Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնում հնչել են հիսուն կոմպոզիտորների ստեղծագործություններ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) հնչեցրեց Ժիրայր Շահրիմանյանի, Աշոտ Բաբայանի, Սուրեն Զաքարյանի, Նարինե Զարիֆյանի և Արամ Սաթյանի ստեղծագործությունները: Բոլոր գործերն առաջին անգամ կատարվեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն անցկացվեց նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Փառատոնի ընթացքում վեց համերգային ծրագիր է իրականացվել, և հանդիսատեսի հետաքրքրությունը բավականին մեծ էր: Համերգներն անցան լեփ-լեցուն դահլիճներում: Շուրջ հիսուն կոմպոզիտորի ստեղծագործություն հնչեց փառատոնին: Կային պրեմիերաներ, գործեր, որոնք նոր ձևով մատուցվեցին»,- նշեց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Նա կարևորեց այն, որ, չնայած ոչ այնքան բարենպաստ պայմաններին, դժվարություններին, ժամանակակից հայ կոմպոզիտորները ստեղծագործում են և բարձրացնում հայ երաժշտական արվեստը:
Սաթյանի խոսքով՝ իր համար էական է, որ կոմպոզիտորները կարողանան պատշաճ ներկայանալ աշխարհին: «Այսօր գրվում են ստեղծագործություններ ոչ միայն մեր հանդիսատեսի, այլև այն երաժշտասերների համար, որոնք ապրում են օտար երկրներում: Այսինքն՝ մենք համամարդկային լեզվով ենք խոսում, և մերօրյա գործերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք միշտ ժամանակակից երաժշտության ավանգարդում ենք եղել: Ապրեն մեր հայ կոմպոզիտորները»,- եզրափակեց Արամ Սաթյանը:
Համերգին որպես մենակատարներ հանդես եկան ալտահար Յանա Դարյանը, հոբոյահար Ռոբերտ Աբրամյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը:
Հոկտեմբերի 22-ին մեկնարկած փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում