Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Սա պայքար է դեմոկրատական Հայաստանի և բռնապետական Ադրբեջանի միջև․ Փաշինյանը համակարգային հարցեր է բարձրացնում

«Ավելի հարձակողական, նախաձեռնողական պաշտպանական քաղաքականությունը ենթադրում է լուրջ տնտեսական հենք։ Երկրի տնտեսությունը պետք է այնքան զարգանա, որ կարողանա նաև սպասարկել նման պաշտպանական քաղաքականությունը։ Այս առումով ես պաշտպանության նախարարի հայտարարությունը դիտում եմ ավելի շատ որպես տեսլական, այն ուղղությունը, որով մենք փորձում ենք շարժվել։ Եվ այստեղ ուղղակի անհնար է կապ չտեսնել ներքին և արտաքին քաղաքականությունների միջև։ Թավշյա հեղափոխությունը, քաղաքական փոփոխությունները էապես մեծացնում են Հայաստանի արտաքին քաղաքական կշիռը, բայց եթե այս ամենը չուղեկցվի լուրջ տնտեսական և քաղաքական զարգացումներով, տնտեսական հեղափոխությամբ՝ ներկայիս էյֆորիան շատ արագ մարելու է, և մենք դարձյալ կոտրած տաշտակի առջև ենք կանգնելու»։

https://img3.newsinfo.am/big/VyWepM83QN.jpg

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը (ԱՄՆ):

– Պարոն Թերզյան, մեր հարցազրույցի հիմնական թեման Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է։ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մարտի վերջին տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև։ Ի՞նչ արդյունք տվեց, Ձեր կարծիքով, առաջին պաշտոնական գագաթնաժողովը երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ, այն ինչ-որ կերպ ազդե՞ց բանակցությունների ակտիվացման վրա։ Հարցը կարևոր է հատկապես այն առումով, որ միշտ էլ կա մտավախություն, որ կողմերի հակադիր մոտեցումների պայմաններում բանակցային պրոցեսը կարող է ընդհատվել, ու դա կարող է բերել կանխատեսելի հետևանքների հակամարտության գոտում։ Եվ ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը Վիեննայի հանդիպումից հետո։

– Իհարկե, փորձագիտական շրջանակներում տարբեր մոտեցումներ կան Վիեննայում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։ Շատ ուշագրավ էին հատկապես երկու երկրների ղեկավարների մեկնաբանություններն ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ սա ավելի շատ ոչ թե երկխոսություն է, այլ խոսակցություն, երկխոսության համար բանակցային գործընթացին պիտի մասնակցեն հակամարտության հիմնական կողմերը։ Հատկանշական է նաև Ալիևի այն պնդումը, թե այս հանդիպումը կարևոր էր նրանով, որ բանակցային ձևաչափում փոփոխություն տեղի չունեցավ։ Այսինքն՝ նա այս հանդիպումով փորձեց ցույց տալ, թե Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններին ներգրավելու Փաշինյանի փորձերը տապալվեցին, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Այս հանդիպումը կարևոր էր նրանով, որ պահպանվեց բանակցությունների շարունակականությունը։ Բանակցային գործընթացի կասեցումը, ինչպես նշեցիք, լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում, իսկ բանակցությունները որոշակիորեն ավելի կանխատեսելիություն են ստեղծում, ավելի կայունացնող գործառույթ են կատարում այս նուրբ հավասարակշռության պայմաններում։ Եվ շատ դրական կգնահատեմ հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված այն հարցը, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ այս բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ։ Այս հարցը վարչապետը բարձրացրեց նաև ԵԽԽՎ-ի նիստի շրջանակներում և կարծեք թե փորձում է հետևողականորեն այս գիծը առաջ տանել։

Երկրորդը, նա, ըստ երևույթին, բանակցությունների հիմքում ընկած սկզբունքների վերաբերյալ հավելյալ պարզաբանումներ է պահանջում և չի պատրաստվում կրավորական կեցվածք դրսևորել ու ընդունել այն «ժառանգությունը», որը նա ստացել է նախորդ վարչակարգից։ Եվ կրավորական կեցվածքից ավելի ակտիվ, նախաձեռնողական և հակամարտության կարգավորման հիմքում ընկած սկզբունքների հստակեցման հարցեր է դնում թյուրիմացությունից խուսափելու համար։ Ի տարբերություն Հայաստանի նախորդ վարչակարգերի, այստեղ մենք լրիվ այլ վիճակի հետ գործ ունենք։ Ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարչակազմերը մի ամբողջի երկու բաղկացուցիչներ են, և այստեղ իշխանափոխություն տերմինը զուտ անհատների փոփոխություն է, պարզ էր, որ նույն գիծը շարունակելու է Սերժ Սարգսյանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը օբյեկտիվորեն չի ընդունում նրանց թողած «ժառանգությունը», նման հավակնություն է ներկայացնում վերասահմանելու, վերաձևակերպելու իր նախորդների կողմից ներկայացված դիրքորոշումները և շտկելու կատարված սխալները, ինչն անելու համար իր կարգավիճակը տալիս է բոլոր հնարավորությունները։

Եվ, իհարկե, շատ կարևոր էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նշած այն հանգամանքը, որ Հայաստանի պաշտպանական քաղաքականության մեջ տեղի են ունենում արմատական փոփոխություններ։ Եվ սա հատկապես վերաբերում է պաշտպանական մտածողության, պաշտպանական դիվանագիտության և ռազմական քաղաքականության հիմնասկզբունքների վերանայմանը, նոր մոտեցումների որդեգրմանը։ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» հայտնի ձևաչափի փոխարեն նա «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»  բանաձևը առաջ քաշեց՝ ցույց տալով, որ մենք այլևս չենք նստելու, սպասենք, թե Ադրբեջանը երբ կհարձակվի կամ ինչ չարաշահումներ կկիրառի հայ ժողովրդի նկատմամբ, այլ ավելի նախաձեռնողական, ավելի կանխարգելիչ գործողությունների ենք դիմելու հնարավոր ագրեսիան և ագրեսիայի բոլոր դրսևորումները կանխելու համար։ Եվ այստեղ արդեն մենք տեսնում ենք Իսրայելի պաշտպանական քաղաքականության, ռազմական մտածողության որոշ տարրերի ներդրում Հայաստանի պաշտպանական քաղաքականության պրակտիկայում, ինչը, բնականաբար, շատ դրական եմ գնահատում։ Բավական անատամ և կրավորական պաշտպանական քաղաքականության փոխարեն, երբ խրամատներում նստած՝ սպասում էինք, թե երբ պիտի մեզ վրա հարձակվեն, մենք ոչ թե զուտ արձագանքում ենք այդ հարձակումներին, այլ ավելի նախաձեռնողական, պրոակտիվ մոտեցում ենք դրսևորում։

– Իսկ կարո՞ղ ենք դա համարել նաև քաղաքական մտածողության, արտաքին քաղաքական մոտեցումների փոփոխություն, եթե իսկապես օրինակ ենք վերցնում Իսրայելից։ Որովհետև Իսրայելը մեծ ուշադրություն չի դարձնում իր այս կամ այն գործողության միջազգային արձագանքին, չի փորձում կառուցողական լինել, «լավ աշակերտ» ձևանալ միջազգային հանրության առջև, այլ առաջնորդվում է բացառապես սեփական անվտանգության շահերով։

– Գիտեք, այս հարցի պատասխանը բազմաթիվ այլ հարցերի պատասխան է ակնկալում, և այդ հարցերից է, օրինակ, հետևյալը՝ ինչպիսի՞ երկրում ենք մենք ցանկանում ապրել՝ մի երկրում, որը անընդհատ պետք է պարտվողական կեցվածք ընդունի, զիջումներ անի, իր բոլոր գործողությունները հարմարեցնի միջազգային հանրության մոտեցումներին՝ հաճախ արտահայտելով այնպիսի դիրքորոշումներ, որոնք չեն համընկնում մեր շահերին, թե՞ փորձի աստիճանաբար վերածվել մի այնպիսի պետության, ինչպիսին, օրինակ, Իսրայելն է, որը ոչ թե դառնում է իր շուրջ կատարվող իրադարձությունների պասիվ զոհը, այլ հենց այդ իրադարձությունների վրա անմիջականորեն ազդող ուժեղ սուբյեկտ է։

Այսինքն՝ մենք այս հայտարարություններով ավելի շատ գործ ունենք նոր տեսլականների և ռազմավարությունների հետ՝ թե «նոր Հայաստան» կարգախոսը և հետհեղափոխական Հայաստանը ինչպիսի՞ն պետք է լինի մասնավորապես պաշտպանական ոլորտում։ Դա ցույց է տալիս հենց պաշտպանական մտածողության արդիականացման հրամայականը։ Եվ այս գոյության պայքարում մեր ազգային նպատակներին հասնելու համար մենք պետք է կարողանանք փոխվել։ Այդ փոփոխությունն, իհարկե, միայն օտարածին տարրերի ներդրմամբ չէ։ Մի բան պետք է հաշվի առնենք, որ ավելի հարձակողական, նախաձեռնողական պաշտպանական քաղաքականությունը ենթադրում է լուրջ տնտեսական հենք, այսինքն՝ պետք է երկրի տնտեսությունը այնքան զարգանա, որ կարողանա նաև սպասարկել նման պաշտպանական քաղաքականությունը։ Երկիրը պետք է քաղաքականապես այնքան հզորանա, որ կարողանա «մարսել» նմանատիպ կանխարգելիչ գործողությունները, որովհետև մենք գործ ունենք նավթագազային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի հետ։ Շատ ծեծված թեմա կա այն մասին, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն, և մի բան է այդ դրույթներն առաջ քաշելը, մեկ այլ բան է այդ դրույթները պրակտիկայում կիրառելը։ Իսկ պրակտիկայում կիրառելը կախված է տնտեսական և քաղաքական բազմաթիվ հարցերի պատասխաններից։ Այս առումով ես պաշտպանության նախարարի հայտարարությունը դիտում եմ ավելի շատ որպես տեսլական, այն ուղղությունը, որով մենք փորձում ենք շարժվել։

Եվ այստեղ ուղղակի անհնար է կապ չտեսնել ներքին և արտաքին քաղաքականությունների միջև։ Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, իշխանության է եկել նոր վարչակարգ, որը փորձում է մերժել, հետևողականորեն մերժման ճանապարհով վերացնել նախորդ համակարգի արատավոր երևույթները, փորձում է վերասահմանել Հայաստան պետության հիմնատարրերը՝ ասելով, որ Հայաստան պետությունը ինչ-որ փոքր, կրավորական, թույլ, տկար երկիր չէ՝ ինչպես մենք սովոր ենք լսել, որ Հայաստան պետությունը կարող է ավելի հզոր լինել, կարող է ավելի նախաձեռնողական ուժ լինել և նոր մակարդակի բարձրանալ։

Այստեղ շատ կարևոր է նաև միջազգային հանրության ընկալումը. միջազգային հանրությունը խիստ դրական է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և լիահույս է, որ դրանք կբերեն զգալի տնտեսական, քաղաքական զարգացումների, երկիրը կդառնա ավելի ժողովրդավարական, ավելի կանխատեսելի։ Իհարկե, ներքին քաղաքականությունը, տեղի ունեցած փոփոխությունները էապես մեծացնում են Հայաստանի արտաքին քաղաքական կշիռը, բայց պետք է մի բան հաշվի առնենք, որ եթե այս ամենը չզուգորդվի, չուղեկցվի լուրջ տնտեսական և քաղաքական զարգացումներով, երկրի տնտեսության մեջ զգալի դրական տեղաշարժերով, այսպես կոչված՝ տնտեսական հեղափոխությամբ կամ քաղաքականապես Հայաստանի ավելի հզորացմամբ, այնպիսի իրավիճակի ստեղծմամբ, երբ Հայաստանը էապես կարողանում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել և հետևողականորեն առաջ տանել իր ազգային շահերը՝ պահպանելով հավասարակշռված կապերը բոլոր դաշնակիցների և գործընկեր պետությունների, եթե այս պրոցեսները չլինեն՝ ներկայիս էյֆորիան շատ արագ մարելու է, և մենք դարձյալ կոտրած տաշտակի առջև ենք կանգնելու։ Բայց ես չեմ ուզում, իհարկե, վատատեսորեն մոտենալ և փորձում եմ հավատալ, որ այս փոփոխությունների ալիքը և հավատը Հայաստանում կզուգորդվի նաև իրական զարգացումներով։

– Թավշյա հեղափոխության ազդեցությունը Ղարաբաղյան կոնֆլիկտի և բանակցային գործընթացի վրա շատ կարևոր ու բազմաշերտ հարց է, ուստի փորձենք համակողմանի նայել այս հարցին։ Մենք ասում ենք, որ եթե Հայաստանը ժողովրդավարական առաջընթաց է գրանցել՝ դրանով նաև ամրապնդել է երկրի անվտանգությունը, և դա կազդի Հայաստանի միջազգային հեղինակության վրա ու կբարելավի մեր դիրքերը բանակցային գործընթացում։ Բայց չե՞ք կարծում, որ սա միակողմանի մոտեցում է, որովհետև մյուս կողմից՝ ղարաբաղյան բանակցություններում գերիշխող են զուտ պրագմատիկ շահերը, և որևէ առաջնորդի Մինսկի խումբ կոչվող փակ «ակումբում» գնահատում են ոչ թե ըստ ժողովրդավարական հայացքների առկայության, այլ ըստ իր երկրի իրական քաղաքական, ռազմական ուժի, ազդեցության։ Եվ դժվար է պատկերացնել, թե այս փակ պրոցեսի շրջանակներում որևէ մեկի կարող են ասել՝ դուք ավելի ժողովրդավարական եք, ուրեմն ձեզ զիջումներ կանենք։ Ընդհակառակը, նույն ադրբեջանցիները, իրենց թուրք գործընկերները, շատերը Արևմուտքում Հայաստանի նոր ղեկավարին ասում են, թե եթե ունեք լեգիտիմ իշխանություն և ստացել եք ժողովրդի մանդատը՝ ի տարբերություն նախկին իշխանությունների, ապա պետք է քայլեր ձեռնարկեք «խաղաղության» հասնելու ուղղությամբ։ Նման հայտարարություն Երևանում արեց Թրամփի խորհրդական Բոլթոնը, և մեր նախորդ հարցազրույցում Դուք դրա վերաբերյալ նշեցիք, որ ԱՄՆ-ը անարդարացիորեն սլաքներն ուղղում է Փաշինյանի վրա։ Թուրք պատվիրակն էլ, ԵԽԽՎ-ի նիստին դիմելով Փաշինյանին, այնպես ձևակերպեց իր հարցը, կարծես մինչ օրս Հայաստանն է եղել խաղաղության միակ խոչընդոտը, և հիմա Փաշինյանը կարող է օգտագործել իր ժողովրդականությունը Հայաստանը «դեպի խաղաղություն տանելու համար»։

– Բավական բազմաշերտ հարց է՝ մի շարք այլ ենթահարցերից բաղկացած։ Ակնհայտ է, որ այստեղ խոսքը միայն ժողովրդավարության և ավտորիտարիզմի հակադրության մասին չէ։ Ավելի շատ խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանում վերջապես ձևավորվել է այնպիսի էլիտա, որը, ի տարբերություն նախորդ վարչակարգերի, լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիրներ չունի և որի վրա այդքան էլ հեշտ չէ ճնշում գործադրել։ Միանգամայն այլ է, երբ խոսքը նման գործչի մասին է, որը ոչ միայն երկրի ներսում է մեծ հեղինակություն վայելում, այլև իր կերպարով աշխարհասփյուռ հայության շրջանում մոբիլիզացնող գործառույթ է փորձում կատարել ու նաև խիստ դրական է ընկալվում միջազգային հանրությունում։ Պրագմատիկ շահերը, իհարկե, կան։ Անշուշտ, մենք չենք կարող անտեսել ռուսական գործոնը, որը շարունակում է ծանրակշիռ լինել հակամարտության կարգավորման գործընթացում, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ Հայաստանը դեռևս տնտեսական և քաղաքական վիթխարի կախվածություն ունի Ռուսաստանի Դաշնությունից, ինչը ենթադրում է, որ Հայաստանը խիստ խոցելի է ռուսական քաղաքականության տարբեր դրսևորումներին, որոնք հաճախ կարող են հակահայկական երանգներ ունենալ։ Չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ միջազգային հանրությունում չկան կայուն արժեքներ, և հաճախ շահերը գերակշռում են, ավելի առաջնային պլան են մղվում։

Բայց եթե նայենք Հայաստանի տեսանկյունից՝ ի՞նչ կարող է անել Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկալի ռազմավարության շրջանակներում, ապա Հայաստանն ամեն ինչ պիտի անի այս շրջանակներում Ադրբեջանից տարբերվելու համար։ Ժամանակին նմանատիպ քայլ արեց Սաակաշվիլին՝ փորձելով ռուս-վրացական կոնֆլիկտը տեղափոխել քաղաքակրթական հարթություն. ասում էր՝ սա պայքար է եվրոպական դեմոկրատիայի և սովետական բռնապետության միջև։

Եվ նա միջազգային հանրությունում, Եվրամիության, ՆԱՏՕ-ի շրջանակներում բավական ընկալելի էր դառնում։ Նույնը կարելի է ասել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ՝ սա պայքար է դեմոկրատական Հայաստանի, Արցախի և ավտորիտար, բռնապետական Ադրբեջանի միջև։ Եվ այստեղ, ինչքան Հայաստանում ժողովրդավարական միտումները ուժեղանան, որն իր հետ կբերի տնտեսական զգալի զարգացումներ, երկրի հզորացում, այնքան Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեծանալու են, քանի որ մենք բազմաթիվ այլ տարրերի հետ գործ ունենք։ Հայաստանում մի ոլորտում դրական զարգացումները շղթայաձև բերելու են դրական զարգացումների նաև այլ ոլորտներում, ինչը միանշանակ՝ ուղղակի կամ անուղղակի դրական ազդեցություն է ունենալու ղարաբաղյան ռազմավարության շրջանակներում Հայաստանի դիրքերի վրա։

– Իսկ չե՞ք կարծում, որ ՀՀ պաշտպանության նախարարը Վիեննայի հանդիպումից հետո հենց այնպես նման հայտարարություն չէր անի։ Գուցե իրոք  կային տվյալներ այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է հարձակողական գործողությունների, այդ պատճառո՞վ Տոնոյանը կանխարգելիչ, նախազգուշական հայտարարությամբ հանդես եկավ։

– Հիմա բավական զգայուն և անորոշ իրավիճակ է այն առումով, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ակնհայտորեն ազդել են բանակցային գործընթացի, հակամարտության շուրջ ստեղծված իրադրության վրա։ Փաստորեն, Հայաստանի նոր վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արմատական, համակարգային հարցեր է բարձրացնում բանակցային ձևաչափի, Արցախի ներգրավվածության վերաբերյալ։ Եվ հատկանշական է այն, որ նա Վիեննայի հանդիպումից առաջ զանգահարել և հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ՝ դրանով փորձելով ցույց տալ, որ առանց ղարաբաղյան կողմի ներգրավվածության այս գործընթացը դատապարտված է ձախողման։

Ադրբեջանական կողմը, ըստ երևույթին, հայկական կողմի վարքագիծը դիտում է որպես ժամանակ ձգելու, որոշակի գործընթացները հետաձգելու փորձ։ Գուցե նախորդ վարչակարգի վրա ավելի հեշտ էին կարողանում ճնշում գործադրել, հասել էին մի կետի, երբ հնարավոր կլիներ իրենց տակտիկական քայլերն իրականացնել, իսկ հիմա իրավիճակն արմատապես փոխվել է։ Եվ հաշվի առնելով այն, որ այս փոփոխությունների ալիքի ազդեցության տակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է ձգձգվել, նրանք բավական ռազմատենչ հռետորություն են որդեգրում՝ ցույց տալով, որ չեն հանդուրժի Հայաստանի կողմից նոր պայմանների թելադրումը, գործընթացի արհեստական ձգձգումը, իսկ այս քաղաքականության շարունակման դեպքում նույնիսկ այս բանակցային գործընթացը կհամարեն սպառված և կդիմեն զենքի ուժին։ Ի պատասխան այս դիսկուրսին՝ Դավիթ Տոնոյանը փաստացի ցույց է տալիս, որ այնպես չէ, որ մենք փորձում ենք գործընթացը հետաձգել, կամ այնպես չէ, որ մենք պետք է նստենք, սպասենք, թե երբ են մեզ վրա հարձակվելու։ Մենք այդ ամենը հաշվարկում ենք, քաջ գիտակցում ենք և ունենք նաև այդ ամենին հակազդելու գործիքարան, մի խոսքով՝ լիովին տիրապետում ենք իրավիճակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում