1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը ուժեղանալու է. ՀՀ վարչապետ

2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը ուժեղանալու է. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է  Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված հարուցված քրեական գործին. «Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությունում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականներ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարողանում հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ: Փաստն այն է, որ ունենք ձերբակալված անձինք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե այդպիսի գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազն կասկածելու հիմքեր»:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել գործի վերաբերյալ և նշել, որ երկու շաբաթ առաջ ևս մեկ անձ էր ձերբակալվել, որին  մեղադրանք է առաջադրվել: «Ինչպես նշեցիք՝ երեկ ձերբակալվել է 4 անձ, ապացույցներն այս պահին բավարար են՝ նրանց մեղադրանք առաջադրելու Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասով: Այս պահի դրությամբ մենք, այո, ունենք ապացույցների բավարար համակցություն: Գործով կատարվել են մի շարք խուզարկություններ, ԱԱԾ-ի, Ոստիկանության, Դատախազության հետ համատեղ այդ գործով զբաղվում ենք: 2012 թվականից սկսած բոլոր փաստաթղթերն առգրավվել են, որոնք ենթարկվելու են մանրակրկիտ զննության: Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց հանցանքը կատարելու մեջ: Մոտ օրերս, վաղը կամ մյուս օրը, այդ անձանց կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,-ասել է Հայկ Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում, բայց կարևոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական: «Կարևոր է հասկանալ, թե ի՞նչպես է պատահել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մեխանիզմ է գործել: Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել: Պետք է ամբողջական քննություն տարվի, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի:

Ուզում եմ մի այսպիսի խոստովանություն էլ անել: Շատ դեպքերում, երբ ահազանգերը ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա, երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականն այնքան էլ ճիշտ չի եղել: Պետք է այնպես անել, որ բոլոր հնարավոր կասկածները փարատվեն ու մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետևանքներով»,- նշել է վարչապետը:

 

Բազմազավակ և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողները  ամսական ֆինանսական աջակցություն կստանան

Գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու  մասին»    օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի հանձնարարականից: Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման,   պետության կայունության, առաջընթացի և ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների  ներդրած ավանդի գնահատման արժևորմամբ Օրինագծով առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում: Այդ մեդալով պարգևատրվել է 9 ծնող: Օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազ. դրամ` 9  ընտանիքի տրամադրելու համար:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ երեխաների ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու, նրանց մուտքը հաստատություններ կանխարգելելու, երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու,  ինչպես նաև երեխաներին ուղղված այլընտրանքային նոր ծառայությունների ընդլայնելու նպատակով:  Հիմնավորման համաձայն՝ չորս գիշերօթիկ հաստատություններին տրամադրվող ընթացիկ դրամաշնորհները 2020 թվականից  դադարեցվում է: Ըստ այդմ՝ գործադիրի որոշմամբ առաջարկվում է բյուջեի վերաբաշխում՝ 2019 թվականի նոյեմբեր 1-ից «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառման և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառման շահառուների թիվը ավելացնել 260-ով: Բնաիրային օգնության փաթեթը բաղկացած է էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարներից, շահառու երեխաներին տրամադրվող  հագուստից, կոշիկից  և սննդի զամբյուղից: Սննդի զամբյուղը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կառավարության որդեգրած քաղաքականության, նաև խնայված միջոցների վերաբաշխման արդյունքում իրականացվող միջոցառում է: Անդրադառնալով որոշման հետ կապված բարձրացված աղմուկին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հետաքրքիր է, որ այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ  ընտանեկան արժեքներին հակադրվում է և գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների: Հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ, ասենք, երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը բռնած ի՞նչ են արել, մենք բոլորս գիտենք, այդ թվում՝ կոնկրետ քաղաքական ուժեր»:  

Վարչապետը հիշեցրել է, որ 2003 թվականից ՀՀ-ի պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին բնակարանով ապահովելը ու «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: «Մարդիկ են եղել, որ այդ տարիներին եղել են նախարարներ ձեզ հայտնի կուսակցություններից: Այդ ընթացքում բնակարանաշինություն է տեղի ունեցել մանկատների երեխաներին բնակարանով ապահովելու համար: Իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին: Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք, և պարզվի ինչ-որ բան, ու այդ մարդիկ հայտնվեն բանտում, ստացվելու է, որ նրանք «քաղաքական հալածյալ» են, ճի՞շտ է», - ասել է գործադիրի ղեկավարը:  

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ մի կողմից պետք է խթանել, քաջալերել բազմազավակ ընտանիքներին, մյուս կողմից պետք է երաշխիքներ ստեղծել, որպեսզի այդ բազմազավակ ընտանիքների երեխաները հետագայում չհամալրեն աղքատության շարքերը: «Բայց սրա համար մեզ պետք է լուծել մի ֆունդամենտալ խնդիր՝ նրանք պետք է մրցունակ կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Ընդհանրապես մենք ապագայում աղքատությունից ապահովագրելու միայն մի տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն, տալ այնպիսի կրթություն, որ նրանք ստանան այնպիսի մասնագիտություն, որ աշխատանքի շուկայում կարողանան գտնել աշխատանք: Սա շատ կարևոր է: Չեմ հոգնի այս մասին անընդհատ խոսել, կրթության ոլորտի մեր բարեփոխումների մասին խոսեցինք, քննարկեցինք, քննադատվեցինք, քննադատեցինք, 2020 թվականին մեզ համար պետք է լինի գործողությունների տարի: Ընդ որում,  մեր հայտարարությունների վերաբերյալ՝ սկսած դպրոցական ծրագրերից, վերջացրած բուհական ծրագրերով, մինչև այս պահը որևէ ռացիոնալ հակափաստարկ չեմ լսել: Ընդ որում, չբացառելով, որ պահին կհնչի որևէ ռացիոնալ հակափաստարկ, ինչպես մնացած դեպքերում, մենք կարձանագրենք, կարձագանքնեք այդ հակափաստարկին, բայց պետք է գնանք հանրակրթության խորքային և բովանդակային փոփոխության»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Հեղափոխական նշանակության փոփոխությունների մեկնարկ՝ առողջապահության ոլորտում

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ կապահովվի  պետության  երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օղակում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման առավել հասանելիությունը, կստեղծվի ճկուն մեխանիզմներ՝ դեպքերի ֆինանսավորումն իրականացնելու և չփոխհատուցվող դեպքերը բացառելու, հերթգրման մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է վերանայել պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի առանձին ծրագրերով փոխհատուցման սկզբունքները և ներդնել ֆինանսավորման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Այդ դեպքում պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից «Զինծառայողներին, ինչպես նաև   փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցումը կիրականացվի  փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան տվյալ ծրագրի համար ՀՀ պետբյուջեով սահմանված տարեկան գումարը:

Որոշմամբ առաջարկվում է նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների ցանկում ընդգրկել ևս մեկ խումբ` ավելացնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց, ինչպես նաև ընդլայնել ախտորոշված չարորակ նորագոյացություններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումից պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցողների շրջանակը: Ընդլայնվում է նաև «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրից պետպատվերի շրջանակում օգտվելու իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Փոփոխության արդյունքում 2020 թ-ից ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ մինչև 18 տարեկան բոլոր երեխաները` նախկին մինչև 7 տարեկան և սոցիալապես անապահով ու առանձին/հատուկ/ խմբերում ընդգրկած երեխաների փոխարեն:

Վարչապետն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել, որ դրանով  տրվում է 10 տարի շարունակ քննարկվող թեմաներից մեկի մերկարկը: «Միշտ ասվում էր և արդարացիորեն, թե ինչու եք պետպատվերի գումարները տալիս հիվանդանոցներին: Մարդը թող ինքն ընտրի, թե իրեն հասանելիք պետպատվերով ծառայությունը որ հիվանդանոցում ստանա: Ըստ այդմ՝ պետական բյուջեից գումարը փոխանցվի այդ հիվանդանոցին: Այս հարցը երկար ժամանակ ՀՀ-ում չէր լուծվում, դրա համար կային և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն էր, որ,  այնուամենայնիվ, պետպատվերի համար հատկացված գումարները չէին բավականացնում պետպատվերի բոլոր շահառուներին սպասարկելու համար: Նախկինում էլ այդպիսի դեպքեր եղել են, երբ հիվանդանոցին տրվել է պետպատվերի, ենթարենք, 100 մլն դրամ, և այդ 100 մլն դրամն ավարտվել է տարվա կեսին՝ սեպտեմբերին, հոկտեմբերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հարցն ունի նաև շատ կարևոր քաղաքական նշանակություն. «Միշտ հարց է ծագում, դրա շուրջ փոթորիկներ են լինում, թե ինչո՞ւ այս հիվանդանոցին տրվեց այսքան, մյուս հիվանդանոցին տրվեց այնքան, ինչու այս հիվանդանոցին հատկացվող գումարը ավելացվեց, ինչու այս հիվանդանոցինը՝ պակասեցվեց: Երբ մենք այս համակարգն ամբողջությամբ ներդնենք, այս խոսակցությունն ուղղակի արմատախիլ կլինի, որովհետև այլևս նախարարը և կառավարությունը չեն որոշի, թե որ հիվանդանոցը պետպատվերից ինչքան գումար է ստանում: Դա կորոշի քաղաքացին, ով այդ ծառայությունը ստացել է, և առողջապահական հիմնարկները ստիպված կլինեն նաև բարձրացնել իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը, մանավանդ, որ մենք այդ ծառայությունների գները նույնպես ավելացրել ենք: Կարծում եմ, որ սա առողջապահական ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություն է, որը մեկնարկել է»:

 

Միջոցները պետք է ուղղել նպատակային,  գյուղատնտեսության մեջ բովանդակային փոփոխություն բերող վարկավորմանը. վարչապետ

Գործադիրը հաստատել է «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարությունը:

Առաջիկա տասը տարիների տեսլականն է գյուղական տարածքների ներառական զարգացումը և բարգավաճումը, գյուղական երիտասարդության զբաղվածության ապահովումը, կլիմայական փոփոխություններին հարմարվողականությունը, երկրի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, պարենային ապահովության բարելավումը և սննդամթերքի անվտանգության լավագույն համակարգի ներդնումը, գյուղատնտեսական բարձրարժեք ապրանքների արտահանման խթանումը։  Արդյունքում նախատեսվում է ավանդական փոքրածավալ արտադրությունից անցում կատարել  դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության։ Կայուն զարգացման ռազմավարությունը հիմնված է յոթ սկզբունքների վրա և միտված է ներառական աճին, գենդերային հավասարությանը և ինստիտուցիոնալ կայունությանը: Այդ սկզբունքները վերածվելու են նպատակների և դրանցից բխող միջոցառումների՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները։

Կառավարության մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարվել պետբյուջեի շրջանակում՝ գյուղատնտեսության աջակցության ծրագրերի միջև: Մասնավորապես, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրն իրականացվում է նախատեսվածից ավելի մեծ ծավալով: Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված տվյալների համաձայն, 2019 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ տրամադրվել է շուրջ 32.8 մլրդ դրամ գումարով 8380 միավոր վարկ նախատեսված 21.7 մլրդ դրամ գումարով 5094 միավոր վարկի փոխարեն: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից սուբսիդավորվող տոկոսների գումարն ավելացնել 100 մլն դրամով:  Ծրագրով՝  ընդհանոր բնույթի աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսություններին: Վարկի նվազագույն գումարը կազմում է  3 մլն դրամ, առավելագույնը՝ 15 մլն դրամ: Կառավարությունը սուբսիդավորում է 12 տոկոսային կետից 7-ը:   

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր խնդիրն է, այսպես ասած, ավանդական վարկավորման այդ փաթեթից միջոցներն ուղղել նպատակային,  մեր գյուղատնտեսության մեջ բովանդակային փոփոխություն բերող վարկավորմանը: Սա շատ կարևոր է, և մենք սրա համար ամեն ինչ պետք է անենք: Իհարկե, հասկանալի է, որ այդ բովանդակային ծրագրերի մեծ մասն այս տարի ենք սկսել, դա դեռ պետք է արագություն հավաքի: Բայց մենք պետք է շատ կոնկրետ այս խնդիրը լուծենք, որովհետև այս վարկավորման մեջ ավանդական ցիկլը, ցավոք, շատ է լինելու՝ վարկ վերցրեցի, ցորեն ցանեցի, կարկուտը տարավ, հիմա նոր վարկ պիտի վերցնեմ, որ հինը փակեմ, հետո նորից ցորեն ցանեմ, տեսնեմ կարկուտը կտանի՞, թե՞ ոչ: Դրա համար հիմա պետք է բովանդակային փոփոխություն, ապահովագրություն և այլն: Ընդհուպ մինչև նախորդ օրը, ռազմավարության շրջանակում քննարկել ենք, որ գյուղացիներին պետք է նաև բովանդակային օժանդակություն ցույց տանք, որովհետև այդ հուսահատ ցիկլը միևնույն է չի հաղթահարվի, եթե գործիքակազմի, գիտելիքի հմտության և իմացության փոփոխություն տեղի չունենա: Լավ, մի տարի կարող է կարկուտ չգա, նույնիսկ երկու տարի, բայց սրանով իրականությունը, գյուղացու կենսամակարդակը չի փոխվելու, հետևաբար, այստեղ էլ կրթական խնդիրը շատ կարևոր է: Ընդ որում, կրթություն ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն ակադեմիական գիտելիքը. հողից շահույթ ստանալու գիտելիքը նույնպես շատ կարևոր է»:

 

2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է. վարչապետ

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է մեղմել ՀԴՄ կիառության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափը, մասնավորապես՝ հանրային սննդի ոլորտում: Ներկայացնելով մի շարք դիտարկումներ՝ գործադիրը  նախագիծը ներկայացված ձևով ընդունելը համարել է  ոչ նպատակահարմար:

Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ կառավարության ծրագրով, որպես ծրագրային դրույթ, ամրագրվել է ստվերային շրջանառությունների կրճատումը և նշյալ ծրագրային խնդրի լուծման համար առանձնակի կարևորվել է տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը՝ կառավարությունը գտնում է, որ ՀԴՄ-ների կիրառության խախտումների մասով իրականացվող քաղաքականությունը պետք է ունենա տրամագծորեն հակառակ ուղղվածություն: Մասնավորապես, անհրաժեշտ է համարվում ավելի խստացնել ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցները՝ զուգահեռաբար կատարելագործելով նաև դրանց կիրառության ընթացակարգերը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննարկվող հարցին, ընդգծել է. «Մենք ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար ունենք տուգանքի երկու մակարդակ: Հանրային սննդի ոլորտում մեկ անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 600 000 դրամ, իսկ մյուս ոլորտներում 150 000 դրամ տուգանք է: Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են այն  հավասարեցնել և հանրային ոլորտի սննդի համար ևս տուգանքը դարձնել 150 000 դրամ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք, որ հավասար սկզբունք լինի, բայց տվյալ դեպքում իջեցնելը որևէ պարագայում հակասում է մեր քաղաքական ուղերձներիրն: Մենք ասում ենք, որ 2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է»:

Վարչապետը տուգանքի իջեցումը բացարձակապես անընդունելի է համարել, բարձրացումը՝ ընդունելի. իսկ եթե չկա կոնսենսուս, ավելի լավ է օրենսգիրքը թողնել անփոփոխ:

«ՀԴՄ կտրոն չտալու որևէ փորձ ուղղակի գողություն է Հայաստանի Հանրապետությունից, ժողովրդից և սա պետք է շատ խստագույնս կասեցվի: Հետևաբար, կարծում եմ՝ ունի տրամաբանություն, որ  մենք առաջարկենք, այո՛, հավասարեցնել՝ 150 000 դրամը դարձնելով 600 000 դրամ: Այս պարագայում արդար քրտինքով աշխատող ոչ մի մարդ չի տուժի, եթե օրենքով աշխատի»-ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատեղ

«Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ-ի  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություն է կատարել ընկերությանը  մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ: 2017 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1,823,702,113 ՀՀ դրամի ներդրում:

Կառավարության համապատասխան որոշումներով բավարարել է «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի,  «Ջիարփի սիսթեմս» ՓԲԸ-ի ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

«ԱՍԷԴԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է այլումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրություն: ՀՀ-ում առաջին անգամ իրականացվելու է էներգախնայող ապակիների մշակում (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 95.6 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում (տարածքների ձեռքբերում և վերանորոգում, նոր սարքավորումների ձեռքբերում): Ներկայումս առկա է 170 աշխատատեղ, կստեղծվի 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 7.5 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է                7,559,830,800 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 869,558,634 դրամ:

«Ջիարփի սիսթեմս» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ապակեմանրաթելային խողովակների արտադրության համար (Կոտայքի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 4.8 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման նպատակով ձեռք բերված սարքավորումների համար: Տեղադրվել են խողովակների արտադրության երկու հոսքագիծ: Նախատեսվում է իրականացնել 10.7 մլրդ դրամի ներդրում ցանկում նշված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 13 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է  914 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը  կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2019 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է  արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրությամբ, որոնք օգտագործվում են արդյունաբերական և նավատորմի հատուկ տեխնիկայի համար։ Ընկերությունը սարքավորումներ և նյութեր պետք է ներմուծի Գերմանիայից: 2020 թ-ից ընկերությունը կիրականացնի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկիր: 2020 թվականի ընթացքում արտահանման կանխատեսվող ծավալը կազմում է 145 մլն դրամ, որի մեկ երրորդը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, մնացած մասը` երրորդ երկիր: Հետագա տարիների ընթացքում կանխատեսվում է արտահանման ծավալների աճ: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 580 մլն դրամի չափով ներդրում, որից հիմնական միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարը կազմում է շուրջ 230 մլն դրամ, իսկ հումք և նյութեր ձեռք բերելու համար նախատեսված գումարը կազմում է շուրջ 350 մլն դրամ։ Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 26 նոր աշխատատեղ` 150-160 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

 

 

Կառավարությունը Հանրային խորհրդի նոր նախագահ է նշանակել

Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Ստյոպա Սաֆարյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոր կարգավիճակում Ստյոպա Սաֆարյանի գործունեությունն ավելի արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի:

Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար և ընդգծել, որ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելու առաջարկությունը եղել է անսպասելի: «Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության համար, աշխատել նրանց շահերի համար, մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել Նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ, լինել  կառավարության և հանրության կամուրջներից մեկը»,- ասել է ՀԽ նորանշանակ նախագահը՝ հավելելով, որ խոստանում է հանրության ձայնը հասցնել կառավարությանը և  օգտակար լինել խորհուրդներով:

«Ուրախ եմ Ձեր պատրաստակամության համար, բայց կարծում եմ, այս համատեքստում պետք է արձանագրենք, որ իրականում այնքան էլ լավ պայմաններում չէ, որ Դուք պետք է ստանձնեք այս կարգավիճակը, որովհետև ստեղծման առաջին օրից Հանրային խորհրդի նպատակահարմարության  և գոյության իրավունքի հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել: Վերջին շրջանում էլ այս թեմայով քննարկումներ կան ընդդիմության և իշխանության շրջանում: Իրականում ծանր առաքելություն է լինելու ՀԽ-ի նախագահի Ձեր գործունեությունը, Ձեր առաջ դրված է բարդ խնդիր: Սա, ըստ էության, ՀԽ-ի վերջին շանսն է ապացուցելու, որ ինքը որպես խորհրդատվական մարմին կարող է լինել արդյունավետ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ընթացքում ունեցել է նաև արդյունավետ խորհրդատվական մարմին ունենալու անհրաժեշտություն, բայց իրականությունը բոլորովին այլ է եղել: «Պատրաստ եմ լիարժեք աջակցել, որ ՀԽ-ն  դառնա այդպիսի մարմին և հարթակ՝ հանրության ու կառավարության երկխոսության համար: Ընդ որում մեր կառավարությունը հանրության հետ ուղիղ երկխոսելու ավանդույթ ունի, և այն ավելի կուժեղանա, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններ չկան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ ՀԽ-ն կարող է լինել նաև հանդիպման հարթակ արտախորհրդարանական ուժերի հետ: «Դա ևս կարևոր ուղղություն է, քանի որ քաղաքական դաշտում տեղի են ունեցել պայմանների ահռելի փոփոխություններ, և շատ ուժեր չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել քաղաքական դաշտում, չեն արձանագրել, թե ինչ է եղել իրենց հետ, ինչ է տեղի  ունեցել բոլորի համար»,-նշել է վարչապետը:  

Անդրադառնալով գործող հանրային խորհրդի ձևավորման գործընթացին  և պատմությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, և ես ընտրվեցի վարչապետ, Հայաստանում պետք է ձևավորվեր նոր Հանրային խորհուրդ: Հեղափոխությունից հետո, երբ խոսք էր գնում հնարավոր կադրային ջարդերի մասին, ես հայտարարեցի, որ այս նոր պայմաններում յուրաքանչյուրը պետք է ունենա իր շանսը, որովհետև մենք նոր էջ ենք բացում Հայաստանի պատմության մեջ և չենք կարող ասել, որ այդ էջը բաց է ինչ-որ մեկի համար և փակ է ինչ-որ մեկի համար, իհարկե, հայտնի պայմաններով: Ըստ էության, ես համարյա զրոյական միջամտություն եմ ունեցել ՀԽ-ի ձևավորմանը, և այդ գործառույթը պատվիրակել եմ նախկինում գոյություն ունեցող ՀԽ-ին: Հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, որոնք եղել են Երրորդ հանրապետության ձևավորման ակունքներում՝ ես պատշաճ ու պատեհ չեմ համարել, որ այդ առիթն օգտագործեմ և, անկախ իմ ունեցած վերաբերմունքից,  սկսեմ մարդկանց պաշտոնանկ անել և այլն: Եվ հույս եմ ունեցել, որ մարդիկ կօգտվեն այդ հնարավորությունից, և սա միայն այդ կառույցին չի վերաբերում: Ես դա արել եմ, որովհետև  պարտավորություն եմ ստանձնել  հանրության առաջ: Ասել եմ՝ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում  շանս են ունենալու, և ոչ միայն ՀԽ-ի պարագայում»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ շանս տալու հնարավորությունը ոմանք ընկալել են որպես թուլություն, ոմանք էլ՝  հին հարաբերություններ իշխանության հետ: «Քաղաքական ուժերում էլ այդ բանը կա՝ ինձ պաշտոն տուր, թե չէ ասուլիս կանեմ, պաշտոն տուր, թե չէ ցույց կանեմ, բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հարցազրույց կտամ և կասեմ ինչ վատ պրոցեսներ են կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Այդ հարաբերությունները չեն կարող լինել, ինչքան էլ այդ մարդիկ ասուլիս անեն, մեջից կիսվեն, չորս մասի բաժանվեն՝ այդ հարաբերությունը չկա: Այն հարաբերությունները, որոնք այդ քաղաքական ուժերը, գործիչները և հանրային գործիչները ունեցել են հին իշխանության հետ, նոր իշխանությունն չի ունենալու ոչ մի պարագայում: Քաղաքական առևտրի էջը Հայաստանի Հանրապետությունում փակված է: Սա կառավարություն է և ոչ թե շահերի բորսա, որտեղ մտնում են  և առուծախի պրոցես է սկսվում»:

 

Բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն  2015 թ-ին  հրդեհից տուժած 7 ընտանիքի

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է լուծել  2015 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքում տեղի ունեցած Էներգետիկների 3-րդ փողոցի 5 բազմաբնակարան տնակի հրդեհից տուժած քաղաքացիներին բնակարանային խնդիրը: Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել են տնակի 7 ընտանիքի բնակարաները: Հիմնավորման համաձայն՝ բնակիչները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և մեծամասամբ բնակվել են վարձով՝ մարզպետարանի և համայնքապետարանի տրամադրած միջոցներով: Որոշմամբ նախատեսվում է բնակարանների գնման վկայագրեր տրամադրել այդ ընտանիքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]