«Լվացքի մեքենան». Ադրբեջանից 2 տարում մոտ $3 մլրդ է փոխանցվել Բրիտանիա

«Լվացքի մեքենան». Ադրբեջանից 2 տարում մոտ $3 մլրդ է փոխանցվել Բրիտանիա

PanARMENIAN.Net - Բրիտանական The Guardian-ը հոդվածների շարք է հրապարակել՝ ներկայացնելով տվյալներ Ադրբեջանից դեպի Միացյալ Թագավորություն հսկայական գումարների հոսքի վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2012-ից 2014 թվականներին ադրբեջանական աղբյուրներից Էստոնիայում դանիական Danske բանկի մասնաճյուղի միջոցով դեպի բրիտանական 4 կազմակերպություն փոխանցվել է մոտ $2.9 մլրդ:

Նշվում է, որ սխեման բավական «մտածված ու խելացի» է եղել, քանի որ այս ճանապարհով փոխանցվող գումարներիը հայտնաբերելը բավական բարդ է:Գումարները հիմնականում փոխանցվել են Գլազգոյում տեղակայված շոտլանդական ընկերությունների հաշվեհամարներին՝ այսպիսով հայտնվելով ՄԹ-ում:

Նշվում է, որ այս շոտլանդական ընկերությունները կեղծ են եղել և բացի փողերի լվացումից որևէ այլ գործունեություն չեն իրականացրել: Բացի այդ, դրանց աշխատակիցների ցանկում չկան իրական մարդկանց անուններ: Սեփականատերերը ևս հայտնի չեն:

Հեղինակավոր անգլիական պարբերականը փողերի լվացման այս հսկայական ու տարիներ շարունակ գործող մեխանիզմն անվանել է «Ադրբեջանական լվացքի մեքենա»:

Այս փակ օպերացիաների մասին տեղեկատվությունը տրամադրվել է անանուն աղբյուրների կողմից դանիական Berlingske թերթին, The Guardian-ին, ինչպես նաև մի շարք այլ լրատվական կազմակերպություններին:

Տվյալները պարունակում են ավելի քան 16.000 փակ բանկային փոխանցման վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ երևում են գումարային հոսքերը դեպի բազմաթիվ կազմակերպություններ ու անհատ մարդկանց հաշիվներ, որոնց թվում արդեն իսկ սկանդալների կիզակետում հայտնված գերմանացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն, նախկին ԵԽԽՎ պատգամավոր Էդուարդ Լիտները, Յունեսկոյի ղեկավար՝ Ալիևի ընտանիքի լավ բարեկամ ու Հին Ջուղայի ոչնչացման թեման տարիներ շարունակ կոծկող, Յունեսկոյի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնուն պատկանող կազմակերպությունը, որին փոխանցվել է առնվազն 425.000 եվրո գումար:

Փոխանցող կողմ է նշվում Ադրբեջանի կառավարությունը, Ռուսաստանի կառավարությունը՝ ի դեմս «Ռոսոբորոնէքսպորտ» պետական կազմակերպությունը, որի դերը մանրամասն բացահայտված չէ հոդվածներում, ինչպես նաև Baktelekom MMC կազմակերպությունը, որն անվանումով նման է տելեկոմի ոլորտում գործող կազմակերպությանը, բայց ոչ մի տեղ նրա մասին ոչինչ չի նշվում, չունի նույնիսկ կայք, սակայն որի միջոցով փոխանցվել է մոտ $1.4 մլրդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---