1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարների վճարման գործընթացը

Կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների 
հատուցման գումարների վճարման  գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝  գիտական և գիտատեխնիկական ոլորտում գիտության հասարակական վարկի բարձրացմանը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության ապահովմանը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու համար:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, որոշմամբ նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նախատեսվում է 2022 թ. հունվարի 1-ից սահմանել գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի մինչև  2025 թ-ը կլինի աշխատավարձերի աստիճանական աճ:

Այսպիսով, 2021 թվականին պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է 4,072,898.4 հազ. դրամ, իսկ որոշման ընդունումից հետո 2022-2025 թթ. համար այն կկազմի համապատասխանաբար՝ 7,698,513.6, 9,970,200.0, 12,409,440.0 և 14,419,518.0 հազ. դրամ: Բազային աշխատավարձերի նորմավորումն ըստ գիտական կադրերի տարակարգի՝ կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կապահովի գիտության ոլորտում կադրերի բնականոն արտահոսքն ու ներհոսքը, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ այդմ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդն կքառապատկվի. «Նախ զուգահեռ, ինչպես ուսուցիչների դեպքում, ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու: Այսինքն՝ որպեսզի մենք համոզված լինենք, որ ոչ թե ուղղակի ըստ հաստիքացուցակի ենք ավելացնում աշխատավարձերը, այլ՝ որոշակի որակական չափանիշների: Սա ամենակարևոր առանձնահատկություններից է:

Հաջորդ խնդիրը՝ գիտաշխատողներն որոշակի ֆինանսական հնարավորություններ են ստանում ոչ միայն բազային աշխատավարձով, այլ թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենալու: Եթե սա հաշվի ենք առնում, ապա՝ կախված թեմայից, գիտական խմբից, աշխատանքից, Հայաստանում գիտնականի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների հետ համեմատ, և կարող է նաև արդյունքներ բերել: Կարող ենք ասել, որ աշխատավարձերի բարձրացման, գիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում, որն իր դրական ազդեցությունը պետք է ունենա ոչ միայն գիտության ոլորտի, այլև ամբողջ տնտեսության համար: Այս որոշումը  բավական երկար ժամանակ քննարկվող առանցքային հարցերից մեկի լուծումն է, և այս տարի մենք արդեն երկու այսպիսի որոշում ենք ընդունել»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս որոշումները կրթության, գիտության բարեփոխումներին ուղղված քայլերից են: «Նախ մենք ընդունեցինք Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը, այսինքն՝ համակարգի գործունեության որոշակի ինստիտուցիոնալ հենք ստեղծեցինք, որից հետո արդեն նաև ֆինանսավորման ավելացման մեխանիզմը գործարկեցինք: Այդ շղթայի երրորդ օղակը պետք է լինի արդեն կոնկրետ արդյունքը, որը մենք պետք է ակնկալենք», -ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բուհերի ընդունելության տեղերի բաշխման խնդրին և նշել. «Մենք բուհերի և միջին մասնագիտական համակարգի ընդունելության տեղերի բաշխման բանաձևային կապն աշխատաշուկայի և տնտեսության հետ չենք կարողացել մինչև օրս ձևակերպել: Եվ ահա ժողովրդագրությունից մինչև բարձրագույն կրթություն, մասնագիտական կրթություն և ըստ մասնագիտությունների ճյուղավորում՝ մեր ամբողջական տնտեսության և հանրության կյանքի կազմակերպման կարևոր ինստիտուտները պետք է դառնան: Շատ ուրախ եմ, որ մենք այս ճանապարհին շատ երկար նախապատրաստական աշխատանքներից հետո արդեն կայացնում ենք կոնկրետ որոշումներ: Սա իսկապես չափազանց կարևոր է»:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը՝ 10 տեղ: Տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել, մասնավորապես, ՀՀ տնտեսության կարիքներից բխող և միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող համապատասխան մասնագետների առկայության անհրաժեշտությունը: Տեղեր են հատկացվել բնական, հասարարական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներով:

 

Կառավարությունը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

Գործադիրը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Ըստ հիմնավորման՝ նորացված չափորոշիչները կնպաստեն կանոնակարգված քաղաքականության իրականացմանը, մասնավորապես՝ նախադպրոցական և հանրակրթական կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատմանը: Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է: Այն ներառում է, մասնավորապես, ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը: Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը, հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Ըստ չափորոշչի, մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշմամբ  արձանագրվում է՝  նախակրթությունը կրթության բաղկացուցիչ մասն է կազմում. «Նախակրթությունը պետք է ապահովի երեխայի սահուն մուտքը դեպի հանրակրթական համակարգ: Երեխան մանկապարտեզում գտնվելու ընթացքում պետք է ստանա կոնկրետ գիտելիք, հմտություններ, և այս չափորոշիչով սահմանվում է , թե ինչպիսին պետք է լինեն դրանք»:

Վարչապետի պաշտոնակատարն այդ համատեքստում ընդգծել է դաստիարակների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման կարևորությունը. «Ինչպես պայմանավորվել ենք՝ պետք է լուծենք նաև այդ հարցը: Պետք է մանկապարտեզների և նախակրթարաննների ուսուցիչ-դաստիարակների համար ապահովենք որոշակի ստանդարտներ՝ ատեստացիաների միջոցով փոխկապակցվածություն ստեղծելով աշխատավարձերի բարձրացման հետ: Ըստ այդմ՝ պետք է ապահովել, որ  երեխաները մանկապարտեզներում, նախակրթարաններում, ինչպես նաև դպրոցումներում ստանան պատշաճ կրթություն՝ որակյալ մասնագետների կողմից մատուցված»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև չափորոշիչների կիրառման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և նշել, որ պետական կառավարման իրավասու մարմինները որոշակի լիազորություններ ունեն այն իրականացնելու:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: Իրավական ակտի ընդունումը կնպաստի, մասնավորապես՝         ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության ձևավորմանը:

 

Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ. մարզերում կկառուցվի ևս  5 դպրոցի մոդուլային շենք

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն ավելացնել 500 մլն դրամ գումարով: Գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների մեկնարկման ապահովման համար: Մասնավորապես, 1 դպրոց  կկառուցվի Գեղարքունիքի, 2 դպրոց ՝ Շիրակի, 2 դպրոց ՝ Վայոց ձորի մարզերում: Դպրոցները ընտրվել են մի շարք  սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ տվյալ դպրոցը հանդիսանում է բնակավայրի միակ կրթական օբյեկտը, այն ունի մինչև 100 աշակերտ, ունի սեյսմակայունության խնդիր և շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակապման համար համապատասխանող հողատարածք։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարության նախորդ նիստում ևս 15 դպրոցի վերաբերյալ որոշում է կայացրվել և  Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվել, թե այդ դպրոցներ մարզադահլիներ ունե՞ն:

Ի պատասխան Արմեն Ղուլարյանը հայտնել է.  «Միանշանակ պարոն վարչապետ, առաջադրանքը կազմելուց Ձեր կողմից հանձնարարական է եղել, որ դպրոցները և մանկապարտեզները նախագծվեն և կառուցվեն այնպես, որ հագեցված լինեն բոլոր անհրաժեշտ պայմաններով: Դպրոցներն ունեն և՛ մարզադահլիճներ և՛ անհրաժեշտ ուսումնական և՛ օժանդակ կառույցներ: Ավելացրել ենք նաև ապաստարանների խնդիրը.  ցանկացած կրթական օբյեկտ նախագծվում և կառուցվում է ապաստարանով»:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին, ընդգծել է աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ճիշտ պլանավորման կարևորությունը. «Եթե մենք ունենք գյուղեր, որտեղ կառուցելու ենք և՛ մոդուլային դպրոց, և՛ մոդուլային մանկապարտեզ, այդտեղ արդյունավետության հետ կապված հարցը պետք է դիտարկվի, որովհետև մեծ հավանականություն կա, որ անհրաժեշտ է ուղղակի կրթական մոդուլ ստեղծել, ոչ թե առանձին մանկապարտեզ, առանձին դպրոց: Օրինակ՝ գուցե մարզադահլիճն այնտեղ պետք է ավելի մեծ լինի կամ գուցե այնպիսի գյուղական բնակավայր լինի, որտեղ երկու մարզադահլիճ պետք է լինի: Դա հաշվարկի հարց է: Կրկին ուզում եմ հիշեցնել՝ մեր քաղաքականությունն այն է, դպրոցը ոչ միայն մի տեղ է, որտեղ երեխաներն առավոտից մինչև կեսօր ժամանակ են անցկացնում, այլ այն նաև համայնքային կյանքի կազմակերպման կարևոր օջախ է, որտեղ դասերից հետո՝ սպորտային խմբակներ, այլ խմբակներ պիտի գործեն: Ես այդ դիտարկումը կարևոր եմ համարում, որպեսզի այնպես չստացվի, որ մենք նաև սուղ միջոցներ օգտագործելով՝ ստեղծում ենք ենթակառուցվածքներ, որոնց էլի դատապարտում ենք թերբեռնվածության:

Հաջորդը՝ ուզում եմ հիշեցնել մեր պայմանավորվածությունը, որ մենք բացառում ենք այն պրակտիկան, որ նոր կառուցված դպրոցներում կամ մանկապարտեզներում որևէ ձևով օգտագործվի հին, նախորդ դպրոցներից կամ մանկապարտեզներից մնացած գույք: Սա ուղղակի պետք է բացառել: Ճիշտ է՝ մի քանի անգամ խոսել ենք սրա մասին, բայց օրինակ, վերջին մի քանի այցելությունների ընթացքում, ցավոք, տեսանք, որ միշտ չէ կամ 100 տոկոսով չէ, որ այս սկզբունքը պահպանվում է: Բայց պետք է ուղղակի սկզբունքը դնել և պահպանել, որպեսզի այդ նոր ենթակառուցվածքը լիարժեք նոր լինի»:

Գործադիրի որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին կհատկացվի 827,758.2 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր: Հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Կառավարությունն ընդունել է որոշում՝  ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման, ևս 43 բնակավայրերի բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով: Գործադիրի համապատասխան որոշմամբ փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառվել էր 7 համայնքի 43 բնակավայր: Սահմանամերձ այդ համայնքներին ևս ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Դրա  համար պահանջվում է 400,205.8 հազ. դրամ։

 

Օրենսդրական նախաձեռնություններ. կընդլայնվեն  վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հնարավորությունները

Կառավարությունը հավանություն է տվել ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի նպատակն է` կարգավորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված  հարաբերությունները, ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները և բավարարել երեխա ունենալու նրանց պահանջմունքները և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝  վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում: Մասնավորապես, պտղաբերության ցածր (1.6) մակարդակը չի ապահովում անգամ պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2,1 գործակից: Արդյունքում, ծնելիության գործակիցը շարունակաբար նվազել է՝ կրճատվելով 1.8 անգամ: Գործող օրենքում առկա են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ավելի մեծածավալ կիրառման ապահովումը, ինչը կարող է  որոշակի դեր ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Մասնավորապես, գործող օրենքը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող երկու տարբեր ծառայությունների համար նախատեսված են նույն մասնագիտական և սարքավորումային պահանջներ: Նախագծով առաջարկվում է ավելացնել կետ, որը թույլ է տալիս  տարանջանտել այդ 2 ծառայությունների իրականացումը բժշկական օգնության և սպասարկման տարբեր տեսակների շրջանակնում, ինչը թույլ կտա զարգացնել վերարտադրողական բժշկությունը մարզերում և քաղաքային պոլիկլինիկաներում:

Առաջարկվող  փոփոխություններից մեկով ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու  դեպքում թույլատրվում է վերարտադրողական օժանդակ տեղնոլոգիաների կիրառման միջոցով  չորրորդ երեխային պլանավորելիս որոշել ապագա երեխայի սեռը, խուսափելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումից: Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, ստեղծելով հնարավորություններ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը, նույնիսկ եթե այս դեպքում ընտանիքը ցանկություն է հայտնում պլանավորել 4 կամ հաջորդ երեխայի սեռը: Կարգավորվում է նաև դոնորի և (կամ) փոխնակ մոր ռեգիստրի ստեղծման հարցը, ինչը թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել դոնորի և (կամ) փոխնակ մոր  նկատմամբ ներկայացվող պահանջների պահպանումը:  Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլգիաներից օգտվող անձի (զույգի) հետ ազգակցական կապ չունեցող, սակայն նրան հայտնի անձնավորությունը ևս կարող է դիտարկվել որպես ժամանակավոր դոնոր` առանց տարիքային սահմանափակման, ինչպես նախատեսված է հայտնի դոնոր հանդիսացող հարազատի դեպքում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ առաջարկվող փոփոխությունները ինստիտուցիոնալ  են. «Սա նույնպես պետք է արձանագրենք, որ հընթացս օրինագծիը կլրամշակվի, որպեսզի ամենատարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ պրակտիկ կիրառման ընթացքում՝ սկսած էթիկականից, վերջացրած իրավականից, պատշաճ ձևով լուծվեն և կարգավորվեն: Բայց ընդհանուր առմամբ ժողովրդագրական իմաստով այս փոփոխությունը շատ կարևոր է, և հույս ունենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքների»:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ  նշել է, որ օրինագծով էականորեն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են օգտվել տվյալ ծառայություններից:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հիշեցրել է 2019 թվականից վերսկսված օժանդակ տեխնոլոգիաներով պետական ծրագրի մասին, որում հիմնականում ներառված են զինվորականները, նրանց ընտանիքի անդամները, սահմանամերձ գյուղերի բնակիչները: «Բավական լավ արդյունք ունենք՝ տարեկան մոտ 1 մլրդ դրամ բյուջեով: Վստահ եմ, որ ծրագրին հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրելու և շահառուների շրջանակը մեծացնելու դեպքում ծնելիության էական աճ կունենանք»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը: Հիմնավորման համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել օրենքից հանել վերոնշյալ պահանջը:

Հավանության են արժանացել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերը: Նախագծի մշակումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ Ներկայումս, կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի և կաթնային յուղի (կաթնային ճարպի) տոկոսային հարաբերություններով պայմանավորված առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող կաթնային արտադրանքը սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։ Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և կաթնային յուղի (կաթնային ճարպի) պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար։ Օրենսդրական փաթեթը կնպաստի տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելուն, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությանը։

 

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցած շահառուների համար կսահմանվեն վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ

Գործադիրը մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում վարկերի կամ լիզինգի մարման ժամկետները երկարաձգելու, մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետներ է սահմանելու: Նման որոշում ընդունելը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում, ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցող շահառուների համար վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ 

Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում արդեն իսկ սահմանված են վարկերի կամ լիզինգի մարման, ինչպես նաև  վարկի կամ լիզինգի մայր գումարի  և/կամ տոկոսադրույքի մարման  արտոնյալ ժամկետներ։ Սակայն ռազմական դրությամբ պայմանավորված  սահմանամերձ բնակավայրերում կան շահառուներ, որոնք այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ (անշարժ գույք, գյուղատնտեսական կենդանիներ և այլն) և վերջիններիս մոտ առաջացել են դժվարություններ՝ վարկերի/լիզիգի մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ ծրագրերի շրջանակից և զրկվել պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունից։ Ֆինանսական կառույցներից ստացված տվյալների համաձայն, շուրջ 348 շահառուներ ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ, որոնց վարկային պարտավորությունները կազմում են շուրջ 1.3 մլրդ դրամ։ Ըստ այդմ՝  առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցած շահառուների համար ընձեռել հնարավորություն, որ Ֆինանսական կառույցները 2021 թվականին վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի  և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգեն մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։

 

Գործադիրը հաստատել է Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը

Գործադիրը հաստատել է Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը, որի նպատակն է մեղմել  ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը: Ներկայումս ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության ապահովմանը սպառնացող հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոռոգման ջրամատակարարման մեջ մեխանիկական ջրի արտադրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսի բարձր մակարդակը: 2020 թ.-ին ՋՕԸ-երին պետբյուջեից հատկացվել է շուրջ 7451.8 մլն. դրամ գումար, որից 4505.3 մլն դրամ գումարը հատկացվել է միայն էլեկտրաէներգիայի պարտքերի մարմանը: Նախորդ տարիների պրակտիկան ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի ծախսերի մասով ունեցած պարտավորությունները ՋՕԸ-երի մոտ առաջացրել են լրացուցիչ ֆինանսական բեռ՝ առևտրային բանկերից վարկերի ներգրավում, էլեկտրաէներգիայի չմարված պարտքերի մասով տույժերի կիրառումը:

Կառավարությունն ընդունել է «2021 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու ինչպես նաև ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում: Հանրապետության որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն` գետերի ջրհավաք ավազաններում առկա է ձնաշերտի բավարար հաստություն, ինչպես նաև գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականություն: Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 85 հազ. հա հողատարածություններին, որից շուրջ 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

 

Այլ որոշումներ. կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարների վճարման  գործընթացը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա վճարվող հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Արդյունքում նախատեսվում է հեշտացնել հատուցման հիմնադրամի կողմից գումարների վճարման գործընթացը՝ նվազեցվելով իրականացվող վարչարարությունը և ներկայացվող փաստաթղթերը: Կկարգավորվի 2020 թվականի ընթացքում ավել վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը։

Գործադիրը որոշել է հետ վերցնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Արարատի մարզում գտնվող անշարժ գույքը և նվիրաբերել Դաշտավան համայնքին՝ այն վերանորոգելու և որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով։

Կառավարությունը լրացումներ է կատարել «ի Գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման մեջ: Ըստ այդմ, սփյուռքահայ մասնագետներն իրենց մասնագիտական և փորձագիտական հմտությունները, նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կկիրառեն որ միայն  ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում,  այլև՝ Արցախի պետական կառավարման մարմինների աշխատանքներում: Հատկապես հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ մասնագետների զգալի քանակը ցանկություն են հայտնել իրենց նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կիրառել նաև Արցախում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]