Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ ՀՀ տնտեսության մեջ բացասական որևէ գործընթաց տեղի չի ունենում

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ ՀՀ տնտեսության մեջ բացասական 
որևէ գործընթաց տեղի չի ունենում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այսօր Հայաստանի տնտեսության մեջ ոչ մի բացասական գործընթաց տեղի չի ունենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նման պնդում արեց Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: «Այսօր Հայաստանի տնտեսության մեջ հստակ տեղի են ունենում առողջացման գործընթացներ, հստակ տեղի են ունենում տնտեսական տրանսֆորմացիայի գործընթաց: Մենք սկսել ենք ագրարային երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը, բայց այն, ինչ տեղի է ունենում, նախանշաններ են: Մենք չենք կարող ամեն ինչ թողնել իներցիայի հույսին, և պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք ու կոնկրետ գործիքներ կիրառենք»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ առաջին գործիքը, որը կիրառելու են, ներդրումների խրախուսումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունի պայքարը կոռուպցիայի դեմ, մենաշնորհային կարգավիճակների վերացումը, քաղաքական կայունությունը, երկրի նկատմամբ վստահության բարձրացումը և երկրի դրական իմիջը: Այս բոլոր ուղղություններով մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Շատ կարևոր է ներդրումների և սեփականության անձեռնմխելիությունը: Ես շատ հստակ ասացի և կրկնում եմ մեր քաղաքական կամքը Հայաստանում չիրականացնելու և թույլ չտալու սեփականության վերաբաշխում, որովհետև սեփականության վերաբաշխումը իր հետ միշտ բերում է բացասական գործընթացներ: Չի կարելի ներդրումներ ակնկալել մի միջավայրում, որտեղ կառավարությունը կարող է գնալ և խլել ինչ-որ մեկից ինչ-որ ունեցվածք և որոշել, որ այդ ունեցվածքը պետք է անցնի որևէ այլ մեկին: Մենք պետք է բացառենք որևէ իրավիճակ, երբ որևէ ներդրողի գլխին կհայտնվեն ինչ-որ տանիքներ, փայ մտնողներ, պայմաններ դնողներ: Ես նորից եմ ասում՝ այս հարցում ակնկալում եմ բոլոր տնտեսավարողների և քաղաքացիների աջակցությունը»,- մանրամասնեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ կառավարության հաջորդ պարտավորությունը բարձր կարգի ենթակառուցվածքների ապահովումն է: Նա շեշտեց, որ այսօր ՀՀ-ում ավտոճանապարհները գտնվում են սարսափելի վատ վիճակում: «Այո,  կառավարությունը գիտակցում է, որ դա իր կոնկրետ պարտավորությունն է՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, և մենք, այո, ստանձնում ենք այդ պարտավորությունը: Ուզում եմ ասել, որ մենք այս տարի, ընդհանուր առմամբ, շատ ավելի մեծ աշխատանք ենք կատարել ճանապարհների վերականգման առումով, քան նախատեսված էր 2018թ. բյուջեով: Մենք երկնիշ ցուցանիշներով գերակատարել ենք նախատեսված պլանը»,- նշեց նա:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի արդյունավետ և օբյեկտիվ սակագին ունենալու և հասանելիության անհրաժեշտությանը: Նրա գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտները բարդություններ չունենան էլեկտրաէներգիայի և գազի բաժանորդ դառնալու ճանապարհին: Որքան էլ զարմանալի է, դա մինչև Հայաստանում լուրջ խնդիր է, և այդ խնդիրը շատ արագ հարկավոր է լուծել»,- ասաց նա:

Նիկոլ  Փաշինյանը կարևոր է համարում նաև ջրային ռեֆորմը Հայաստանի Հանրապետությունում:  Նա շեշտեց, որ կապիտալ ամենամեծ ներդրումներից մեկը պետք է լինի ջրամբարների վերաբերյալ, ջրի կուտակման վերաբերյալ, ջրային ոռոգման ցանցի վերականգման վերաբերյալ: «Տեսեք, մենք երկար տարիներ շարունակ ուղղակի լուրջ դեմքով արձանագրում ենք, որ մեր ջրային համակարգում ընդհուպ մինչև 80 տոկոս կորուստ կա: Պատկերացնո՞ւմ եք, մեր որևէ ջրամբարից դուրս եկող ամեն 100 լիտր ջրից 80 լիտրը կորում է: Ու մենք չգիտենք, թե որտեղ է կորում՝ անուն դնելով , որ համակարգը մաշված է և այլն: Բայց մենք գիտենք, որ ունենք լուրջ խնդիրներ: Մենք ունենք խնդիր, որ մեր երկրում բնական ճանապարհով ձևավորվում է մեր ներքին պահանջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցող ջրային պաշարներ, բայց մենք ի վիճակի չենք լինում այդ ջրային պաշարները կուտակել, որովհետև չունենք համապատասխան ջրամբարներ բավարար քանակի: Եվ մենք ամեն տարի, ամեն անգամ գնում Սևանին ենք դիմում, ինչը շատ լուրջ տնտեսական, քաղաքական և բարոյական խնդիր է մեզ համար: Հիշում եք, որ օրենք ընդունվեց Սևան լճից ջրի բացթողումների վերաբերյալ: Խոսքը 40 միլիոն խորանարդ մետր հավելյալ ծավալի մասին է: Մենք այդ օրենքով նախատեսված ամբողջ ծավալը չենք օգտագործել, և բավականին մեծ խնայողություններ կարողացել ենք անել, ինչպես խոստացել ենք»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]