HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա ծռերի» գործով դատավարությունը 7 անգամ ընդմիջվեց, և 5 փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ամալյա Մարգարյան

Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, կայացավ «Սասնա ծռերի» 18 անդամի գործով դատական նիստը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բացատրեց դատավարության կարգը՝ շեշտելով դատավորի նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորման ձևերը:

Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդության վերաբերյալ Արամ Հակոբյանի և Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը հայտարարեց, որ կան փաստաբաններ, ովքեր ներկա չեն նիստին, և իրենց կարծիքը հայտնի չէ։ Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դատավորը օբյեկտիվ չէ: «Մայր գործի քննության ժամանակ Դուք Ձեզ համարեցիք դատավարության կողմ՝ ի վնաս պաշտպանական կողմի: Ինքնաբացարկ չեմ ներկայացնում ժամանակի առումով, բայց հիմքեր կան, որ չեք կարող օբյեկտիվ քննություն անցկացնել»,-նշեց փաստաբանը:

Արամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանն էլ հարց ուղղեց դատավորին, թե ինչու «Սասնա ծռերի» երկու գործերը միասին չեն քննում: Դատավորը պատասխանեց, որ 32 անդամների գործը միասին քննելն ուղղակի հնարավոր չէ։

Դատարանի դահլիճում ներկա գտնվող քաղաքացիները դժգոհում էին, որ ապակեպատ դահլիճի պատճառով «ոչ տեսնում են, ոչ լսում», և չհասկացվեց նաև՝ ինչու դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընդմիջում հայտարարեց։  

Փաստաբան Արայիկ Պապիկյանն ապակեպատ դահլիճից դուրս գալուց հետո հայտնեց, որ փաստաբաններից մի քանիսը գտնվում են դատարանի շենքից դուրս, այդ պատճառով դատավորը 30 րոպեով  ընդմիջել է նիստը: Դատարանից դուրս էին գտնվում փաստաբաններ Մոնիկա Մարգարյանը, Ինեսսա Պետրոսյանը, Մուշեղ Շուշանյանը։ Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ նրան դատական կարգադրիչները նորից փորձել են խուզարկել, ինքը թույլ չի տվել, այդ պատճառով չեն թողել մտնի նիստերի դահլիճ։ 3 փաստաբաններն ընդմիջումից հետո դատարան չմտան։

Ընդմիջումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռերի» 17 անդամների նկատմամբ` բացի Արամ Մանուկյանից (Արամ Մանուկյանը դատարան էր բերվել հենակներով), նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու և ոտքի չկանգնելու համար։

Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը հարց ուղղեց դատարանին՝ ինչու՞ են այդքան շատ ոստիկաններ գտնվում նիստի դահլիճում: Դատարանը պնդեց, որ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար է։ Հարություն Բաղդասարյանն էլ նշեց, որ դատարանն է վախենում իր իսկ անվտանգության համար։

Սերգեյ Կյուրեղյանը հայտարարությամբ հանդես եկավ և, դիմելով դատավորին, հարցրեց․«Ինչու՞ մեր ոտքի չկանգնելու պատճառի մասին դատավորը չի հարցնում և միանգամից սանկցիա է կիրառում։ Էսքան մարդուն, առանց պատճառները իմանալու, սանկցիա՞ եք կիրառում»։

Նախագահող դատավորը հայտնեց, որ եթե առողջական խնդիրներ ունեն, դիմեն և ոտքի չկանգնեն։ Քանի որ Սերգեյ Կյուրեղյանը շարունակում էր հայտարարությունը, դատավորը սանկցիա կիրառեց և հեռացրեց նիստերի դահլիճից։ Նիստը 30 րոպեով նորից ընդմիջվեց։

Փաստաբան Գրիշա Բալասանյանը նիստը վերսկսվելուց հետո հարց ուղղեց՝ ինչու՞ է դատավորը սանկցիա կիրառում մեղադրյալների նկատմամբ, եթե նրանց պաշտպանները ներկա չեն, դատավորն էլ պնդեց, որ դատավարության տվյալ փուլում կարող է սանկցիա կիրառել՝ առանց փաստաբանների ներկայության։ Գ․ Բալասանյանը շարունակեց խոսքը և ասաց. «Այս դեպքում ինչու՞ եք մեզ ծանուցել, եթե մեր ներկայությունը պարտադիր չէ»։

Դատավորը ևս մեկ անգամ նիստն ընդմիջեց փաստաբան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու և Փաստաբանների պալատ կարգապահական վարույթ իրականացնելու մասին որոշում ուղարկելու համար։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատավորը կոպիտ սխալ թույլ տվեց հայտարարություն անելու ժամանակ. «Ես ինքս առավոտյան հայտարարություն անելիս նշեցի, որ մի քանի փաստաբաններ, այդ թվում` Մոնիկա Մարգարյանը, գտնվում են շենքի դիմաց, սակայն չեն կարողանում ներս մտնել։ Խնդրեցինք նրանց ներկայության համար միջոցներ ձեռնարկել։ Դատավորն էլ հայտնեց` քանի որ նրանք ստացել են ծանուցում և չեն ներկայացել, դա անհարգելից վերաբերմունք է»,-նշեց Գևորկ Իրիցյանի պաշտպանը։

Դատարանի բակում գտնվող փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ չի փորձել նիստերի դահլիճ մտնել երկրորդ անգամ, քանի որ նրան խուզարկելու պահանջ է ներկայացվել և նշեց, որ եթե նիստերի դահլիճում գտնվեր` կհայտներ, որ դատավոր Գաբրիելյանը չի կարող քննել «Սասնա ծռերի» վերաբերյալ քրեական գործը․ «Հունիսի 28-ի նիստի ընթացքում բռնության են ենթարկվել մեր պաշտպանյալները։ Մենք գիտենք, որ գործն իր վարույթում է, նշված գործով ամեն ինչը պետք է ինքը կարգավորի։  Բռնության մասին նույնպես ինքը պետք է տեղյակ լիներ։ Դատավորը հանդես չի գալիս որպես դատարան, ինքը որպես դատավարության կողմ է հանդես գալիս»,-նշեց փաստաբանը։

Նիստը սկսելուց հետո Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դահլիճից ինքնակամ հեռացել է փաստաբան Կարապետ Բադալյանը և նիստը նորից 1 ժամով ընդմիջեց, իսկ վերադառնալուց հետո սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու վերբերյալ որոշում ուղարկելով Փաստաբանների պալատ։

Նիստին ներկա գտնվող փաստաբանները միջնորդություն ներկայացրին՝ նիստը հետաձգելու վերաբերյալ։ Դատավորը «ներկա-բացակա» արեց և պարզեց, որ միջնորդություն ներկայացնողների մեջ  են փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը, ովքեր ընդմիջումից հետո դահլիճ չեն վերադարձել։ 

Դատավորը նշեց, որ առանց դատարանի թույլտվության նիստին չներկայանալը անհարգալից վերաբերմունք է, որին ի պատասխան` փաստաբան Գրիշա Բալասանյանը հայտնեց․«Խնդրում եմ, ասացեք, առավոտյան քանի՞ դատախազ է ներկայացել նիստին և այս պահին քանի՞ հոգի են ներկա (տվյալ պահին 4 մեղադրողից 2 էին ներկա)։ Պաշտպանների նկատմամբ կիրառում եք սանկցիա, իսկ երբ դատախազն է հեռանում, չեք կիրառում։ Եվս մեկ անգամ դատարանի օբյեկտիվության հարցն է բարձրանում։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն ոտքի կանգնելու կամ չկանգնելու մեջ չէ»:

Դատավորը նշեց, որ դատախազներից երկուսը խնդրել են աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հեռանալ և նորից ընդմիջեց նիստը փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը կայացնելու և հրապարակելու համար։

«Մենք ունեինք մեղադրող կողմ, որոնք ուզում էին դատավորի միջոցով պաշտպանական կողմին իրենց գործողությունները թելադրել։ Դատարանն ապացուցեց, որ մեղադրանքի կողմից է»,- ընդմիջման ընթացքում հայտնեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ նշեց, որ միջնորդության վերաբերյալ դատավորը դիրքորոշում չի հայտնել, միայն ընթերցել է այն․ «Որոշում չկայացրեց, բայց իր սուրբ պարտքը համարեց գնալ և հերթական անգամ փաստաբանների նկատմամբ սանկցիայի որոշում կայացնել։ Նույնիսկ եթե դատախազները նիստի սկզբին տեղեկացրել էին, դրա մասին չհայտնեց։ Այսօրվա նիստը նվիրված էր պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելուն, այլ որոշում դատավորը չի կայացրել։ Այս դեպքում մենք մասնակցում ենք ներկայացման, այլ անուն չեմ կարող տալ»։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը երեք փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում հրապարակեց։ Քանի որ նիստը վերսկսելուց հետո մեղադրյալները նորից ոտքի չէին կանգել, դատավորը նրանց նկատմամբ նորից սանկցիա կիրառեց, այս 15 անդամին, բացի Արամ Մանուկյանից, Թաթուլ Թամրազյանից և Հովհաննես Հարությունյանից (առողջական խնդիրների պատճառով), վեց ժամով հեռացրեց նիստից։ Յոթերորդ անգամ նիստն ընդմիջվեց, որից հետո դատավորը հայտնեց  նիստը հետաձգելու մասին։ Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 6-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter