1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճանկարներ են հայտնաբերվել  

Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճանկարներ են հայտնաբերվել

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական արշավախմբի  համատեղ իրականացրած պեղումների արդյունքում Էրեբունու պատմահնագիտական արգելոցում բացահայտվել են նոր տաճարի հիմքեր, որի հետ տաճարների թիվը հասնում է երեքի և հնարավոր է դարձնում այն որակել «պատմամշակութային համալիր»: Իյուբսաի տաճարի առջև գտնվել է գեղեցիկ խճածածկ գետին, ինչն էլ առիթ է տալիս ենթադրել, որ ուրարտական ժամանակաշրջանում տաճարների առջև ծիսակատարություններ անցկացնելու սովորույթ է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին հայտնեցին հնագիտական արշավախմբի ղեկավարներ, մշակութային ժառանգության պահապան Ստեֆան Դեշամը, Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրեն Միքայել Բադալյանը:

Նրանք լրագրողների, ֆրանսիական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ կարճ ճանաչողական այց կատարեցին պեղումների վայրում, խոսեցին պեղումների արդյունքում ի հայտ եկած նոր տվյալների ու դրանց պատմական նշանակության մասին, այնուհետև թանգարանի շենքում առաջին անգամ ներկայացրին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված 3D պատկերները:

 «Այս պեղումները ոչ միայն Հայաստանի պատմության և հնագիտության, այլև ամբողջ Հին Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրման համար են կարևոր:  Պեղումներն ապացուցում են, որ այն, ինչ գիտենք Էրեբունու մասին, պետք է վերարժևորել»,-ասաց Բադալյանը:

Նա ընդգծեց, որ  այս տարի բացահայտել են նոր տաճարի հիմքեր, որը մասամբ բացվել էր 2016 թվականին: «Տաճարի առկայությունն ապացուցում է, որ ինչ-որ փուլում, Էրեբունու կրոնական տարածքն ունեցել է երեք տաճար, որոնք գործել են միաժամանակ` Խալդի տաճարը, Իյուբսաի տաճարը և նոր բացահայտված  ու հզոր հիմքերով տաճարը: Հետաքրքիր էր նաև Իյուբսաի տաճարի դիմաց գտնված ֆանտաստիկ գեղեցիկ խճաքարերով հատակը: Այն կարող է ուշագրավ լինել ոչ միայն հայաստանցիների, այլև զբոսաշրջիկների համար»,- շեշտեց Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրենը:

 Ստեֆան Դեշամի խոսքով` հնավայրում պեղումներ են իրականացվում 1950-60-ական թվականներից: «Որոշ բաներ մասամբ վերականգնվել են 60-ականների վերջին, սակայն մենք որոշեցինք նոր հետազոտություններ անել` գտնելով, որ ամրոցը դեռ նոր բացահայտումների տեղ ունի։ Պեղումները ցույց տվեցին, որ Էրեբունու շնորհիվ կարող ենք վերաիմաստավորել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ժամանակագրական մի քանի փոփոխություններ»,-շեշտեց նա ու հավելեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում հնավայրն ուսումնասիրվել է նորագույն տեխնոլոգիաների  միջոցով:

 Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոռ Սարգսյանը, որը նույնպես մասնակցում էր շրջայցին, նշեց, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը Երևանի այցեքարտն է: Նրա խոսքով` այն 2020-ին պետք է դառնա զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Այդ նպատակով քաղաքապետարանը վերակառուցման, հիմնանորոգման նախագծեր է քննարկելու:

 ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը մեծ կարևորություն է տալիս հնագիտության ոլորտում հայերի հետ համագործակցությանը: «Այս պահին Հայաստանում կա հինգ ֆրանսիական հնագիտական խումբ, որոնցից ամենակարևորը Էրեբունի հնավայրում է: Համատեղ աշխատանքները նպաստում են նաև փորձի փոխանակմանը, ամրապնդում են երկու երկրների համագործակցությունը համալսարանական ոլորտում, քանի որ ուսանողներին հնարավորություն է տրվում պրակտիկա անցնել հնավայրերում: Մեր աջակցությամբ երկու հայ ուսանող այժմ պրակտիկա է անցնում Ֆրանսիայում»,-ասաց դեսպանը:

Նա խոստովանեց, որ բազմիցս եղել է հնավայրում: «Դեսպան նշանակվելուց երկու շաբաթ հետո եկել եմ այստեղ, քանի որ ուզում էի տեսնել այն տարածքը, որի անունով կոչվում է Երևանը»,-եզրափակեց Լաքոթը:

 Հայկական և ֆրանսիական արշավախմբերը Էրեբունի ամրոցի տարածքում համատեղ պեղումներ են իրականացնում 2008 թվականից: Համագործակցությունն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի թանգարանի, Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]