Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկական Սփյուռքի հետազոտությունները՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի առաջնահերթություններից է

Հայկական Սփյուռքի հետազոտությունները՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի 
առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում նոյեմբերի 29-ին ՀՀ տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի հրատարկած «Լիբանանի հայերը» (Բեյրութ, 2017թ․), «Սուրիոյ հայերը» (Բեյրութ, 2018 թ․), «Յորդանանի հայերը» (Բեյրութ, 2019թ․) և «Իրաքի հայերը» (Բեյրութ, 2021 թ․) ժողովածուների շնորհանդեսը, որի կազմակերպիչներն էին Հայկազյան համալսարանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։

Շնորհանդեսը վարում էր ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ով մեծապես կարևորեց Հայկազյան համալսարանի անգնահատելի դերը հայագիտության զարգացման հարցում։ Բացման խոսքով հանդես եկան Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, ով նշեց, որ չնայած Մերձավոր Արևեքում և մասնավորապես Լիբանանում հասարակական-քաղաքական և տնտեսական ճգնաժամային իրավիճակին, Հայկազյան համալսարանը մտադիր է շարունակել իր առաքելությունը կրթական և գիտական, այդ թվում՝ հայկական Սփյուռքի ուսումնասիրության ոլորտում։ Նա նշեց, որ ժողովածուները երկրագիտական ուսումնասիրության տեսանկյունից նույնպես կարևոր են, քանի որ անդրադառնում են ոչ միայն հայ համայնքներին, այլ նաև հյուրընկալող երկրների պատմությանը։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանն անդրադարձավ վերջին շրջանում Մերձավոր Արևելքում քրիստոնեության նահանջի և այլևայլ խնդիրների հետևանքով հայ համայնքների համար ի հայտ եկած բացասական իրողություններին, կարևորեց առկա ուսումնասիրությունների նշանակությունը, ինչպես նաև՝ Հայկազյան համալսարանի և Արևելագիտության ինստիտուտի միջև ձևավորված համագործակցությունը։ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ պ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Հարությունյանը նշեց, որ արդի շրջանում Մերձավոր Արևելքի հայ համայնքների առաջ ծառացած, այդ թվում՝ անվտանգային մարտահրավերները, ավելի են կարևորում տարածաշրջանի հայ համայնքների ուսումնասիրությունը՝ առկա խնդիրներին հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։

Հայկական Սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրության, մասնավորապես՝ Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի հայ համայնքների գիտաժողովների կազմակերպման, հետագայում՝ նշված գիտաժողովների նյութերի հրատարկման և այլևս սեղանին դրված ժողովածուների ստեղծման ուղղությամբ տարված հսկայածավալ աշխատանքները, ինչպես նաև՝  Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի վերջին տաս տարվա գործունեությունը հանգամանորեն ներկայացրեց կենտրոնի տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը։ Ելույթ ունեցավ նաև ԱՄՆ-ի Հայ ավետարանչական ընկերակցության վարչության գործադիր տնօրեն, գրող, հասարակական գործիչ Զավեն Խանջյանը։ Վերջինս կարևորեց Հայ ավետարանչական ընկերակցության դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև Հայկազյան համալսարանի կողմից հայ համայնքների ուսումնասիրության ոլորտում տարվող աշխատանքները։ Զ․ Խանջյանը նշեց, որ չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին, Մերձավոր Արևելքի հայ համայնքները պիտի շարունակեն իրենց պատմական դերն ու ներկայությունը։ «Արաբական երկրների հայ համայնքների հիմնախնդիրները Հայկազյան համալսարանի օրակարգում» թեմայով ելույթ ունեցավ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը, ով նշեց, որ Հայկազյան համալսարանի ժողովածուները ոչ միայն գիտելիք են ստեղծել  Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի հայ համայնքների վերաբերյալ, այլև լայն հնարավորություն ընձեռել առկա հիմնախնդիրներին լուծումներ  առաջարկելու և գործիքակազմեր մշակելու ուղղությամբ։

Շնորհանդեսին ելույթ ունեցան նաև սփյուռքահայ հայտնի մտավորական Հակոբ Չոլաքյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ, պատմաբան Հովհաննես Ալեքսանյանը, հրապարակախոս Սաքո Արյանը։ Իրենց տպավորությունները և փորձառությունը ներկայացրեցին Հայկազյան համալսարանի նշված գիտաժողովների մասնակիցներ, իրաքահայ համայնքի ներկայացուցիչներ՝ պատմաբաններ Սեդա Օհանիսյանը, Պետրոս Թովմասյանը և Արա Աշճյանը։

Շնորհանդեսին ելույթ ունեցողները, ընդհանուր առմամբ, արժևորեցին Հայկազյան համալսարանի դերը հայապահանության, Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման, Սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրության ու առկա հարցերի հնարավոր լուծմանը սատարելու հարցում։

Նշենք, որ Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի՝ ընթերցողին ներկայացված ժողովածուները ունեն ոչ միայն գիտական, այլևս գիտա-գործնական կարևոր նշանակություն։ Փաստացիորեն, 2014 թ.-ից սկսած Հայկազյան համալսարանը նախաձեռնել է հայ համայնքներին նվիրված գիտաժողովների շարք՝ նվիրված Լիբանանի (Բեյրութ, 2014 թ․), Սիրիայի (Բեյրութ, 2015 թ․), Հորդանանի (Բեյրութ, 2016 թ․) և Իրաքի (Բեյրութ, 2017 թ․) հայ համայնքներին, որոնց մասնակցել են հարյուրավոր հետազոտողներ Հայաստանից և արտերկրից, ներկայացուցիչներ հայկական Սփյուռքից, մի շարք հեղինակավոր ու հայտնի մասնագետներ։ Հայկազյան համալսարանն այդպիսով իրականացրել է շահեկան և պատասխանատու մի գործ, որի արդյունքում թեմային առնչվող առանձին ոլորտներ առաջին անգամ դարձան գիտական ուսումնասիրության և լայն քննարկումների առարկա։  Հատորների մեջ զետեղված են նշված երկրներում հայ համայնքների պատմության տարբեր շրջափուլերին ու գաղթօջախների կյանքին վերաբերող հարյուրավոր փաստական նյութեր, որոնք ունեն բացառիկ վավերական նշանակություն։ Դրանցից շատերը հիմնված են արխիվային նյութի, դաշտային հետազոտությունների, սեփական ընտանիքների ու անձնական պատմությունների վրա: Հատորներում զետեղված նյութերն ու հոդվածները կարևոր են նախքան Հայոց Ցեղասպանությունը, դրանից հետո և Կիլիկիայի հայաթափումից ի վեր ձևավորված հայկական նյութական, հոգևոր և ազգային մշակույթի ուսումնասիրության առումով։

Ժողովածուներում քննարկված են դեպի Սիրիա, Հորդանան, Իրաք, Լիբանան, հայերի գաղթի ուղիները, առաջին գաղթակայանները, հայ աղջիկների՝ բեդվինների հետ ամուսնանալու պատմությունները, նշված երկրներում հայ համայնքների ինստիտուցիոնալացման, նաև տեղերում հայաշատ բնակավայրերի ստեղծման ու զարգացման պատմությունները։ Ներկայացված է նաև երևելի հայերի գործունեությունը, հայերի ներդրումը Լիբանանի, Իրաքի, Սիրիայի և Հորդանանի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում և այլևայլ ոլորտներում։ Լուսաբանման առարկա են դարձել նաև համայնք-պետություն հարաբերություններին, փոքրամասնությունների կարգավիճակին, հայկական ինքնության խնդիրներին, հայ համայնքների անցյալի և ներկայի մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Կան առանձին ուսումնասիրություններ, որոնք քննարկում են հայ համայնքների դերը Հայաստան-արաբական աշխարհ կապերի ամրապնդման, ինչպես նաև խորհրդային և հետխորհրդային Հայաստանի դերը հայապահպանությանն աջակցելու հարցում։ Հատորներն ունեն բացառիկ կարևոր աղբյուրագիտական և հանրագիտարանային նշանակություն։

 Մերձավոր Արևելքի հայ համայնքներն այժմ բախվում են ամենատարբեր, այդ թվում՝ անվտանգային, սպառնալիքների առաջ, որի հետևանքով վերջին տարիներին նոր թափ է ստացել արտագաղթը, ահագնացել են հայապահպանության խնդիրները։ Հաշվի առնելով Սփյուռքի հետազոտությունների կարևորությունը թե՛ հայ համայնքների և թե՛ Հայաստանի ռազմավարական շահերի տեսանկյունից, Հայկազյան համալսարանի նախաձեռնությունը Մերձավոր Արևելքի հայ համայնքների ուսումնասիրման առումով կարիք ունի հետագա շարունակության։ Հետևաբար, համագործակցությունը Սփյուռքի և հայաստանյան գիտական ու կրթական հաստատությունների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի միջև ունի մեծ հնարավորություն՝ լավագույնս գնահատելու և սահմանելու նշված ոլորտում առկա իրողությունները։   

 

Արաքս Փաշայան

Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող

        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am