«Չի բացառվում, որ այն կողմը, որը հետաքրքրված է դրանում, կրկին ցանկանա ուժերը փորձել, ինչպես 2016 թվականի ապրիլին». Վլադիմիր  Կազիմիրով

168.am-ի զրուցակիցն է ռուս դիվանագետ, 1992–1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

– Պարոն Կազիմիրով, երեք տարի է անցել Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան ռազմագործողություններից հետո: Հակամարտության կարգավորման գործընթացը կրկին շարունակվում է առանց բեկումնային արդյունքների: Ի՞նչ փուլում է գտնվում հակամարտությունը ներկայումս: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում կարգավորման գործընթացում Դուք, որ եղել եք այս հակամարտության պատմության առանցքային համանախագահներից մեկը:

– 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հաղթահարումը շատ կարևոր է, քանի որ, երբ Հայաստանի, Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերը հանդիպեցին Մոսկվայում իրենց  ռուս գործընկերոջ` Վալերի Գերասիմովի հետ, քննարկեցին իրավիճակը, հրադադարի բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին, որից հետո Բաքվի կողմից եղան փորձեր խախտել այդ բանավոր պայմանավորվածությունը: Խախտվել է նաև այն պայմանավորվածությունը, որը կնքվել էր մայիսի 12-ին, 1994 թվականին: Այսինքն` նպատակն էր՝ հեռանալ այն պարտավորություններից, որոնք կողմերը ստանձնել էին հրադադարի պայմանագրով, պաշտոնական, գրավոր, փաստաթղթային կերպով, նպատակն էր՝ այդ կարևոր պայմանավորվածությունը վերածել ավելի պակաս պարտավորեցնող, ավելի պակաս կարևոր բանավոր պայմանավորվածության: Թեև բանավոր պայմանավորվածությունից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս հանդես եկան 1994 թվականի հրադադարի պայմանագրի իրագործման օգտին, և Բաքվի այդ փորձը որոշակիորեն փորձ արվեց չեզոքացնել: Այս հանգամանքը, ըստ իս, շատ կարևոր է:

Հետագայում իրադարձությունները զարգացան արդեն բանակցությունների միջոցով, և այստեղ առաջացել է հարց` պե՞տք է Լեռնային Ղարաբաղը մասնակցի դրանց, թե՞ ոչ: Ամենաշատն ինձ համար է հեշտ խոսել այն մասին, թե 1993-1994 թթ. ինչպես ձեռք բերվեց այդ հրադադարը, և ինչ քայլեր են ձեռնարկվել այն ժամանակ` 1990-ական թվականներին: Բայց Դուք հիանալի հասկանում եք, որ այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց հակամարտության բոլոր երեք կողմերի միջև:

Նույնկերպ 1995 թվականի փետրվարին բոլոր երեք կողմերը ստորագրեցին  հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանագիր: Հակամարտության 30-ամյա պատմության ընթացքում սրանք այն եզակի երկու պայմանագրերն են, որոնք կնքվել են հակամարտության բոլոր երեք կողմերի միջև` 1994-1995 թթ. պայմանագրերը: Ավելին, սրանք անժամկետ համաձայնագրեր են: Դիվանագիտական պրակտիկայում կա համաձայնագրի նման տեսակ` անժամկետ համաձայնագիր, ոչ մի ժամկետ ո՛չ հրադադարի պայմանագրում, ո՛չ էլ ամրապնդման պայմանագրում չկան, դրանք անժամկետ համաձայնագրեր են, սա համընդհանուր միջազգային պրակտիկա է: Այս երկու պայմանագրերը ծայրահեղ կարևոր են:

Այս պայմանագրերին հաջորդած ժամանակահատվածում ԵԱՀԿ-ն շարունակել է բանակցությունները հենց երեք կողմերի միջև: Այդպես էր մինչև 1997 թվականի ապրիլը: Ես արդեն չէի մասնակցում գործընթացին, աշխատում էի Լատինական Ամերիկայում, բայց իմ փոխարեն աշխատող դիվանագետը մասնակցում էր և պատրաստում էր այդ բանակցային ռաունդները 1997 թվականի ապրիլին: Մինչ այդ համանախագահ երկրներն էին Ռուսաստանն ու Ֆինլանդիան, որից հետո փոխվեց, և համանախագահներ դարձան ՌԴ-ն, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան, և նրանք անցում կատարեցին մաքոքային դիվանագիտության, նրանք ժամանակ առ ժամանակ այցելում են տարածաշրջան և վարում բանակցություններ երեք կողմերի ղեկավարների հետ: Բայց այս դիվանագիտության մեջ և՛ դրական, և՛ բացասական հանգամանքներ կան: Դրականն այն էր, որ պետք չէր սպասել բանակցային ռաունդների, կարելի էր յուրաքանչյուր պահի այցելել այս երեք կետեր:

Այս փուլից հետո հայտնվեցին պրոյեկտներ, ինչպիսիք էին փաթեթային կարգավորումը, փուլայինը, ապա հայտնի փաստաթղթեր էին առաջարկվում կողմերին, բայց դրանք չընդունվեցին կողմերի կողմից: 1997-1998 թթ. սկսվեցին ղեկավարների մակարդակով  հաճախակի հանդիպումներ, աշխատանքի ձևը փոխվել էր, բայց դա ռազմավարական փոփոխություն չէր, իսկ ուժերի հավասարակշռությունը ռազմավարական իմաստով նույնն էր, ինչպես պատերազմի տարիներին էր:

Ադրբեջանը, ԼՂ-ն և Հայաստանը՝ սա  ուժերի ռազմավարական  դասավորությունն է, դա նաև այսօր է մնում՝ որպես ռազմավարական: Բայց պատկերացրեք, որ, եթե ռազմական գործողություններ են սկսվում, ապա պարզ է, որ ռազմական գործողություններին մասնակցելու են ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, այլև Լեռնային Ղարաբաղը, այնպես որ, այստեղ է ուժերի ռազմավարական դասավորությունը: Իսկ բանակցությունների վարման ձևի փոփոխությունը տակտիկա է, դրանում չկա ռազմավարական փոփոխություն: Դրանից հետո երկու կողմերն են սկսում հաճախակի հանդիպել, և փաստորեն այդ նոր կոնֆիգուրացիան շարունակվում է 20 տարի, սա պարզապես հնարամտություն էր Բաքվի կողմից, ավելորդ համեստություն՝ Լեռնային Ղարաբաղի կողմից, և թերություն՝ Երևանի կողմից:

Այսպես պատահեց, որ ստացվեց բանակցային գործընթաց առանց Ստեփանակերտի: Ես կարող եմ հակամարտության ամենաթեժ տարիներից բազմաթիվ օրինակներ բերել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը դիմել և համագործակցել հենց Լեռնային Ղարաբաղի հետ, այդ թվում՝ իմ նշած պայմանագրերի շուրջ աշխատանքի ընթացքում: Ինչպե՞ս այս պայմանագրերը ձեռք բերվեցին: Առաջին հերթին՝ Ադրբեջանը հենց Լեռնային Ղարաբաղի հետ էր ստորագրում հրադադար: Ադրբեջանական կողմը դիմում էր ԼՂ-ին, երբ կորուստներ ուներ ռազմական գետնի վրա: Այն փուլի ողջ պատմությունը ցույց է տալիս, որ ֆորմալ կերպով Ադրբեջանը փորձում էր չճանաչել ԼՂ-ն, իսկ իրականում այն, ինչ անում էր, փաստում էր այն, որ ճանաչում էր ԼՂ-ն՝ որպես հակամարտող կողմ:

– Ինչո՞ւ է Ադրբեջանը, ըստ Ձեզ, նման սկզբունքային դիրքորոշում հայտնում Ստեփանակերտի մասնակցության վերաբերյալ, երբ հասկանալի է, որ առանց Ստեփանակերտի ներկայության՝ հայկական կողմը չի բանակցում առանցքային հարցերի շուրջ:

– Հեյդար Ալիևն ինչ-որ հարցերի դեմ էր, բայց համաձայնում էր նաև, իր իրատեսական  քայլերով նա ճանաչում էր ԼՂ-ն՝ որպես կողմ, թեև ջանում էր դրանից ամեն կերպ խուսափել ֆորմալ տեսանկյունից, իսկ իրականում նրա գործողությունները հենց ճանաչում էին ենթադրում: Իսկ Իլհամ Ալիևը փորձում է ցույց տալ, թե նախկինում այդ ամենը չի եղել, իբրև թե բոլորը մոռացել են: Բայց  ոչ մեկը ոչինչ չի մոռացել, ես չեմ կարող մոռանալ, քանի որ շատ ժամանակ ու ջանքեր էր պահանջվում ներդնել ռուսական  միջնորդական առաքելությունից այս հակամարտության կարգավորման համար:

– Ի՞նչ քայլեր ներկայումս պետք է ձեռնարկել Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու համար, որը հայկական կողմի գլխավոր բանակցային օրակարգն է:

– Ես այստեղ կրկին պետք է վերադառնամ հակամարտության ռազմական փուլի փաստարկներին: Ինչո՞ւ, որովհետև ռազմական գործողությունների փուլը 1991-1994 թթ. ընկած ժամանակահատվածը ԼՂ հակամարտության ամենասուր փուլն էր: Համաձայնեք, որ  բանակցությունները մի բան են, իսկ ռազմական գործողությունները` այլ, երբ հարյուրավոր մարդիկ են մահանում և այլ զարգացումներ տեղի ունենում: Բոլորովին այլ է իրավիճակը, երբ խաղաղ պայմաններում են բանակցությունները վարվում: Ուստի ես պնդում եմ, որ ուժերի ռազմավարական դասավորության մասին պետք է դատել այդ շրջանի իրադարձություններից, իսկ այդ շրջանում Ադրբեջանը համագործակցում էր, դիմում էր ԼՂ-ին: Եթե սկսվեն ռազմական գործողություններ, ապա ԼՂ-ն մասնակցելու է դրանց, և միայն երկու կողմը չի լինելու: Ուստի, իհարկե, պետք է դատել հակամարտության ամենասուր  փուլի իրադարձություններից: Հրադադարի պայմաններում բանակցություններն ավելի ստորադաս բնույթ են կրում, եթե համեմատենք պատերազմական իրավիճակին:

– Ներկայումս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացում: ՀՀ վարչապետը նշում է, որ բանակցային գործընթացին բովանդակային բանակցությունների համար պետք է միանա Ստեփանակերտը, Ադրբեջանը դրան դեռ դեմ է, բայց շփման գիծն էլ բավականին փխրուն է: Ի՞նչ եք կանխատեսում բանակցային գործընթացում և շփման գծի  իրավիճակում:

– Իմ սուբյեկտիվ դատողությունն այն է, որ հակված չեմ մտածել լայնածավալ պատերազմի վերսկսման մասին: Բայց միջադեպեր պատահում են, դրանք կարող են շարունակվել:  Հաճախ այն կողմը, որը հետաքրքրված է դրանում, կարող է կրկին ցանկանալ ուժերը փորձել, ինչպես 2016 թվականի ապրիլին: Նման դեպքեր կարող են կրկնվել: Բայց չեմ կարծում, որ հակամարտության կողմերը հետաքրքրված են մեծ պատերազմի վերսկսմամբ:

Կա մեկ կողմ, որը հաճախ սպառնում է ուժ գործադրել, բայց դա նաև ուղղված է սեփական ժողովրդին, դա  ցուցադրական գերհայրենասիրություն է, սուտ, որ մենք չենք համակերպվել, մենք կշարունակենք, մենք պատրաստ ենք վերադառնալ այս հակամարտության կարգավորմանը ռազմական ճանապարհով, թեև բոլոր սկզբունքները հաստատված են, նշվում են 3-ը, ես կավելացնեմ նաև չորրորդը` վեճերի խաղաղ կարգավորում: Դա կրկնում է, բայց նաև ամրապնդում է ուժի չկիրառման սկզբունքը: Սրանք առանցքային են, քանի որ մյուս երկու սկզբունքների հարցում կողմերից յուրաքանչյուրն իր ցանկություններն ունի:

– Որքա՞ն կերկարաձգվեն այս ձևաչափով բանակցությունները:

– Ենթադրություններ չէի ցանկանա անել: Դա կողմերի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործն է: Ես մասնավոր կարծիք եմ հայտնում, արդեն վաղուց թողել եմ դիվանագիտական ծառայությունը, վաղուց թոշակառու եմ, մասնավոր անձ, ուստի այդ հարցով չէի ցանկանա ասել իմ կարծիքը:

Տեսանյութեր

Լրահոս