդիկ՝ ամբաստանյալները, հասարակության համար պիտանի չեն… Ես չեմ անիծում, Աստծուց խնդրում եմ՝ էդ մարդիկ թող նույն բախտին արժանանան՝ ծաղիկ դնեն իրենց երեխաների գերեզմանին… Ես չեմ կարողանում հանգիստ քնել… Ես պահանջում եմ՝ հանուն ձեր երեխաների… Մեծն Նիկոլը բոլորին հանգեցրեց այն մտքին, որ գողական օրենքները էս երկրում չպիտի գործեն… Ես խստագույն պատիժ եմ պահանջում… Ուրիշ պահանջ չունեմ՝ միայն պատիժ եմ պահանջում…»:

Դատարանում ճառերով պիտի հանդես գան նաև մյուս երկու տուժողների իրավահաջորդները, ովքեր ժամանակին դիմել են դատարան՝ իրենց բացակայությամբ քննությունը անցկացնելու խնդրանքով, նրանք դատարան չէին գալիս: Դատարանը հիմա կծանուցի նրանց՝ տեղեկացնելով, որ քննությունը ավարտական փուլում է, նրանք պետք է ներկայանան ու իրենց դիրքորոշումը հայտնեն դատարանում:

Հաջորդ նիստին պարզ կլինի՝ մյուս տուժողների իրավահաջորդները կներկայանա՞ն դատարան, իրենց խոսքը կասե՞ն:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ բոլոր իրավահաջորդներին լսելուց հետո կպատրաստվի պաշտպանական ճառին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացած Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում