Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու պահանջով


Ղարաբաղյան խնդրի շուրջ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անվտանգության խորհրդի այսօր ուժ երեկոյան նախատեսված նիստին ընդառաջ Երևանում բազմամարդ ցույցեր անցկացվեցին՝ Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու պահանջով։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքվել էին ռազմական գործողությունների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետևանքով Արցախում իրենց տները լքած կանայք իրենց երեխաների հետ, որոնց մեծամասնության ամուսիններն այս օրերին առաջնագծում են։ Նրանք միջազգային կազմակերպությունից պահանջում են աչք չփակել Ադրբեջանի քայլերի վրա ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Մենք պահանջում ենք՝ ճանաչեն Արցախի անկախությունը և վերջ տան այս ցեղասպանությանը», - ասաց հավաքվածներից մեկը:

Արցախցիների խոսքով՝ այն ամենն ինչ կատարվում է Ղարաբաղում սարսափելի է, ասուն են՝ թող աշխարհը հաշվի առնի իրենց գոյությունը: «Թողնեն մեր երկրի վրա մեր երեխաները խաղաղ ապրեն: Հերիք է արդեն աշխարհն աչքերը փակած մնա, այնտեղ զոհվում են անմեղ երեխաներ: Մի սերունդ արդեն իսկ զոհվել է, ինչքան կարելի է, 30 տարի մենք պայքարում ենք», - նշեց նրանցից մեկը:

Մայրերից մեկն ասում է՝ դուստրը դեռ խոսել էլ չգիտի, բայց արդեն գիտի՝ ինչ է վախը. «Զգացել է՝ ինչ է վախը, ինչ է ռմբակոծությունը ու ինչ է իր մոր արցունքները, որ չի հասկանում ինչից է այդպես ու հասկացել է՝ ինչ է նշանակում պապայի կարոտը»:

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին քայլերթով միացան բազմաթիվ քաղաքացիներ:

Օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն «Ազատությանը» հայտնել էր, որ կազմակերպությունը Հայաստանի տարածքում պատրաստ է օգնել այն մարդկանց, ովքեր լքել են իրենց տները՝ նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը խաղաղություն հաստատելու մանդատ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, այդ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է։

Ի դեպ, ղարաբաղյան հարցի շուրջ այսօրվա քննարկումը նախաձեռնել են հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։

Հայաստանցիներն այսօր նույն պահանջներով ցույց անցկացրին նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց, այնտեղ հավաքված քաղաքացիներն ակնկալում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանում:

«Կոշտ արձագանք, պատժամիջոցներ, այս օրերին նաև շարունակվում է ռազմամթերքի արտահանումը Թուրքիա, պայքարում ենք դրա դեմ, մեր բողոքն այսօր դրա մասին է», - ասաց ցուցարարներից մեկը:

Ղարաբաղյան այս նոր պատերազմի օրերին հայերը խաղաղ ցույցեր են կազմակերպում նաև արտասահմանում՝ եվրոպական երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այս հինգշաբթի էլ Իսրայելում ակցիա կանցկացվի՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով։

XS
SM
MD
LG