Մատչելիության հղումներ

Շրջիկ առևտրով զբաղվողները վրդովված են առևտրի կետերի հոսանքազերծման կապակցությամբ


«Ուրբաթ օրվանից քաղաքապետարանի առևտրի վարչության կողմից և ՀԷՑ-ի կողմից կատարվել է թիրախավորված արշավ բոլոր շրջիկ առևտրի կետերի հոսանքազերծման նպատակով, հոսանքազերծվել են նաև էն կետերը, որոնք ՀԷՑ-ի հետ թե՛ նախկին կառավարությունում, թե՛ էս կառավարության օրոք ունեցել են հստակ պայմանագրեր, հստակ թույլտվություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց շրջիկ առևտրով զբաղվող Արեն Մելիքյանը։

Մինչև անցած ուրբաթ Արեն Մելիքյանը նախորդ տարվա դկտեմբերի 4-ից զբաղվում էր շրջիկ առևտրով։ ՀԷՑ-ի կողմից հոսանքազրկվելուց հետո՝ աշխատանքը դադարեցված է։

«Իմ և մնացած տնտեսվարողների խնդիրը չի, որ օրենքում բաց կա։ 2004 թվականից գոյություն ունի շրջիկ առևտրի կետեր հասկացությունը, դա նշանակում է, որ յուրաքանչյուր տնտեսվար կարող է զբաղվել դրանով, քանի որ արգելող նորմատիվներ չկան։ Բայց, միաժամանակ, դա տնտեսվարողի խնդիրը չի, որ օրենքը բաց է և իրան չեն տալիս, օրինակ, սննդի լիցենզիա, օրինական հոսանք և այլն։ Բացի էդ հեղափոխության ժամանակ գիտեք՝ ինչ հորդորներ կար միկրոբիզնեսը զարգացնելու, օժանդակելու նկատառումներով։ ժողովուրդ ջան, ներդրում արեք, օգնելու ենք, լավ է լինելու, փոքր բիզնեսով զբաղվեք։ Սե՞նց են օգնում, սե՞նց են օժանդակում, գալիս են հոսանքը անօրինական ձևով անջատում են», - ասաց Մելիքյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը և, ըստ քաղաքապետարանի,արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ դրանք իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ։ Երևանում նման 47 շրջիկ մեքենա է գործում։ Արեն Մելիքյանը պնդում է՝ այսօր սնկի պես աճել են շրջիկ առևտրի կետերը, սակայն ոչ բոլորն են իրենց գործունեությունը ապօրինի իրականացնում, ինչո՞ւ պետք է տուժեն օրինական դաշտում գործողները։

«Իրանք կարային շուտ արտահերթ նիստերով օրենքի ուժ տալ նախագիծը, որից հետո կարգավորումներ մշակել, որից հետո անդրադառնալ կետ առ կետ, որն է համապատասխան թողնել, որը համապատասխան չի հանել, որ փողոցն է համապատասխան, որ լինի, թողնել էդ փողոցը գործող, որը համապատասխան չի, հեռացնել էդ փողոցից, իսկ էս խնդիրն իրանք մատների արանքով նայեցին ու ծառացավ էս խնդիրը, էնքան մեծացավ էս խնդիրը, որ արդեն անարդար մոտեցում տվեցին իրան», - նշեց Մելիքյանը։

Քաղաքապետը ընդգծել է նաև. «Շարժական առևտուրը հենց նրանով է շարժական, որ ամեն օր տարբեր վայրերում ես առևտուր իրականացնում: Շարժական մեքենան, այո, որևէ լարանցում չպետք է ունենա, այդ պարագայում ևս ստացվում է, որ եկել են, կայանել երկարատև գործունեության համար։

Հանրապետության հրապարակի շրջակա տարածքում շրջիկ առևտրով էր զբաղվում նաև Հրաչ Դավթյանը։ Անդրադառնալով քաղաքապետի հայտարարությանն ասաց. «Մնացած տեղերը, երբ որ շրջել ենք տեսել ենք, որ էն գործը, էն պլանավորումը, որ մենք ունեինք, որ պետք է էդքան առևտուր ունենայինք, նմանատիպ տեղերում չի եղել, որ եկանք էս տեղը, ստեղ արդեն կա ու մենք հիմնավորվեցինք ստեղ։ Իմ միակ խնդիրը, օրենքի տեսանկյունից, եղել է հետևյալը, ես չիմացության արդյունքում, որ էս հենասյուները պետք է օգտագործեմ իմ լարերը անկացնելու համար, հենասյուները պատկանում է էլեկտրոտրանսպորտ ՓԲԸ-ին, ես պետք է իրենց հետ պայմանագիր կնքեի վարձակալության, որը իմ չիմացության պատճառով չի կնքվել։ Նույն օրը երբ իմացել եմ, որ տենց բան պետք է լինի դիմում եմ ներկայացրել քաղաքապետարան, որպեսզի պայմանագիրը կնքվի»։

Երիտասարդ տնտեսվարողները վրդովված են, որ նախապես չեն տեղեկացվել իրենց աշխատանքը դադարեցնելու մասին։ Ասում են՝ ունեն գրանցված աշխատողներ, հարկերը պատշաճ վճարում են, ՀԷՑ-ի հետ էլ պայմանագիր են կնքել։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն «Ազատության» հետ զրույցում չթաքցրեց՝ միտումնավոր են հոսանքազրկել առևտրի կետերը, կարծում է՝ դա պայքարի մի ձև է. «Իրենք օգտվել են օրենքի բացից, գնացել պայմանավորվել են մեկը բնակարանի, մեկը ռեստորանի հետ, մեկը ինչ-որ լույսի կամ ՀԷՑ-ին պատկանող այլ աղբյուրներից է օգտվել, սա ընդամենը վերականգնվել է, էսպես ասած, արդարությունը»։

ՀԷՑ-ի հետ պայմանագիր է ունեցել նաև Տիգրան Զալինյանը։ Ասում է՝ իրենք պատրաստակամ են ընդունել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են շրջիկ առևտրով զբաղվելու համար։

«Քաղաքապետարանի ներկայացուցիչներին ասեցի, որ դուք սա անում եք շատ անօրինական, դուք դրդել եք ՀԷՑ-ին, միամիտ հիշել եք, որ դուք մեզ չեք տվել էդ լիցենզիան, էսքան ժամանակ անցավ ու տենց որոշել եք, որ պետք է ՀԷՑ-ին դիմեք, որպես անօրինական բաժանորդների, կարգավորեն։ Մեր բոլորիս ընտրած կառավարությունն է, մեր ընտրած ավագանին է, ի՞նչ տարբերակով են որոշել մեզ աջակցեն։ Եթե էսօրվա դրությամբ նայենք հիմա 42 հոգի, հաշվենք ամեն մեկը երկու հոգի աշխատող ունի՝ 80-100 հոգի գործազուրկ դարձավ ընդամենը մի ուրբաթ օր, մի ժամվա ընթացքում, այսինքն եթե սա օգուտ տալ չէ, ուրեմն սա հատուկ վնաս տալ էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG