Փաշինյան. Բաքուն խնդիր է դրել ավարտել Արցախում էթնիկ զտումները

Փաշինյան. Բաքուն խնդիր է դրել ավարտել Արցախում էթնիկ զտումները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, ասել է, որ Բաքուն խնդիր է դրել՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար։

Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն մոտ 1.5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից, զրկանքներից հետո Արցախում հենց հիմա, հենց այս պահին մոտ 117,000 հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը։

Վարչապետը նաև խիստ խորհրդանշական է համարել Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է։

«Դիվանագիտական լեզվից թարգմանաբար դա նշանակում է՝ «միջազգային հանրություն, այս կողմ մի նայեք ու թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը»»,- ասել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ նման բան տեղի ունենալ չի կարող։

Նշելով, թե շատերը քննադատում են «խաղաղ դարաշրջան» բացելու քաղաքականությունը՝ Փաշինյանն ասել է, որ իր սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից՝ տարածաշրջանում նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար։ «Բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքներին»,-հավելել է նա:

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում սրվել էր։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։ Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---