Սերժ Սարգսյանը վարչապետ դարձավ փշալարերով շրջապատված Ազգային Ժողովում

Այսօր Սերժ Սարգսյանը վարչապետ դարձավ փշալարերով, զրահատեխնիկայով ու ոստիկանական զորքերով շրջապատված Ազգային Ժողովում: Պատճառն ակնհայտ է՝ հազարավոր քաղաքացիներ այդ պահին փողոցներում իրենց բողոքն էին արտահայտում նրա դեմ: Սովորականի նման Սերժ Սարգսյանը, գործի դնելով ոստիկանությանը, սադրիչներին, մասնավոր «ախրաննիկներին» փորձում է չտեսնել քաղաքացիների պահանջը: Այսպես նա սովոր է: Այսպես է եղել եւ՛ 2008 թվականի Մարտի 1-ին, եւ՛ 2013 թվականին:

Այսօր ԱԺ-ի շուրջբոլորը, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող կենտրոնական փողոցներում, նրբանցքներում այնպիսի իրավիճակ էր տիրում, որն ընդհանրապես որևէ աղերս չուներ ժողովրդավարական երկրի ղեկավարի ընտրության հետ: Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկից սկսած՝ ոստիկանությունն աննկարագրելի խստացված հսկողություն էր իրականացնում: Այս խաչմերուկում փշալարերի երկշերտ պատնեշ կար, իսկ արդեն բուն Բաղրամյան պողոտայում յուրաքանչյուր փշալարի շարքի մեջ տեղադրված էին արցունքաբեր գազ արտանետելու համար նախատեսված սարքեր, որոնք միմյանց հետո փոխկապակցված էին էլեկտրահաղորդման լարերով: Սրան հաջորդում էին ոստիկանական մի քանի պատնեշները, իսկ նրանց հետեւում զինտեխնիկան էր՝ զրահամեքենաներ, ջրցան մեքենաներ: Նույն իրավիճակն էր նաեւ Դեմիրճան- Բաղրամյան խաչմերուկում եւ պողոտայի սկզբնամասում: Ստեղծված իրավիճակը ցայտուն առարկությունն էր ՀՀԿ-ական այն ներկայացուցիչներին, որոնք կարծում էին, թե Սերժ Սարգսյանն արժանի էր 3-րդ անգամ երկրի ղեկավար ընտրվելուն: Եվ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի պայմաններում Սերժ Սարգսյանը այսօր ԱԺ-ում առանց կարմրելու հայտարարեց, որ ժողովուրդը ենթարկվում է մեծամասնությանը:

Ի վերջո Սերժ Սարգսյանը վարչապետ դարձավ 77 կողմ քվեով: Դեմ քվեները 17-ն էին: Ծառուկյան դաշինքի պատգամավորների մի մասը կողմ էր, մնացածը՝ դեմ: ԵԼՔ-ի՝ նիստին ներկա պատգամավորները դեմ քվեարկեցին:

ՀՀԿ-ականները այսօր կրկնապատկելով իրենց քծնանքի չափը, որը ցուցաբերել էին մինչ այս՝ Սերժ Սարգսյանին պատեհ-անպատեհ հռչակելով անփոխարինելի, այսօր եւս փորձեցին իրավիճակը նույն կերպ ներկայացնել: Օրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ ներկայացնում էր իրենց թեկնածուին, ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը նվիրվել է հայրենիքին, նրա պաշտպանությանը, անվտանգությանն ու առաջընթացին:

«Սերժ Սարգսյանն առաջնորդվել է մի սկզբունքով՝ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը եւ բարեկեցիկ կյանքը։ Գնահատելով Սերժ Սարգսյանի անցած ուղին, նրա վարած արտաքին քաղաքականությունը, համբերատար եւ հմտորեն բանակցելու ընդունակությունը, մեր հանրապետության զարգացումն ապահովելու կարևորությունը՝ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները ներկայացնում են Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը», - հայտարարեց Բաղդասարյանը՝ մոռանալով կամ միտումնավոր շրջանցելով երկրում տիրող անարդարություններն ու համատարած թշվառությունը, որ իր անմիջական պատասխանատվությամբ մենք ունեցել ենք Մարտի 1, «Էլեկտրի Երեւան», Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններ, որտեղ քաղաքացու անվտանգությունը երաշխավորված չի եղել:

Սերժ Սարգսյանն իր ելույթը կառուցեց արտաքին անվտանգության խնդրի շուրջ, շահարկելով, որ մեր հարեւանությամբ գտնվում են թշնամի երկրներ, եւ ինքը չի կարող թողնել ու հեռանալ: Նա անդրադարձավ նաեւ իր այն հայտնի հայտարարությանը, որն արել էր 2014 թվականի ապրիլի 10-ին, որտեղ հստակ ասում էր՝ չի հավակնում վարչապետի պաշտոնին:

«Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում»,- ասաց նա։

Հանրապետականները իրենց հարցերը նրան ուղղեցին հենց այս տրամաբանության շրջանակներում, թե ապրիլյան պատերազմից ի՞նչ դասեր ենք քաղել, ինչպե՞ս պաշտպանությունը կազմակերպել եւ այլն: Ի պատասխան՝ Սարգսյանը հայտարարեց է, որ Ադրբեջանի նախագահն ուխտադրուժ է, եւ ամեն օր կանգնած ենք հարձակման վտանգի առջեւ:

Ընդդիմությունից հարցադրումներ եղան աղքատության, արտագաղթի մասին: Սերժ Սարգսյանը Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հարցադրումներին ի պատասխան նշեց, որ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի բանկերում ՀՀ քաղաքացիների ավանդների ծավալը կազմում է 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ: Սերժ Սարգսյանի թվաբանության արդյունքում այս ավանդները պատկանում են ՀՀ շարքային քաղաքացիներին: Պատգամավորի հարցին, թե այս թվաբանությանը զուգահեռ արտագաղթը ինչով կբացատրի, Սարգսյանն առաջարկեց պարզապես հավատալ իր թվերին: ԵԼՔ-ից Արտակ Զեյնալյանի հարցերն իրավական ոլորտից էին: Մասնավորապես, հարցերից մեկին, թե՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց:

Այնուհետ սկսեցին պատգամավորների ելույթները: ՀՀԿ-ն այսօր ԱԺ-ում խփեց Սերժ Սարգսյանին ուղղված գովասանքի վերջին ակորդին: Շարմազանովն, օրինակ իր արտահերթ ելույթում Սերժ Սարգսյանին դիմելով՝ նոր բառ հորինեց հայոց լեզվի՝ իր անսպառ երևակայությանը մատչելի անդաստանում. «Հարգապատիվ պարոն Սարգսյան... այո, այսօր հիշարժան օր է հայոց խորհդարանում»,- իր առաջնորդով զմայլվեց Շարմազանովը: 

Պակաս ուշագրավ չէր նաեւ Արմեն Աշոտյանի ելույթը: Նա նախ Սերժ Սարգսյանին համեմատեց աթենական գործիչ Պերիկլեսի հետ այն համատեքստում, որ դժվար է ղեկավարել ազատ մարդկանց: Այնուհետ մի պատմություն պատմեց. «Երեկ փողոցում զբոսնում էի, մի տարեց մարդ մոտեցավ, ավելի լավ,ասաց, քան բոլոր 10 պատգամավորները՝ ԱԺ ամբիոնում: Ասաց՝ Սերժ Սարգսյանը ուժեղ մարդ է, ինքը պարտավոր է երկիրը դզել»,- ասաց նա:

Վերջում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով գովեստի այս ու այլ խոսքերին, խոստովանեց, որ իր կուսակցիները գերագնահատում են, եւ կարելի էր մի քիչ համեստ գտնվել:

Խորհրդարանական պայքարի կողմնակից ընդդիմադիրները փորձեցին սուր ելույթներ ունենալ: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ոչ մի բան չի փոխել եւ չի փոխելու:

«Ես շատ եմ քննադատել սահմանադրական բարեփոխումները, բայց պարզվեց՝ այդ բարեփոխումները մի շատ լավ կողմ ունեն: Վեց տարվա մեջ առաջին անգամ, ինչ ես ԱԺ պատգամավոր եմ, վերջապես այստեղ է Սերժ Սարգսյանը, և մենք կարող ենք նրան հարցեր տալ, ելույթներ ունենալ: Մենք վերջապես կարող ենք պաշտոնյային ասել, թե ինչ է իրականում տեղի ունենում: Այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, որ ում ինչ ասում ենք, ասում է՝ ես կապ չունեմ ու Ձեր նկարն է ցույց տալիս, ասում են՝ իրեն ասա: Սա է մեր երկրի քաղաքական համակարգը: Մենք խոսում ենք բարեփոխումների մասին: Ձեզ պետք է խնդրենք, որ դուք ոչ մի բարեփոխում այլևս չանեք: Ինչքան դուք բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել, ինչքան մենք փորձել ենք լավ բան անել` դուրս է եկել` վատ բան: Ձեր առողջապահության նախարարն ամեն օր այնպիսի բան է մտածում, որ մարդկանց համար անհարմար լինի, նա ձեզ զեկուցե՞լ է այդ մասին, Ձեր տրանսպորտի նախարարը կարծում է, որ երկրի թիվ մեկ պրոբլեմը աջ ղեկն է, ու ինքը պետք է դրանով զբաղվի: Որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց: Հյուսիս- հարավ ավտոճանապարհը չի վերջացել, դա սկսվել է այնտեղից, որտեղ ամենալավ ճանապարհն էր, կարելի՞ էր արդյոք սկսել այնտեղից, որտեղ ամենալավն էր: 10 տարի է Հյուսիս- հարավից ենք խոսում: Հիմա վարկը կա, տները կան, սաղ հարուստ են ու երջանիկ, բայց ճանապարհը չկա»,- նկատեց նա:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը զարմանք հայտնեց, թե այդ ինչպես պատահեց, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է: Բայց նախ հիշեց եղբոր՝ Վազգեն Սարգսյանի խոսքերը:

«Եղբայրս շատ կարեւոր բաներ է ասել, որոնք արժի, որ հիշի ՀՀԿ-ն: Խոսքս վերաբերում է «21-րդ դարը մերն է լինելու» կոչին, վերաբերում է զարգացող ՀՀ ունենալու ոճին, արդյո՞ք այն Հայաստանը, ինչը որ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն էր: Նա 96-ից հետո հետեւություններ արեց՝ 99-ին ինքը մեկ տարի առաջ իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին երկու ամսով խնդրեց դաշինք կնքել, որ կարողանա ԱԺ ընտրություններում ժողովրդի վստահություն ու քվե ստանա: Ի՞նչ է անում այսօրվա ՀՀԿ-ն: Ասեք՝ չէ, չենք տվել 10 հազար դրամ: Նույն բանն ասում եք կոռուպցիայի մասին՝ չկա կոռուպցիա, չենք տվել, ընտրակաշառք չենք բաժանել, բաժանել ենք՝ ձեռքները բռնեիք, մի հատ նկարեիք, ցույց տայիք: Կարող եք ասել, դրանից բա՞ն է փոխվում: Ժամանակին ասում էիք՝ գաղջ մթնոլորտը ցրել է պետք: Ցրեցի՞ք էդ գաղջ մթնոլորտը, ասում էիք, որ անվստահության պատերը քանդել է պետք, քանդվա՞ծ են: Էդ անվստահության պատերը այ հենց հիմա այս շենքի մոտ դրված են: Որեւէ մեկը չի խոսում այդ մասին, կարծես մենք մենակ էս դահլիճում ենք, Հայաստանը էս դահլիճն է, կարծես դահլիճից դուրս Հայաստան չկա: Չէ, ժողովուրդ, Հայաստանը ելք ունի, ելքը ոչ միայն դրսում է, ելքը նաեւ էս դահլիճում է, եթե մենք սրանից հետեւություն չենք  անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու ուղղակի: Ասում եք, որ ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին, բա էսքան տարի իշխանության մեջ եք, բա փոխանցեիք: Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է: Այ սա է այսօրվա իրավիճակը: Ձեզնից հետո էլի վարչապետ է լինելու, թողեք, թող այդ մարդը գա այնտեղ ապրի: Ինչի՞ եք մնացել էդտեղ, Ազգային անվտանգության շենքի վերեւում բան կար, հիշում եմ, 99-ին ուզում էիք, գայիք այնտեղ, էլի: Ձեզանից առաջ  էդքան ղեկավարներ են եղել, եկել, գնացել են, որեւէ մեկը չի բան արել մնալու: Ինչի՞ եք էն բաներն անում, որ այսօր հանրությունն այս վիճակին լինի»:

Սերժ Սարգսյանը վերջում նաեւ անդրադարձավ իր դեմ պայքարող ցուցարարներին եւ դիմելով ԵԼՔ-ի ներկա պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանին մեսիջ հղեց.

«Խորհուրդս հետևյալն է՝ դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու համար: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: 

Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան և Ազգային ժողովի շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով՝ ձեր փոխարեն օրենքներ գրեն, դրանք ձեր մոտեցումներն են, դրանք ձեր պատկերացումներն են: Եթե ոչ՝ դուք հակառակ կողմում պետք է լինեք. դուք պետք է լինեք օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին: Բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է՝ ո՛չ պարտադրանք, ո՛չ դատավճիռ և ո՛չ էլ մեղադրանք»,- ասաց նա: 

Ի դեպ, Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց. «...որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»:

Այս հայտարարությունը միանշանակ սպառնալիք էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Հավանաբար քնած հրաբուխը քաղաքացիներն են, իսկ բզբզացողը՝ Նիկոլ Փաշինյանը, որին հաջողվում է հազարավոր քաղաքացիների այս օրերին փողոց հանել:

Տպել
10171 դիտում

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը