Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հայտնի վճռի դեմ բողոքը: Եթե բողոքը բավարարվի, ապա Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ: Իսկ ի՞նչ կլինի եթե Վճռաբեկ դատարանը մերժի Գլխավոր դատախազության բողոքը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան, Մարտի 1-ի տուժածների և տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ:
«Դատարանի դահլիճում մինչև որոշում կայացնելն անգամ, հասկանալի էր, որ խախտումներով է ընթանում քննարկումը. դա տեսանելի էր երկու տեսանկյունից՝ նախ ուղղվածությունը Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանելն էր, և դատավորը վեճի մեջ էր մտնում մեզ հետ ու դրսևրում իր կանխակալ կարծիքը: Ուղղորդված հարցադրումներ էին, վիճաբանություն, հակադրություններ. այսինքն՝ այն, ինչ խորհրդակցական սենյակում պետք է տեղի ունենար, դատավորը դատարանի դահլիճում ասել-խոսելով արեց: Երկրորդ՝ Վերաքննիչ դատարանի բողոքի քննությունը սահմաններից դուրս էր եկել, այսինքն՝ Ռ. Քոչարյանի պաշտպաններն այլ հիմնավորումներ են ներկայացրել Առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչ դատարանում դրանք ավելացրեցին, ինչի իրավունքը չունեին, և դատարանը լուռումունջ հանդուրժում էր դա: Կարծում եմ այս երկու հիմքն էլ ներառված կլինեն դատախազության բողոքում»,- նշեց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես բողոք է պատրաստում և առաջիկա օրերին կներկայացնի:
Փաստաբանի խոսքով՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը և նրա դրսում հայտնվելը մտահոգիչ է, տուժողները շատ անհանգիստ են. ռեալ վտանգ է ստեղծվել, ապացույցները վտանգի տակ են:
Սեդա Սաֆարյանը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի «կանտռոլով» Քոչարյանի համար կուլիսներում գործարքներ են տեղի ունենում:
Մանրամասն՝ տեսանյութում: