211652_close_icon
views-count10318 դիտում article-date 16:00 09-02-2020

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին՝ ժնևյան հանդիպման առնչությամբ Արցախի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի արտահայտած դրույթների վերաբերյալ ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքին՝ ի պատասխան. Արցախի Հանրապետության Նախագահն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Հանրապետության կառավարման՝ իրեն վերապահված գործառույթները: Արցախի Հանրապետության Նախագահը, ստանձնելով պաշտոնը, օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»: Այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնը նույնացնում է «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ» եզրույթի հետ, կրկին անգամ հաստատում է, որ Վիտալի Բալասանյանի կողմից տրված գնահատականը համապատասխանում է իրականությանը. այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ «քննարկվել են Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցային ձևաչափում ներառել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին: Արցախի ժողովրդի և իր ընտրյալ իշխանությունների նկատմամբ բացահայտ դավաճանություն կարելի է որակել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչի՝ միջազգային ճանաչման գործընթացին, փաստորեն, լծվել են նաև ՀՀ ներկայիս իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արտգործնախարարի, ով ԺՆևում կայացած բանակցությունների ժամանակ Արցախի իշխանություններին և Արցախի Նախագահին ներկայացնում է որպես Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ՝ սրանով իսկ փորձելով նույն հարթության վրա դնել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին և Արցախի Նախագահին: Անընդունելի և դատապարտելի է սույն իրողությունը, որը, մեր համոզմամբ, հետապնդում է մեկ նպատակ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների բանակցություններում լեգիտիմացնել նաև Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը: [b]Վիտալի Բալասանյանի գրասենյակ ԱՀ, Ստեփանակերտ 08.02.2020թ.»[/b]

Նմանատիպ նյութեր