Բաժիններ՝

Մի խումբ մարալիկցիներ բողոքում են համայնքի ղեկավարից

Մարալիկում օգոստոսի 10-ին բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման ժամանակ մի խումբ մարալիկցիներ հայտնում էին իրենց դժգոհությունը համայնքի ղեկավարից: Նրանք ցանկանում էին իրենց ձայնը լսելի դարձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Մարալիկում մասնակցում էր գործարանի բացմանը:

Բողոքի եկած մարալիկցիները պնդում էին՝ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը ոչինչ չի արել համայնքը զարգացնելու համար, փոխարենը նախկինում իշխող Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելած համայնքի ղեկավարն «իր ու իր ազգականների խնդիրներն է լուծում  և տևական ժամանակ է «փախած» վիճակում է»: Իմանալով, որ իրենց բողոքն արտահայտելու համար բնակիչները հերթապահում են համայնքապետարանի մուտքի մոտ, նա, բողոքողների խոսքով, «շրջիկ համայնքապետարան» է ստեղծել ու այս համայնքից այն համայնքում է ավագանու նիստերն անցկացնում: Խոշորացված Անի համայնքի, որի մեջ է նաև Մարալիկը, ղեկավարը ներկա չէր նաև  ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը:

Մարալիկցիներին այդպես էլ չհաջողվեց տեսնել վարչապետին, փոխարենը միջոցառման ավարտին նրանք դժգոհությունը փոխանցեցին լրագրողներին: «Թալանում են Մարալիկը, հիմա էլ Մարալիկի ուսումնարանի շենքն են անասնագոմ սարքել: Եթե մինչև սեպտեմբերի 1-ը մեր հարցին լուծում չտրվի, Մարալիկում արյունահեղություն կլինի»,-նշում էին մարալիկցիները:

2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում է ձևավորվել է Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է։ Արտակ Գևորգյանը 2007 և 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետ, իսկ նախորդ տարի ընտրվել է խոշորացված Անի համայնքի ղեկավար:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս