Մատչելիության հղումներ

Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր դատախազին


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին, ում հրապարակավ քննադատում էր վերջին նախագահական ընտրություններում ռուսների հնարավոր միջամտությունը հետաքննող գործից ինքնաբացարկ հայտնելու համար:

Ընդ որում, Սպիտակ տան ղեկավարը այդ պաշտոնը ժամանակավորապես վստահել է կառույցի աշխատակազմի ղեկավար Մեթյու Ուիթաքերին, ով շարունակ պաշտպանում էր նախագահ Թրամփին ու պնդում, թե ռուսների հետ դավադրության որևէ փաստ գոյություն չունի:

Ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ կադրային այս փոփոխությամբ նախագահ Թրամփը փորձում է սահմանափակել Արդարաատության նախարարության անկախությունը և շուտափույթ վերջակետ դնել արդեն երկու տարի շարունակվող հետաքննությանը, որի նպատակն է պարզել, թե ի վերջո Սպիտան տուն գալու համար նա օգտվե՞լ էր ռուսների աջակցությունից, թե՞ ոչ:

Սեշընզը անցած տարի թեժ բանավեճերից հետո ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը՝ միանգամից մի կողմ էր քաշվել այդ աղմկահարույց գործից ու դրա նկատմամբ վերահսկողությունը հանձնել էր իր տեղակալին․ - «Հատուկ կանոնադրություն կա, որը հստակ նշում է, որ եթե դու մասնակցել ես որևէ նախընտրական արշավի, չես կարող մասնակցել դրան վերաբերող որևէ գործի հետաքննության, ինչը կարծում եմ, ողջամիտ է: Ես նախագահ Թրամփի նախընտրական շտաբի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարն եմ եղել, և մասնագետների հետ խորհրդակցելուց հետո եկա այն կարծիքի, որ պարտավոր եմ ինքնաբացարկ հայտնել»:

Սպիտակ տան ղեկավարը, մինչդեռ, մասնագետների այս կարծիքը չէր կիսում, և անթաքույց հայտարարում էր, որ եթե նախապես իմանար Սեշընզի մտադրության մասին, նրան չէր առաջադրի գլխավոր դատաախազ: Ամիսներ առաջ՝ օգոստոսի վերջին, Թրամփը Թվիթերով հորդորել էր Սեշընզին անհապաղ փակել ռուսների միջամտության հարցով հետաքննությանը, իսկ երբ վերջինս անտեսել էր այդ կոչը, պնդել էր, որ նա «թույլ ու կամազուրկ մեկը դուրս եկավ»․ - «Ջեֆ Սեշընզը չպետք է ինքնաբացարկ հայտներ, կամ պետք է այդ մասին ինձ ասեր ժամանակին, և ես նրան չէի առաջադրի: Նա ստանձնեց պաշտոնը, հետո ասաց, թե մի կողմ է քաշվում, չեմ հասկանում՝ ի՞նչ տեսակ մարդ է սա»:

Ընդդիմախոսներին առավել մտահոգում է այն փաստը, որ Սեշընզի պաշտոնանկությունից հետո նախագահ Թրամփը պաշտոնակատար է նշանակել ոչ թե գլխավոր դատախազի տեղակալին, ինչպես արվում է նման դեպքերում, այլ նախարարության աշխատակազմի ղեկավար, 49-ամյա Մեթյու Ուիթաքերին. վերջինս կառավարությունում աշխատանքի հարուստ փորձ չունի, նախարարություն է եկել ընդամենը մեկ տարի առաջ, սակայն հայտնի է CNN.com-ում անցած տարի հրապարակած մի հոդվածով, որտեղ պնդել էր, թե դատախազությունը պետք է սահամանափակի Մյուլերի հետաքննության շրջանակը և զերծ պահի նրան նախագահ Թրամփի ընտանիքի ֆինանսական գործերից: Հիմա, փաստորեն, նա անձամբ կարող է գնալ այդ քայլին. նախարարությունը տեղեկացրել է, որ Ուիթաքերը վերահսկելու է բոլոր գործերը, այդ թվում՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը:

«Եթե Թրամփը փորձի միջամտել, մենք իմփիչմենթի գործընթաց կսկսենք», - սպառնում են դեմոկրատները, որ հիմա արդեն դրան հասնելու առավել մեծ հնարավորություններ ունեն: Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Ներկայացուցիչների տունն անցավ ընդդիմության վերահսկողության տակ:

«Ակնհայտ է, որ նախագահ Թրամփը թաքցնելու ինչ-որ բան ունի», - հայտարարել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը: - «Ռոբերտ Մյուլերի և նրա վարած հետաքննության պաշտպանությունը ծայրահեղ կարևոր է: Այն սահմանափակելու փորձը սահմանադրական ճգնաժամ կառաջաջացնի, և հուսով եմ, որ նախագահ Թրամփն ու նրա խորհրդականները զերծ կմնան դրանից»:

Արդեն 18 ամիս շարունակվող քննության արդյունքում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմը մեղադրանք է ներկայացրել 34 մարդու և երեք ընկերությունների, ութ մեղադրյալ ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Ավելին, քննության հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել նախագահ Թրամփի մի քանի բարձրաստիճան օգնականներ, այդ թվում՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը, վրջինիս նախկին տեղակալ Ռիկ Գեյթսը, Թրամփի նախկին անձնական փաստաբան և նվիրյալ աջակից Մայքլ Քոհենը:

Ամերիկյան լրատվամիջոցները վերջին ամսիներին գրում էին, թե Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Մյուլերի թիմը նոր մեղադրանքներ է ներկայացնելու՝ չբացառելով, որ կասկածյալների շարքում կարող է լինել նաև նախագահ Թրամփի որդին: Բացի այդ, հաղորդվում էր, որ քննչական խումբը բանակցությունների մեջ է Սպիտակ տան հետ՝ անձամբ նախագահին հարցաքննելու շուրջ:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, Fox-ին տված հարցազրույցում անցած շաբաթ ասել էր, թե պատրաստ է պատասխանել Մյուլլերի հարցերին՝ վերստին ընդգծելով, որ մեղադրանքները «հորինված են և սուտ»․ - «Այս հետաքննությունը ամբողջովին ապօրինի է, և շատերն են ինձ հետ համակարծիք: Որևէ դավադրություն չի եղել, ես Ռուսաստանի հետ որևէ գործ չեմ ունեցել»:

Պաշտոնական Կրեմլը ևս կտրականապես հերքում է 2016-ի ամերիկյան ընտրություններին միջամտելու մասին մեղադրանքներն ու պնդում, թե երբեք որևէ երկրի ներքին քաղաքականությանը չի խառնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG