News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից: Այս մասին 168.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին՝ արդյո՞ք նախկին նախագահը հանրապետությունից բացակայելու իրավունք ունի եւ ի՞նչ նպատակով է մեկնում, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. «Այո՛, իրավունք ունի: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախագահ Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որեւէ սահմանափակում չկա: Այնուամենայնիվ, իր ուղեւորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին»:

Վիկտոր Սողոմոնյանը նաեւ նշել է, որ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացնում տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչների հետ, եւ Հայաստան վերադառնալուն պես կշարունակի քննարկումները ձեւավորվող քաղաքական պլատֆորմի վերաբերյալ:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ անցած մի քանի օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը միանգամից երկու հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին: Դիտարկմանը, թե տպավորություն է, որ հատուկ կանգ է առնվում հենց ռուսական մեդիայի վրա, Սողոմոնյանը պատասխանել է. «Նախ՝ պետք է արձանագրել, որ ռուսական մեդիան հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Ակներեւ է, որ այդ ԶԼՄ-ների լսարանը նման պահանջարկ ունի: Հենց դրանով է պայմանավորված նրանց ակտիվությունը, եւ դա միանգամայն հասկանալի է: Բայց պետք է նշեմ, որ ընտրություն կատարելու մեր սկզբունքը որեւէ կերպ պայմանավորված չէ այս կամ այն ԶԼՄ-ի գրանցման վայրով կամ լրագրողի ազգությամբ: Մենք հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ ունենք՝ ինչպես հայաստանյան, ռուսական, այնպես էլ եվրոպական ԶԼՄ-ներից: Ընտրություն կատարելիս փորձում ենք բազմազանեցնել հանրության հետ հաղորդակցվելու ֆորմատները` մեզ եւ տվյալ ԶԼՄ-ին առավել հարմար ժամանակացույցով: НТВ-ի հետ հարցազրույցը հեռուստատեսային էր, «Սպուտնիկ Արմենիայի» հետ` ռադիոհարցազրույց էր: Առաջիկայում նաեւ այլ ձեւաչա­փե­րով հանդես կգանք»:

Տպել
Ամենաշատ