29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեքսիկայի պատգամավորները՝ Արցախի Ազգային ժողովում

NA_10

Մեքսիկական Միացյալ Նահանգների պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոն, Կառլոս Էռնանդես Միրոն Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ հոկտեմբերի 24-ին հյուրընկալվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովում:

Հյուրերին ընդունել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով նշել է որ Արցախի Հանրապետությունը շահագրգռված է բարեկամական հարաբերություններ ունենալու տարբեր երկրների հետ: «Մեզ համար շատ ցանկալի է, որ առաջին ծանոթությունը հետագայում ևս իր շարունակությունն ունենա: Կարծում եմ՝ այս այցելությունը մեր հարաբերությունների համար շատ լավ սկիզբ է»,-ընդգծել է խորհրդարանի նախագահը:

Խոսելով Արցախի ժողովրդի պայքարի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների վարած հակահայ քարոզչության և շփման գծում պարբերաբար հրահրվող ռազմական գործողությունների մասին:

«Արցախի ժողովրդի պայքարը Ադրբեջանի դեմ չէ, Արցախի ժողովրդի պայքարը իր ազատության և խաղաղության համար է»,-շեշտել է Էդուարդ Շարմազանովը:

Պատասխանելով մեքսիկացի խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Բլանկա Դոմինգեսի՝ Ադրբեջանի կողմից Արցախի ազատության սահմանափակման պատճառների մասին հարցին, Արցախի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ նաև խորհրդարանական կապերի միջոցով է հնարավոր միջազգային հարթակներում ներկայացնել Արցախը և արգելափակել Ադրբեջանի կողմից տարածվող հակահայկական մտացածին քարոզչությունը:

«Մեր այցը շատ լավ նախադեպ է մեքսիկացի պաշտոնյաների հետագա այցերի համար և մենք համագործակցելու ենք Ձեզ հետ, քանի որ կարծում ենք, որ ազատությունն ու մարդու իրավունքները ամեն ինչից վեր են»,- նշել է Բլանկա Դոմինգեսը:

Ընդգծելով հանդիպման կարևորությունը՝ մեքսիկացի պատգամավոր Կառլոս Միրոն նշել է.

«Շատ կարևոր է, որ այսպիսի հանդիպումների ժամանակ մենք ձայն բարձրացնենք և կոչ անենք խաղաղության ու երկխոսության»:

Խորհրդարարանի նախագահը հյուրերին ներկայացրել է այն խնդիրները, որոնց Արցախը հանդիպում է աշխարհին ներկայանալու ճանապարհին: Խոսվել է նաև Արցախում պետականաշինության ընթացքի, խորհրդարանի կառուցվածքի և միջխորհրդարանական կապերի մասին:

Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ Մեքսիկայի հետ այսօր ձևավորվող միջխորհրդարանական հարաբերություններն այսուհետ ավելի կխորանան: «Յուրաքանչյուր գործի սկիզբը դժվար է, բայց դուք ստանձնել եք այդ դժվարությունը, ուստի ընդունեք, որ հանձին Արցախի 150 000 բնակչության՝ դուք ունեք բարեկամ երկիր»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

Խորհրդարանում նախատեսված հանդիպումների երկրորդ հատվածում Մեքսիկական Միացյալ Նահանգների պատգամավորների պալատի անդամները հանդիպել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը կարևորել է նման հանդիպումները և հույս հատնել, որ որպես աշխարհի հզոր երկրներից մեկը, Մեքսիկան ըմբռնումով կմոտենա Արցախի պայքարին և կաջակցի, որպեսզի այն նույնպես դառնա աշխարհի՝ իրավական տեսանկյունից ընդունված   երկրներից մեկը:

Հանդիպման ընթացքում մեքսիկացի պատգամավորներն Արցախի խորհրդարանականներին են ներկայացրել Արցախում ստացած իրենց տպավորությունները, այնուհետև խոսել երկկողմ փոխհարաբերություններն ընդլայնելու հետագա քայլերի մասին:

«Մենք տեղյակ ենք ձեր խնդիրներին: Այսօր, ֆիզիկապես ներկա գտնվելով այստեղ՝ տեսնում ենք մեծ տարբերություն մեր պատկերացրած և իրական Արցախի միջև: Սա ավելի է պարտավորեցնում մեզ՝ ձեր ձայնը լսելի դարձնելու համար»,-նշել է Մարիա Կրիստինա Բրավոն:

Խոսելով Արցախի պատմության և մշակույթի մասին՝ Կառլոս Միրոն ներկայացրել է երկու երկրների մշակույթների նմանության իր դիտարկումը և այն հիմնարար համարել հետագա փոխգործակցության համար: «Թույլ տվեք մեզ մաս կազմել Արցախի պատմությանը»,- իր խոսքը եզրափակել է մեքսիկացի պատգամավորը:

«Մենք ևս փնտրում ենք իրական ազատություն և գիտենք՝ ինչ է նշանակում պայքարել ազատության համար»,- ընդգծել է Բլանկա Դոմինգեսը:

Խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները մեքսիկացի գործընկերների հետ հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել և այդ համատեքստում ուղենշել որոշ ոլորտներ:

Մինչ խորհրդարանում հանդիպումները, առավոտյան պատվիրակությունը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ