Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում ընթանում է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը


Վլադիմիր Պուտին և Էմանյուել Մակրոն, Սանկտ Պետերբուրգ, 24-ը մայիսի, 2018 թ․
Վլադիմիր Պուտին և Էմանյուել Մակրոն, Սանկտ Պետերբուրգ, 24-ը մայիսի, 2018 թ․

Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում այսօր հանդիպում են Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Մակրոնը ժամանել է իր տիկնոջ հետ։ Մինչ հանդիպումը երկու երկրների ղեկավարներն ընգծել են՝ չնայած բոլոր դժվարություններին, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճում է: «Անցած տարի այն աճել է մոտ 25 տոկոսով»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Հանդիպումից հետո նախատեսված է մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրում, որոնք, մասնավորապես, վերաբերում են ռուս-ֆրանսիական տնտեսական համագործակցությանը:

Վաղը՝ մայիսի 25-ին, Ֆրանսիայի նախագահը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկած միջազգային տնտեսական ֆորումի պլենար նսիտին։ Սա Մակրոնի առաջին այցն է Ռուսաստան, Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց հետո: Մինչ այդ երկու երկրների ղեկավարները երկու հանդիպում են ունեցել։ Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկած 22-րդ միջազգային տնտեսական ֆուումին բացի Մակրոնից մասնակցում են նաև Ճապոնիայի վարչապետ Սինձու Աբէն և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպում էր ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Պուտին-Մակրոն բանակցությունների օրակարգը գրեթե նույնությամբ համընկնում է Պուտին-Մերկել բանակցությունների օրակարգին: Սիրիայի և Ուկրաինայի հետ կապված՝ Փարիզն ու Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունեն, սակայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ նրանց մոտեցումները նույն են՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան չեն ցանկանում, որ չեղարկվի Իրանի հետ կնքված միջուկային գործարքը։

Պուտին-Մակրոն բանակցություններն անցնում են իրանական միջուկային գործարքի չեղարկաման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հարաբերություններում առաջացած բարդությունների ֆոնին։ Ռուսաստանը, որոշ փորձագետների կարծիքով, կարող է օգտվել այդ իրավիճակից ու փորձել՝ այդ բարդություններն էլ ավելի խորացնել:

Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ, ինչպես և Մերկելի հետ հանդիպման ժամանակ, Մակրոնի հետ բանակցություններում ևս Պուտինը չի բարձրացնելու Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցը։

Ինչ վերաբերում է բուն ֆորումին, այսօր այնտեղ արդեն մի շարք զեկույցներ են հնչել: Անդրադառնալով պատժամիջոցներին, Անտոն Սելուանովն, օրինակ, հայտարարել է՝ այդ պատժամիջոցներն, իհարկե, բացասաբար են ազդում ՌԴ տնտեսության վրա, սակայն, մյուս կողմից, դրանք ստիպում են ՌԴ իշխանություններին՝ ավելի արագ տեմպերով բարեփոխումներ իրականացնել:

Եվրոպական համալսարանի ավագ գիտաշխատող Անդրեյ Զաոստրովցևը «Ազատության» ռուսական ծառայության հետ զրույցում շեշտել է, թե Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական գագաթնաժողովը «նախ և առաջ փիառ ակցիա է»: «Սա կարևոր է քաղաքական տեսանկյունից։ Քաղաքական գովազդ է: Տեսեք՝ չնայած բոլոր պաժամիջոցներին, ժամանում են Մակրոնը և ուրիշները։ Իսկ տնտեսական պայմանագրերը կարելի էր ստորագրել և առանց աղմուկի, ու դրանց մասին ոչ մեկը չէր իմանա»,- «Ազատությանն» ասել է փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG