Բաժիններ՝

«Ցուցակ եք հրապարակում՝ ասելով, որ այս մարզում այսքան գումարով հնարավոր է բնակարան ձեռք բերե՞լ, ախպեր ջան, առ՝ տուր». Փաստաբանը՝ Կառավարությանը

2018թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը որոշեց 1141 զորացրված սպաներից  յուրաքանչյուրին տալ միջինը 5 մլն դրամի վկայագիր, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար։ Դրա համար ՀՀ  կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ–ին հատկացվելու է 5 մլրդ 705 մլն դրամ։ Տեղեկացնենք, որ Կառավարության 2007թ. 384 Ն որոշման համաձայն՝ պետությունը զինծառայողներին պարտավոր է ապահովել «կամ անհատույց օգտագործման, կամ սեփականության իրավունքով բնակարաններով, կամ տնամերձ հողամասով բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսավորումով»։

«Երբ Վիգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար՝  զինվորական օրենսդրությունն ամբողջովին փոփոխության ենթարկվեց, օրենքների մի մասն ուժը կորցրեց,  և 2017 թվականի դեկտեմբերից ուժի մեջ մտավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով կարգավորվում է նաև զինծառայողների բնակարանային պայմանների խնդիրը: Վիգեն Սարգսյանը ներմուծեց, այսպես ասած, նպատակային հիպոթեքային  վարկավորման հեռանկարով զինծառայողների բնակարանների պայմանների բարելավման այս ծրագիրը, բայց, միաժամանակ, հենց այդ նույն օրենքում դրույթ ամրագրվեց, որ այն զինծառայողները, ովքեր կհրաժարվեն հիպոթեքային պայմաններով բնակարաններ ստանալ, նրանց իրավունքը՝ պետությունից անհատույց բնակարան կամ ֆինանսական աջակցություն ստանալ, պահպանվեց:

Իսկ հեղափոխությունից հետո Կառավարությունը պահեստազորի սպաների հետ մի քանի հանդիպումների ընթացքում, ըստ էության, տվել են խոստումներ, որ բավարարելու են սպաների պահանջները, սակայն 2019թ. մայիսին ընդունվեց Կառավարության 540 Ն որոշումը, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին 2007թ. 384 Ն որոշման մեջ՝ բնակարանների տրամադրման ընթացակարգի մասով, որը չի լուծում ամբողջ խնդիրը, ավելին, դա կիսատ լուծում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Առաջարկվում է անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու փոխարեն՝ մարզերում, գյուղական համայնքներում գտնվող սպաների, պահեստազորի զինթոշակառուների բնակարանային պայմաններն ապահովել 90 տոկոսով: Հարց է  առաջանում՝ բա այն 10 տոկոսն ո՞վ պետք է վճարի, ինչո՞ւ պետք է սպան վճարի, եթե մինչ այս գործող իրավակարգավորումներով պետությունը պարտավոր է անհատույց, ամբողջովին  100 տոկոսով  ապահովել նրա բնակարանային պայմանների բարելավման խնդիրը, իսկ  Երևանում բնակվողներին հատկացնում են 50 տոկոս: Հարցի լուծման համար մի քանի տարբերակ եմ առաջարկում՝ առաջինը ՀՀ վարչապետին կհորդորեի Պաշտպանության նախարարից պահանջել 1991 թվականից սկսած՝ բարձրագույն սպայական կազմին տրամադրված բնակարանների ցուցակը, թե զորամասի հրամանատարներից, վարչության պետերից, գեներալներից ովքե՞ր են բնակարաններ ստացել, այդ ժամանակ ունեցե՞լ են բնակարանային պայմանների բարելավման կարիք:

Օդում պտտվող տեղեկությունների համաձայն՝  կան մի շարք գեներալներ, ովքեր զբաղեցնելով շատ լուրջ պաշտոններ, հանրության շրջանում ունենալով «հեղինակություն», չունենալով որևէ սոցիալական խնդիր՝ ստացել են բնակարան: Այ, եթե կառավարությունը լուծի այդ խնդիրը, դնի տների հետ վերադարձման հարց՝ այս խնդիրը չէր առաջանա: Եթե իսկապես կոռուպցիայի պայքարի տրենդի մեջ են՝ կհորդորեի պահանջել այդ ցուցակը, որովհետև եթե չլիներ անօրինական, կոռուպցիոն մթնոլորտում իրականացված բնակարանների բաշխումը, սպաների խնդիրն  այսօր չէր լինի: Երկրորդ՝ Երևանում բնակարանի համար հատկացվող 50 տոկոսի հետ կապված ասեմ՝ ինձ մոտ տպավորություն է, որ այս երկրում այդ 50 տոկոսի փիլիսոփայությունը դեռ հաղթահարված չէ: Լավ, 50 տոկոս եք տալիս, շատ բարի, վաղը եկեք բանկերի հետ բանակցեք, մնացած 50 տոկոսը, պետություն ջան, վերցրու քո վրա ու փակիր վարկը, այս մարդկանց էլ հնարավորություն տուր 100 տոկոսվ սեփականության իրավունքով ստանալ այն: Դա քո խնդիրն է և պարտավոր ես լուծել: Մարդուն չպետք է հերթական անգամ թողնել անորոշության գիրկը: Այս մարդիկ զինված ուժերի հենարանն են»,- նկատեց փաստաբանը:

«Բնականաբար, լինելու են մարդիկ, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ, փորձելու են գումարները ստանալ, տանել՝ ցորենը ցանեն, վարկը փակեն, պետությունն էլ ասելու՝ տեսեք, ես խնդիրը լուծեցի: Գումա՞ր եք նախատեսում, ցուցակ եք հրապարակում՝ ասելով, որ այս մարզում այսքան գումարով հնարավոր է բնակարան ձեռք բերե՞լ, ախպեր ջան, առ՝ տուր»,- հավելեց Նորայր Նորիկյանը:

Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 10-ին  Կառավարության նիստում ընդունվել է պաշտոնաթող զինծառայողներին բնակարաններով ապահովելու մասին օրինագիծը: Ըստ որի՝ Կառավարությունը տրամադրում է 5,7 մլրդ դրամ գումար, որի շրջանակում Երևանում ֆինանսական աջակցություն է հատկացվելու բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքի 50 տոկոսի չափով, իսկ գյուղական վայրերում ու այլ քաղաքներում (բացառությամբ Կոտայքի մարզի
Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքի 90 տոկոսի չափով:

 

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս