Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստն այսօր՝ փետրվարի 26-ին, հետաձգվեց:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում նիստը չկայացավ ամբաստանյալներից Մովսես Ազարյանի պաշտպանի բացակայության պատճառով: Ամբաստանյալի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարան գրություն էր ուղարկել, որ առողջական խնդիրներ ունի եւ տեղեկացրել է, որ հնարավոր է՝ առաջիկա նիստերին չկարողանա մասնակցել:
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ նիստին Մովսես Ազարյանը հայտարարել էր, որ հանրային պաշտպան է ցանկանում: Որպես նրա պաշտպան դատարանը ներգրավվել է հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին: Նա նույնպես այսօր դատարան գրություն էր ուղարկել, որ անհետաձգելի քննչական գործողությունների է մասնակցում, բացի դրանից, չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Մերի Ալավերդյանը խնդրել էր նիստը հետաձգել 1 շաբաթով: Մովսես Ազարյանն այսօր հայտարարեց, որ խնդիր չի տեսնում նիստն առանց իր պաշտպանի ներկայության անցկացնելու մեջ եւ խնդրեց նիստը շարունակել: Սակայն, դատավարության բոլոր մասնակիցներն առարկեցին: Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում կայացրեց նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 5-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: