«Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ հնարավոր է, բայց տղայիս աշխատանքի ոլորտն այնպիսին է, ուր նման  երևույթները պետք է բացառվեն». Գառնիկ Իսագուլյան

Այսօր մամուլում լուրեր շրջանառվեցին, որ «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի որդուն հեռացրել են ԱԱԾ-ից։ Պատճառը նշվում էր այն, որ Գառնիկ Իսագուլյանը դեմ է խոսում օրվա իշխանություններին և հանդես գալիս սուր քննադատություններով, ուստի որոշել են, որ նրա որդին այլևս չպետք է աշխատի ԱԱԾ-ում։ Տարածված լուրը հերքել էր Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ որդին շարունակում է աշխատել ԱԱԾ-ում։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է Գառնիկ Իսագուլյանի հետ։

– Պարոն Իսագուլյան, թեև հերքել եք, որ Ձեր որդուն ազատել են աշխատանքից, այդուհանդերձ, մտավախություններ չունե՞ք, որ իշխանությունների հասցեին ուղղված Ձեր քննադատությունները կարող են նման հետևանքներ ունենալ։

– Անկեղծ ասած, ինձ համար անակնկալ է, որ այդպիսի հարց է մտել շրջանառության մեջ, սա նշանակում է, որ կան մարդիկ, ովքեր գուցե թե նման ցանկություններ ունեն և նման խոսակցություններ են դնում շրջանառության մեջ։ Տղաս պետական ծրագերի շրջանակներում սովորել և ավարտել է համապատասխան ակադեմիան, որտեղ ուսանել և ուսանում են նաև այլ աշխատակիցներ։ Ավարտելուց հետո աշխատում է՝ ըստ նշանակման, և այժմ   պատվով կատարում է  իր աշխատանքը։ Օրեր առաջ նա ստացել է հերթական զինվորական կոչումը, և առ այսօր օրակարգում նման հարց չկա։  Իհարկե, ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ հնարավոր է, սակայն կարծում եմ, որ տղայիս աշխատանքի ոլորտն այնպիսին է, ուր նման  երևույթները պետք է բացառվեն։

Իմ քաղաքական հայացքները նոր չեն ձևավորվել, իմ կեցվածքն ու դիրքորոշումը հայտնի է բոլորին՝ դեռևս 1990-ականներից, երբ Գերագույն խորհրդի պատգամավոր էի, և երբ տղաս դեռ չէր ծնվել։

Ընդ որում, տարօրինակ է, որ մամուլում այդ լուրը տարածել են՝ նշելով, թե որդիս աշխատանքի է անցել նախկին իշխանությունների օրոք։ Ի դեպ, այդ համակարգի բոլոր աշխատողները, այդ թվում՝ նաև ներկայիս ղեկավարը, նույնպես աշխատել են  նախկին իշխանությունների օրոք, աշխատում են այսօր և, վստահաբար, աշխատելու են նաև հաջորդ իշխանությունների օրոք։ Այդ համակարգի գործունեության բնույթը կապ չունի, թե ո՞վ է օրվա իշխանությունը, նրանք իրենց պարտքը կատարում են հայրենիքի հանդեպ, իսկ այդ պարտքն անփոփոխ է՝ ծառայել հայրենիքին։

Այնպես որ, որդուս մասին լուրը չի համապատասխանում  իրականությանը, և վստահ եմ, որ դա երբեք իրականություն չի դառնա, որովհետև այն կարող է ունենալ ոչ ցանկալի արձագանք։

– Այս ամենով պայմանավորված՝ հնարավո՞ր է՝ այսուհետև իշխանությունների գործունեության վերաբերյալ Ձեր տեսակետները փոխեք և քննադատություններում ավելի մեղմ լինեք։

– Պարզ խոսեմ, երբ նախկինում ևս կուլիսներում նման լուրեր էին շրջանառվում, որդիս ինձ հստակ ասում էր, որ իր խնդրանքն ու պահանջն է՝ իմ գործունեությունը չպայմանավորեմ իրենով։ Այնպես որ, որևէ հանգամանք ինձ չի կարող ստիպել, որպեսզի իմ հայացքները, որոնք բացառապես բխում են ազգային ու պետական շահերից, ենթարկվեն փոփոխության։

Իհարկե, չեմ ուզում հավատալ,  բայց եթե իշխանություններն իմ պատճառով որդուս հետ կապված գնան նման քայլի, կարծում եմ՝ դա ճակատագրական սխալ կլինի, ավելին՝ կունենա հեռուն գնացող հետևանքներ։

Եթե այդպես լինի, ապա կնշանակի, որ մեր պետությունը մտնում է մի փուլ, որպիսին երբեք չենք ունեցել մեր նորագույն պատմության շրջանում՝ ո′չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո′չ Ռոբերտ Քոչարյանի, և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի օրոք։ Պարզ ասած, դադարելու է այլևս գաղափարական պայքարը, ընդդիմախոսությունը, ուստի անհրաժեշտ կլինի ընտրել պայքարի այլ ձևեր։

– Պարոն Իսագուլյան, շատերի խոսքում այսօր հաճախ է հիշատակվում 37 թվականը, այսօր նման միտումներ տեսնո՞ւմ եք Հայաստանում, երբ քաղաքական հայացքների և ազատ խոսք արտահայտելու համար մարդը կարող է ենթարկվել հետապնդումների։

– Ինքս շատ ազատ եմ խոսում և քննադատում ու շարունակելու եմ նույն ոճով, քանի  որ այն բխում է մեր ազգային ու պետական շահերից։ Եվ մինչ այժմ իմ վրա որևէ   ճնշում, որևէ ազդեցություն չի եղել։ Ընդհակառակը, մենք այս ընթացքում ստեղծել ենք քաղաքական նոր հարթակ, որտեղ նույն ոճով շարունակելու ենք մեր գործունեությունը։

 Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս