Կտրուկ փոփոխություններ չարժե ակնկալել՝ հաշվի առնելով բյուջեի թվերը. տնտեսագետ
«2018 թվականի բյուջեի նախագածով եկամուտները պլանավորվում են 1 տրիլիոն 307 միլիարդ դրամի շրջանակներում, ծախսերը՝ 1 տրիլիոն 464 միլիարդ դրամի շրջանակներում, հետևաբար բյուջեի դեֆիցիտը 2018 թվականին կկազմի 156.8 միլիարդ դրամ: Այս թվերը ընթացիկ տարվա բյուջեի թվերի հետ համադրելիս ստացվում է, որ եկամուտների մասով մենք ունենք մոտավորապես 97 միլիարդ դրամի ավելացում, իսկ ծախսերն ավելանում են մոտ 104 միլիարդ դրամի չափով: Այսինքն՝ ընթացիկ տարվա հետ համեմատած՝ ծախսերը մի փոքր ավելի շատ են աճում, քան եկամուտներն են պլանավորում»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Ըստ նրա, եկամուտների կառուցվածքում էական փոփոխություն չի նախատեսվում: Բյուջեի 90-95 տոկոսն ապահովելու է ներքին աղբյուների հաշվին: Ինչ վերաբերում է ծախսային հոդվածներին, ապա. «Այստեղ ևս կտրուկ, արմատական փոփոխություններ չկան: Գրեթե նույն համամասնություններն են պահպանված, ինչ ընթացիկ տարում: Բյուջեում ամենամեծ հոդվածը շարունակում է մնալ սոցիալական պաշտպանությանը, որին կուղղվի մոտ 408 միլիարդ դրամ: Նույնքան գումար ուղղվել է նաև ընթացիկ տարում»։
Տնտեսագետը հիշեցրեց, որ հաջորդ տարվա բյուջեով կենսաթոշակների չափը մնալու է անփոփոխ, այնինչ աղքատության ֆոնին սոցիալական ոլորտին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի, կենսաթոշակները բարձրացվեն:
Կառլեն Խաչատրյանը նաև նշեց, որ 2018-ի բյուջեով 140 միլիարդ դրամ ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը: Սա օբյեկտիվորեն պայմանավորված է այն բացասական միտումներով, որոնք նկատվում են վերջին 20 տարիներին:
Ինչ վերաբերում է կրթության ոլորտի հատկացումների կրճատմանը, ապա բանախոսը ընդգծեց, որ դրան շատ վատ է վերաբերում: Ավելին, կառավարության նման տրամաբանությունն իր համար անհասկանալի է:
Հարցին՝ ի՞նչ սպասումներ պետք է ունենալ 2018 թվականի տնտեսությունից, Կառլեն Խաչատրյանը համոզմունք հայտնեց՝ կտրուկ շրջադարձային փոփոխություններ չարժե ակնկալել ՝ հաշվի առնելով բյուջեի թվերը:
Հարակից հրապարակումներ`
- Բնապահապանության նախարարությանը 2018-ի բյուջեի նախագծով տրամադրվող գումարը կավելանա
- Փոխնախարարը՝ գերատեսչություններին տրամադրվող բյուջետային գումարների մասին
- 2018 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասորդի նվազում. ԿԲ նախագահ
- Նիկոլ Փաշինյան. Բյուջեի նախագիծը գնահատում եմ բացարձակապես ոչ ադեկվատ
- Ինչպե՞ս կարող եմ բյուջեի նախագծին կողմ լինել, եթե նման սոցիալական վիճակ է. Վարդևան Գրիգորյան
- Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 2018 թ-ի պետական բյուջեն զուսպ և իրատեսական է համարում
- Կառավարությունը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը