×


Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում կներկայացնի Բրյունետը

Երգչուհի Բրյունետն է այս տարի Հայաստանի պատվիրակը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:

«Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով եւ պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ»,- նշված է հաղորդագրությունում:

«Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», - ասել է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել եւ միլիոնավոր դիտումներ գրանցել ՅուԹուբում:

«Այս փուլում արդեն աշխատում ենք երգի եւ տեսահոլովակի վրա, որը, վստահ եմ, շատ տպավորիչ է լինելու»,- ասել է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին