Մատչելիության հղումներ

Արմեն Ամիրյանն ամփոփեց նախարարության գործունեությունն ավարտվող տարում


Այսօր իր ամփոփիչ ասուլիսին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախ ներկայացրեց նախարարության պատրաստած 4 րոպեանոց մի տեսաֆիլմ, որտեղ տեղ են գտել նախարարության իրականացրած ծրագրերը 2017 թվականին՝ ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառումը օպերային թատրոնում, թանգարաններում, այդ թվում՝ Ազգային պատկերասրահում, արվեստի տարբեր բնագավառներում միջազգային փառատոների կազմակերպում՝ «Ոսկե ծիրան», Մնջախաղի փառատոն, «Ֆրեսկո», «Հայֆեստ», «Երևանյան հեռանկարներ», «Ռեանիմանիա», «Երևան ջազ ֆեստ», «Մյուզիք Դրայվ Ֆեստ», «Նռան հատիկ», «Ռոլան», «Հայկական ներկապնակ»:Այս ամենին գումարած՝ համահանրապետական փառատոներ, խոշոր համերգներ՝ այդ թվում և Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախմբի համերգը Ֆեդոսեևի ղեկավարությամբ, Մաքսիմ Վենգերովի, Ռենե Ֆլեմինգի, Ջոն Մալկովիչի և այլոց համերգները, Ռուսաստանի մի քանի խոշոր քաղաքներում անցկացված Հայաստանի մշակույթի օրերը, որոնց մասնակցել են ավելի քան 250 արտիստներ ու արվեստագետներ Հայաստանից, մասնակցությունը Վենետիկի միջազգային բիենալեին և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, Թեհրանում բացված խոշոր ցուցահանդեսը, ամենատարբեր երգչախմբերի և նվագախմբերի հյուրախաղեր արտերկրում և այլն, և այլն:

Թե՛ թանգարանային, թե՛ թատերական ոլորտներում Մշակույթի նախարարը լուրջ ձեռքբերումներ ներկայացրեց հատկապես հաճախելիության առումով․ - «Տարվա ընթացքում մենք ունեցանք կարևորագույն մի քանի նշանակումներ, վերադասավորումներ, և արդյունքում մենք ստացանք շատ լավ ցուցանիշներ: Միայն Գյումրիի թատրոնի օրինակը բերելով՝ պետք է ասեմ, որ անցյալ տարի Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ունեցել է 11 հազար հանդիսատես, իսկ այս տարվա կիսամյակային հաշվետվությունների ժամանակ մենք արձանագրեցինք, որ 23 հազար հանդիսատես ենք ունեցել 6 ամսվա ընթացքում: Բնականաբար՝ նաև ֆինանսական ցուցանիշները․ շնորհիվ նոր ղեկավարության, նոր ստրատեգիայի, նոր կառավարման մեթոդի, երիտասարդ ղեկավարներ են նշանակված, և շաբաթը վեց օր մենք ներկայացումներ ունենք: 6 ամսվա ընթացքում մենք ունեցել ենք 7 պրեմիերա Գյումրու թատրոնում: Գյումրու թատրոնի ներկայացումները դիտելու համար Երևանից այսօր հանդիսատես է գնում Գյումրի, գիշերում են Գյումրիում, հաջորդ օրը թանգարաններ են այցելում, նոր վերադառնում են Երևան: Ըստ էության, Գյումրու մշակութային սիրտը այսօր բաբախում է Աճեմյանի անվան թատրոնում: Սա, ես կարծում եմ, կարևորագույն ձեռքբերում է»:

Երևանում նույնպես թատրոններից և թանգարաններից շատերը գրեթե կրկնակի ավելացրել են հաճախելիությունը․ - «Սունդուկյան թատրոնի միայն վերջին ամիսների ուսումնասիրությունը՝ ֆինանսատնտեսական, հանդիսատեսի հաճախելիության, գալիս է ապացուցելու, որ մեր նախանշած ճանապարհը շատ ճիշտ էր, և մենք արձանագրել ենք 30 տոկոսից ավելի աճ: Օպերային թատրոնի պարագայում մենք 6 ամսվա մեջ արձանագրեցինք 45 տոկոս հանդիսատեսի աճ: Սա աննախադեպ ցուցանիշ է: Նույնը կարելի է արձանագրել Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երիտասարդական նվագախմբի համար: Ի դեպ, երեկվա Կառավարության որոշմամբ Երիտասարդական նվագախումբը անվանակոչվեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ: Շնորհավորում ենք»:

Հաջորդ տարվա պետբյուջից հատկացումները մշակույթի ոլորտին նվազել են 7 տոկոսով: Արմեն Ամիրյանը համոզված է, սակայն, որ դա մեծ ազդեցություն չի կարող ունենալ, օրինակ, թատրոնների գործունեության վրա․ - «Այս տարվա մեր արձանագրած ֆինանսական հաջողությունները գալիս են ենթադրելու, որ լավ աշխատանքի դեպքում մենք այդ 7 տոկոսը կարող ենք լրացնել մեր իսկ աշխատած գումարներով: Այնպես որ, մտավախությունները տեղին չեն, ընդամենը պետք է աշխատել, լավ ներկայացումներ պատրաստել, նոր պրեմիերաներ պատրաստել, ժամանակակից մեթոդներով հրավիրել, հետաքրքրել հանդիսատեսին, ուղղորդել դեպի թատրոն և ունենալ և՛ ստեղծագործական, և՛ ֆինանսական, և տնտեսական արդյունք»:

Ի պատասխան «Ազատության» հարցին՝ նախարարն առանձնացրեց մշակույթի զարգացման երկու կարևորագույն հիմնախնդիրները․ - «Կառավարումը և այն մոդելը, որը մենք պատկերացնում ենք այսօր: Դա մշակույթի կապիտալիզացիան է, մշակույթի արժեվորումը, որը շատերը շփոթում են առևտրայնացման հետ․․․ Դրանք տարբեր բաներ են: Մշակույթի կապիտալիզացիա՝ արժեվորել, որպեսզի համաշխարհային գետնի վրա մեր մշակույթը դառնա ճանաչելի, սիրելի և գնահատելի: Արժեվորել, որպեսզի մշակույթը ստեղծի հավելյալ արժեք, և այդ արժեքը նորից ներդնել մշակույթի մեջ»:

Նախարարն անդրադարձավ նաև կինոյի և գրահրատարակչական խնդիրներին․ - «Կինոկենտրոնում այս պահին քննարկվում է այն կարգը, թե ինչ չափաբաժիններով ենք մենք ֆինանսավորելու կամ աջակցելու այս կամ այն ուղղություններին: Նկատի ունեմ գեղարվեստական ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմ, վավերագրական ֆիլմ, անիմացիա, այդ թվում նաև դեբյուտներ: Մենք պետք է շատ ավելի շատ հնարավորություն տանք երիտասարդ կինոգործիչներին, նոր առաջարկներին կյանքի կոչելու հնարավորություն տանք»:

Հայտնի, որ ժամանակակից գրողներից շատերը չափազանց դժգոհ են, որ պետպատվերով այլև նախկին նման չեն կարող հրատարակել իրենց գործերը․ այսուհետ միայն գրքի փառատոնի շրջանակներում իրականացվող մրցույթին հաղթող գրողները կստանան պետական աջակցություն: «Ազատության» հարցին, թե արդյոք այսկերպ պետութունը չի խոչընդոտում հայ ժամանակակից գրականության զարգացմանը՝ Մշակույթի նախարարը պատասխանեց․ - «Եթե մենք որոշում ենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում, ուրեմն պատրաստ պետք է լինենք նաև քննադատության և դժգոհությունների: Ո՞նց կարող է պետությունը միտում ունենալ գրողին վնասել․․․ Գրողին վնասելը, իմ կարծիքով, այն պատկերն է, որը մենք տեսանք գրքի ՊՈԱԿ-ի պահեստում: Տասնյակ հրատարակված գրքեր, որոնք անձրևի տակ, բաց երկնքի տակ ծռմռվել էին և սպասում էին իրենց գրադարակներին: Մենք ուզում ենք նույնը շարունակե՞լ, թե՞ փոխել մեր կյանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG