1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիա. Կարևոր բարոյական քայլ քաղաքական դրդապատճառներով

Սիրիա. Կարևոր բարոյական քայլ քաղաքական դրդապատճառներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎՍՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի ժողովրդական ժողովը փետրվարի 13-ին միաձայն  ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ «20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող» բանաձևը: Այսպիսով, Սիրիան դարձավ Լիբանանից հետո երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Ըստ նշված հանձնախմբի ղեկավար սիրիահայ պատգամավոր Նորա Արիսյանի՝ 2020թ.հունվարի 20-ին գումարվել էր կառույցի արտահերթ նիստը, որի ընթացքում լայնորեն քննարկվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Այնուհետև, նիստի տեղեկագիրը ներկայացվել է խորհրդարանի նախագահությանը՝ այն խորհրդարանի օրակարգում ներառելու համար: Բանաձևում մասնավորապես նշվում է՝ «Սիրիայի խորհրդարանը դատապարտումևճանաչում է հայերի ցեղասպանության ոճիրը և իր խորը զորակցությունը հայտնում եղբայրական հայ ժողովրդին, ինչպես նաև դատապարտում է պատմական իրողությունը ժխտող և խեղաթյուրող որևէ փորձ` այն համարելով մարդկության դեմ իրականացված ամենածանր ոճիրնեից մեկը»:

Հարկ է նշել, որ սիրիական հակամարտության ողջ ընթացքում, հաշվի առնելով թուրքական իշխանությունների ոչ բարեկամական, անգամ թշնամական դիրքորոշումը և գործողությունները սիրիական իշխանությունների հանդեպ, Սիրիայի Հայ դատի հանձնախմբի և սիրիահայ համայնքային այլ կառույցների կողմից պարբերաբար փորձեր են նախաձեռնվել երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևը առաջ մղելու ուղղությամբ։ Դեռևս 2015թ. մարտի 17-ին Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Այդուհանդերձ, որքան էլ բարեկամական Սիրիա պետության կողմից նախաձեռնված քայլը բարոյական առումով գնահատելի է, բայցևայնպես պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի ազգային ողբերգությունը հերթական անգամ օգտագործվում է՝ որպես Թուրքիային պատժելու կամ պատասխանելու գործիք: ՍԱՀ խորհրդարանի կողմից նման բանաձևի ընդունումը ժամանակային և իրավիճակային առումով համընկնում է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում ընթացող զարգացումների պատճառով թուրք-սիրիական հարաբերությունների ծայրաստիճան սրումով: Շուրջ 1 ամիս է՝ սիրիական կառավարական ուժերը կրկին ակտիվացրել են 2017թ. մայիսին սիրիական հակամարտության կարգավորմանը միտված «Աստանայի ձևաչափով» նախատեսված 4 ապառազմականացված գոտիներից վերջինի՝ Իդլիբ նահանգի վերջնական ազատագրման ռազմագործողությունը, որի հաջողման պարագայում, ըստ էության, հիմնականում ավարտին կմոտենա հակամարտության ռազմական բաղադրիչը: Իդլիբի գործողությունը կասեցվել էր դեռևս 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հաստատված հրադադարի ռեժիմով: Ընտ դրանց՝ Թուրքիան պարտավորվում էր զատել շրջանում գործող ահաբեկչական և չափավոր ընդդիմադիր խմբավորումներին, իսկ ռուս և թուրք զինվորականները համատեղ դիտարկելու էին հրադադրի ռեժիմը: Մինչդեռ անցած շուրջ 1,5 տարվա ընթացքում Անկարան այդպես էլ չկարողացավ իրականացնել իր պարտավորությունները, և սիրիական կառավարական ուժերն իրենց դաշնակիցների, այդ թվում արտաքին՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ,փորձում են վերջնականապես հանգուցալուծել Իդլիբի թնջուկը: Իրավիճակը սրվեց հատկապես անցած 10 օրերի ընթացքում, երբ արձանագրվեցին թուրք-սիրիական անմիջական բախումներ, երկկողմ զոհեր(թուրքական կողմից 14 զինծառայող), նյութական վնասներ:

Արդյունքում պետք է հավաստել, որ սիրիական հակամարտության ողջ ընթացքում թուրք-սիրիական երկկողմ հարաբերություններն այսքան չէին լարվել, նման բնույթի և մասշտաբի ուղիղ բախումներ չէին գրանցվել: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև լարվածությունը մեղմելու նպատակով երկկողմ հարաբերություններում ավանդական միջնորդների՝ Ռուսաստանի և Իրանի ընդգծված կրավորական կեցվածքով, որոնք նախկինում մշտապես կանխել են թուրք-սիրիական ուղղակի առճակատման որևէ հնարավորություն: Իսկ այս հանգամանքն իր հերթին կարելի է հիմնավորել Իդլիբում նաև Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Իրան խորքային հակասություններով, որը դրսևորվում է նաև քաղաքական և հռետորաբանական հարթություններում:Հետևաբար նման պայմաններում, երբ հիմնական բոլոր մակարդակներում ծայրաստիճան սրվել է նաև կողմերի միջև հռետորաբանությունը, իսկ Թուրքիայի խորհրդարանից հնչում են անգամ Դամասկոսը գրավելու վերաբերյալ հայտարարություններ, Սիրիայի խորհրդարանում նախաձեռնվում է Թուրքիայի թշնամական քայլերի դեմ պատասխան գործընթաց:

Չնայած վերոնշյալ օբյեկտիվ հանգամանքներին, այդուհանդերձ, Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի վրա, անշուշտ, իրենց կարևոր ազդեցությունն է ունեցել նաև սիրիահայ համայնքային և հոգևոր կազմակերպությունների, խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորների նպատակաուղղված և հետևողական գործունեությունը: Դրականորեն է ազդել սիրիահայերի սկզբունքային դիրքորոշումն ու հավատարմությունը Սիրիա-հայրենիքի ամբողջականության պահպանման, հակամարտությունը բացառապես խաղաղ եղանակով կարգավորելուջանքերին:

Բացի թվարկվածներից նման գործընթացին էականորեն խթանել է նաև ճգնաժամի ողջ ընթացքում հայ-սիրիական և Հայաստան-Սիրիա հարաբերությունների խորացման իրողությունը: Պաշտոնական Երևանի և հայ ժողովրդի մշտական հոգեբանական, նաև առարկայական՝ տարաբնույթ մարդասիրական օգնության տրամադրման եղանակով զորակցությունը բարեկամ սիրիացի ժողովրդին և նրա հայրենիքն արյունաքամ արած հակամարտության ողջ ընթացքում, հայկական Հումանիտար առաքելության արդեն շուրջ 1 տարի շարունակվող գործունեությունը Հալեպում հավելյալ կերպով նպաստել են այս գործընթացի հասունացմանը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիան նախագահական պետություն է, այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացն իրավական առումով ամբողջական և ավելի ազդեցիկ դարձնելու տեսանկյունից անհրաժեշտ է դրա վավերացումը նաև նախագահի ինստիտուտի մակարդակով:

 

Արմեն Պետրոսյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]