HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը՝ մարտ ամսվա դրությամբ: Ըստ թարմացված տվյալների՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ինչպես և նախորդ ամիս, շարունակում է եզրափակել լավագույն հնգյակը, սակայն նրա վարկանիշային միավորները նվազել են՝ 2797-ից դառնալով 2794:

Հիշեցնենք, որ փետրվարին 35-ամյա հայ գրոսմայստերը հաղթող էր ճանաչվել Ջիբրալթարում կայացած Tradewise Gibraltar Chess մրցաշարում:

Նախորդ ամսվա համեմատությամբ՝ դասակարգման աղյուսակի առաջին հնգյակում գտնվող մյուս գրոսմայստերները նույնպես պահպանել են իրենց դիրքերը: Անփոփոխ առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2843), որին հետևում են ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը (2809), ռուս Վլադիմիր Կրամնիկը (2800) և ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոն (2799):

Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում են նաև ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2789), ամերիկացիներ Հիկարու Նակամուրան (2787) և Ֆաբիանո Կարուանան (2784), հոլանդացի Անիշ Գիրին (2777) և հնդիկ Վիշվանաթան Անանդը (2776):

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն հարյուրյակում բացի Լևոն Արոնյանից ընդգրկվել են Հայաստանը ներկայացնող ևս երեք շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը 2677 միավորով առաջադիմել է մեկ կետով՝ բարձրանալով 66-րդ հորիզոնական, իսկ Վլադիմիր Հակոբյանը նահանջել է մեկ կետով՝ 77-րդ հորիզոնական և 2667 վարկանիշային միավոր: Լավագույն հարյուրյակ է վերադարձել Հրանտ Մելքումյանը, ով 2664 միավորով հանգրվանել է 81-րդ տեղում:

Կին շախմատիստների վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 2413 միավորով 54-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 2403 միավորով՝ 63-րդը: Շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը գլխավորում է չինացի Հու Յիֆանը (2654):

Հավելենք, որ մարտի 10-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 8 գրոսմայստերներ, այդ թվում Լևոն Արոնյանը, կպայքարեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու հնարավորության համար :

Լուսանկարը՝ John Saunders / www.gibchess.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter