▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել են դժվար պահեր, երբ ցանկացել եմ կոտրվել, հանձնվել, բայց հիշել եմ Ազնավուրին... Հայկ Պետրոսյան

 

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Asekose.am-ը զրուցել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի հետ, ով ծրագրի հեղինակներից է: Նա վերհիշեց Շառլ Ազնավուրիին նվիրված նախորդ համերգները, շանսոնյեյի հետ բացառիկ հանդիպումը և ոչ միայն:

Ամենամեծ երջանկությունն էր

Ազնավուրին նվիրված առաջին համերգը 2016-ին է տեղի ունեցել Տիկնիկային թատրոնում, երբ իմ բենդի հետ հանդես եմ եկել «Հայկ Պետրոսյանը երգում է Ազնավուր» խորագիրը կրող համերգով, որի ժամանակ կատարել էի 16-17 երգ՝ ընթացքում ներկայացնելով նաև հետաքրքիր դրվագներ Ազնավուրի կյանքից:  Արդեն 2017-ին  ավելի մասշտաբային համերգ կազմակերպելու  մտահղացում կար, որի շրջանակներում պետք է այլ մասնակիցներ էլ լինեին: Մշակույթի նախարարությունը՝ հանձին նախարար Արմեն Ամիրյանի, արձագանքել էր, արդյունքում մեզ միացել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Ամենամեծ երջանկությունն էլ համերգին՝ Ազնավուրի ներկայությունն էր:

Ցավոք...

Որոշում էինք կայացրել, որ այս համերգները պետք է լինեն շարունակական: Նախատեսել էինք,  որ դրանք պետք է  կայանան ամեն տարի Ազնավուրի ծննդյան ամսին՝ մայիսին, սակայն նկատի ունենալով, որ շանսոնյեն հոկտեմբերին պետք է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Երևանում լիներ, համերգը հետաձգելու որոշում կայացրինք: Ցավոք, այս համերգները կնվիրվեն ոչ միայն Ազնավուրին, այլև նրա հիշատակին: Այս համերգին մասնակիցներն այլ են լինելու, երաժշտական ձևավորումները՝ նույնպես, նոր նվագախումբ է լինելու: Ես էլ կրկին կներկայացնեմ դրվագներ Ազնավուրի կյանքից, որոնք այնքան շատ են, որովհետև 94 տարիների ընթացքում իսկապես զարմանալի և հետաքրքիր դրվագները նրա կյանքում շատ են եղել: Համերգի կայացման նախաձեռնողներն էլ Մշակույթի նախարարությունը և Unity Production ընկերությունն են, իսկ գլխավոր աջակիցը Ինեկոբանկն է:

Ամենամեծ նորությունն ինձ համար հորս վերադարձն է

5 տարվա դադարից հետո երևանյան բեմ է բարձրանալու նաև հայրս՝ Վարդան Պետրոսյանը: Նա դա հատուկ անելու Շառլ Ազնավուրի համար, ինչի համար շատ ուրախ եմ,  վստահ եմ, որ ուրախ է նաև նրա երկրապագուների մեծ բանակը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավատս չէր գալիս, ամաչում էի մոտենալ Ազնավուրին

Տարիներ առաջ, երբ հայրս Փարիզի ամենահեղինակավոր թատրոններից մեկում հանդես էր գալիս ներկայացումներով, հանդիսատեսի շարքերում էր նաև Ազնավուրը: Առաջին անգամ հանդիպեցի նրան, երբ եկավ հետնաբեմ հորս տեսնելու, այդ ժամանակ էլ սեղմեցի Ազնավուրի ձեռքը: Երկրորդ անգամ հանդիպեցի արդեն Երևանում, երբ համերգից հետո առիթ ընձեռնվեց նրա հետ շփվելու: Հավատս չէր գալիս, ամաչում էի մոտենալ Ազնավուրին: Հետո ինձ ստիպեցին և ներկայացրին Ազնավուրին, շատ հուզված էի պսպղան աչքերով նայում էի նրան:

 

Իրականացավ ապուշիս երազանքը, աչքերիս չէի հավատում

Հիշում եմ այն պահը, երբ  2017-ին  կայացած համերգի վերջին երգի կատարման ժամանակ դահլիճը ոտքի էր կանգնել, նույնն արեց նաև Ազնավուրը: Այդ պահին ինչպես ասում են՝ իրականացավ ապուշիս երազանքը, աչքերիս չէի հավատում, իմ կյանքի ամենահիշվող պահերից մեկն էր:

Ոչինչ չի կարող դիմակայել օրը 17 ժամ աշխատող մարդու առաջ

Շատ են եղել դժվար պահեր, երբ ցանկացել եմ կոտրվել, աշխարհից նեղանալ, հանձնվել, ընկղմվել ինքս իմ մեջ, այդ պահերին հաճախ Ազնավուրի պատկերն է եկել: Նա ինձ համար ոգեշնչման շատ մեծ աղբյուր է. պետք է առավոտյան արթնանալ,  տրամադրվել ու գնալ առաջ: Վստահ եմ, որ Ազնավուրը  միլիոնավոր մարդկանց է ոգեշնչել՝ իր օրինակով, իր ապրած կյանքով, իր համառությամբ: Մեկ անգամ Ազնավուրին հարցրել են, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, ինչպես ստացվեց, որ նա նման կարիերա արեց, նա  կիսով չափ կատակելով ասել է. «Ոչինչ չի կարող դիմակայել օրը 17 ժամ աշխատող մարդու առաջ»: Ազնավուրի համառությունն է, որը նրան ստիպել է օր ու գիշեր աշխատել, երբ այդքան աշխատում ես, որևէ դուռ կբացվի քո առջև: Իսկապես Ազնավուրն ոգեշնչող մարդ է և կյանքի համար լավ օրինակ է:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին