«Չի կարելի դատական իշխանության, առանց այն էլ՝ լրջորեն սասանված հեղինակությունը հավասարեցնել գետնին այսրոպեական քաղաքական խնդիրների լուծման համար». Սերգեյ Մեղրյան

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի նախկին վարիչ, դասախոս Սերգեյ Մեղրյանի հետ 168.am-ը զրուցել է դատական իշխանության անկախության, դատարանների նկատմամբ ճնշումների, դատական համակարգը գրավիչ դարձնելու և առհասարակ համակարգային այլ խնդիրների ու դրանց լուծման բանալիների շուրջ։

Ինչպե՞ս պետք է ԲԴԽն աջակցի դատարանների անկախությանը, առհասարակ ինչպե՞ս պետք է հասնել դատարանների անկախությանը։

– Հարցը բազմաշերտ է և բավականին ընդգրկուն: Դատարանների անկախության խնդիրը զուտ ազգային չէ: Բոլոր երկրներում այն խիստ արդիական է, և պատահական չէ այդ խնդրով զբաղվող բազմաթիվ միջազգային կառույցների առկայությունը և խնդրին նվիրված միջազգային իրավական բնույթի ակտերի բազմաթվությունը: Դատարանների անկախությունն այն հանրորեն ակնկալվող բարիքն է, որին հասնելու համար ջանքեր պետք է գործադրի ոչ միայն Խորհուրդը, այլ նաև մեր հանրությունը, քաղաքացիական հասարակության կառույցները, պետական իշխանության մյուս ճյուղերը: Դուք ճիշտ նշեցիք, Խորհուրդն այդ հարցում դատարաններին օժանդակում, աջակցում է, ընդ որում, այնքանով, որքանով օժտված է համարժեք լիազորություններով:

Մինչև 2018 թ. ապրիլի 9-ը (այդ օրն ուժի մեջ մտավ գործող Սահմանադրության 9-րդ գլուխը և նոր Դատական օրենսգիրքը) դատական համակարգն ուներ բրգաձև կառուցվածք: Այն կենտրոնացված ձևով կառավարվում էր Վճռաբեկ Դատարանի նախագահի միջոցով, իսկ դատավորներին, դատարանների նախագահներին նշանակելու, նրանց առաջխաղացման և մի շարք այլ կարևորագույն լիազորությունները վերապահված էին երկրի Նախագահին: Արդարադատության խորհուրդն ուներ Վճռաբեկ դատարանի նախագահին և Նախագահին կից խորհրդակցական մարմնի կարգավիճակ, որը փաստացի զրկված էր ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Արդյունքում՝ դատավորների և դատարանների նախագահների նշանակման, առաջխաղացման, տեղափոխման, նրանց պատասխանատվության ենթարկելու, դատարանների բնականոն գործունեության ապահովման հետ կապված բազմաթիվ հարցերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն լուծվում էին երկրի Նախագահի կողմից կամ նրա «թույլտվությամբ»: Նման վիճակը լրջագույն խնդիրներ էր առաջացնում դատարանների ներքին և արտաքին անկախության տեսանկյունից:

2015թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում դատական իշխանությանն առնչվող բոլոր լիազորությունները, որոնք կենտրոնացված էին հանրապետության Նախագահի, նրա անմիջական «հսկողության» տակ գործող և նրա կողմից նշանակվող և ազատվող Վճռաբեկ դատարանի նախագահի,  Նախագահի կողմից ըստ էության ձևավորվող Դատարանների նախագահներից խորհրդի ձեռքերում, ամբողջությամբ փոխանցվեցին ինստիտուցիոնալ և գործառութային առումով բոլորովին անկախ մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի:

Կատարված փոփոխությունները՝ միտված լինելով դատական իշխանության անկախության շեշտակի բարձրացմանը, որոշակի առումով հեղափոխական էին, քանի որ ինստիտուցիոնալ և գործառութային իմաստով դատարաններին ամբողջությամբ հանեցին գործադիր իշխանության անմիջական ազդեցության տիրույթից և, միաժամանակ, ապահովեցին դատավորների ներքին անկախությունը:

Նշեմ, որ Բարձրագույն դատական խորհրդի հայաստանյան մոդելն աշխարհում լավագույններից է: Այն գրեթե լիովին համապատասխանում է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 2007թ. «Հասարակությանը ծառայող դատական խորհրդի մասին» խորհրդատվական եզրակացությամբ սահմանված եվրոպական չափորոշիչներին, և, ինչպես ցույց են տալիս ոլորտն ուսումնասիրող եվրոպացի հետազոտողների վերլուծությունները, ներկայումս շատ, այդ թվում՝ զարգացած դատաիրավական համակարգ ունեցող երկրներ ձգտում են նման մոդելի ներդրմանը: Գործունեության թափանցիկությանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշ օրենսդրական բարեփոխումների արդյունքում, կարծում եմ, այն ի զորու կլինի ապահովել դատարանների անհրաժեշտ անկախությունը և արդարադատական համակարգի արդյունավետ գործունեությունը:

Ի՞նչ է պետք անել Խորհրդի գործունեության արդյունավետությունն ապահովելու համար: Ինչպե՞ս հասնել դատարանների անկախությանը: Խորհրդում պաշտոնավարման մեկ տարին բոլորելուց հետո առիթ ունեցել եմ հրապարակելու այն անհետաձգելի գործողությունների շրջանակը, որոնց կատարմամբ էապես կբարձրանա Խորհրդի ինստիտուցիոնալ արդյունավետությունը: Անհրաժեշտ է նաև հետևողականորեն լուծել այն բոլոր խնդիրները, որոնք արձանագրվել են Խորհրդի 2018թ. տարեկան հաշվետվության շրջանակներում, պետք է հետևողական աշխատանքներ տարվեն բնակչության շրջանում դատարանների նկատմամբ վստահությունը մեծացնելու, դատավորների գործառութային, սոցիալական անկախության երաշխիքներն ամրապնդելու, դատավորների և դատական ծառայողների կազմը լավագույն կադրերով համալրելու ուղղությամբ: Կատարման ենթակա բարեփոխումների շրջանակը բավականին լայն է, չեն կարծում, որ սույն հարցազրույցի ընթացքում կարող ենք անդրադառնալ դրանցից բոլորին:

Ի՞նչ պետք է անել, որ բնակչության շրջանում մեծանա վստահությունը դատարանների նկատմամբ։

– Ցանկացած հարցում վստահություն ձեռք է բերվում հետևողական և նվիրյալ աշխատանքի, սեփական վարկանիշը չարատավորելու, սեփական վարքագծով և արարքներով հավատ ներշնչելու միջոցով: Դատարանը բացառություն չէ:

Դատական իշխանության նկատմամբ բնակչության վստահությունը ձեռք բերելու գործիքակազմը պարզ է. անհրաժեշտ է ապահովել որակյալ, արդյունավետ, իրոք արդարացի, թափանցիկ և մարդակենտրոն արդարադատություն: Բարձրագոչ ու պոպուլիստական հայտարարություններով կամ առանձին գործիքների հատվածական կիրառությամբ (վեթինգ, կարգապահական պատասխանատվություն և այլն) այդ նպատակին հասնելն անհնար է:

Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դատաիրավական բարեփոխումների բացառապես մեկ-երկու գործիքների կիրառումն արդյունքներ չի ապահովում, ավելին, հաճախ պարալիզացնում է (ու բավականին տևական ժամանակով) պետության արդարադատական գործառույթների իրականացումը՝ խիստ բացասական հետևանքներ առաջացնելով երկրի իրավական անվտանգության համար:

Բնակչության շրջանում դատարանների նկատմամբ վստահությունը մեծացնելու, դատավորի և դատարանի հանրային ընկալումը պահանջվող չափանիշերին մոտեցնելու համար անհրաժեշտ է վեր հանել դատական իշխանության պատշաճ գործունեությանը խոչընդոտող անխտիր բոլոր խնդիրները, մշակել դրանց լուծման ճանապարհային քարտեզ, գտնել անհրաժեշտ ռեսուրսներ և շատ արագ լուծել նշված խնդիրները՝ մի կողմ դնելով զուտ քաղաքական, կորպորատիվ և նեղ անձնական շահերը:

Ցանկանում եմ ընդգծել, որ դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացման խնդիրը միայն Բարձրագույն դատական խորհրդից և դատավորներից չի կախված: Այստեղ վճռորոշ դեր և անելիք ունեն նաև իշխանության մյուս ճյուղերը: Հատկապես քաղաքական իշխանությունը, անկախ իր քաղաքական նպատակներից, իդեալներից և պատկերացումներից,  պարզապես պարտավոր է զերծ մնալ դատական իշխանության հեղինակությունն արատավորող, նույնիսկ նման հավանականություն պարունակող գործողություններից, իրավական իրողությունների հետ որևէ խելամիտ աղերս չունեցող քաղաքական հայտարարություններից կամ որակումներից՝ փոխարենն առանց ավելորդ աղմուկի հետևողականորեն կատարելով գործուն ու ծրագրային քայլեր արդարադատության համակարգի բարեփոխման և շարունակական կատարելագործման, պետական իշխանության ամբողջ համակարգում կոռուպցիոն երևույթներն արմատախիլ անելու և կանխարգելելու, հասարակության իրավական մշակույթը պատշաճ մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Կրկնում եմ, այդ ամենը պետք է արվի հետևողականորեն և, որը շատ կարևոր է, անաղմուկ, ընդ որում՝ հարգելով մարդու սահմանադրորեն պաշտպանված արժանապատվությունը, անմեղության կանխավարկածը, իշխանությունների տարանջատման սկզբունքը և պահպանելով դատավորների անկախության միջազգայնորեն ճանաչված բոլոր երաշխիքները:

Չի կարելի դատական իշխանության, առանց այն էլ՝ լրջորեն սասանված հեղինակությունը հավասարեցնել գետնին այսրոպեական քաղաքական խնդիրների լուծման համար: Ցավոք, նման երևույթների մենք ականատես ենք լինում այսօր գրեթե ամեն օր…

Անառարկելի է, որ որևէ իշխանություն հավերժ չէ: Հավատացնում եմ՝ դատավորների անփոփոխելիությամբ իրապես երաշխավորված, իրոք  անկախ, անկողմնակալ և բարձր հեղինակություն ունեցող դատական համակարգն անհրաժեշտ է ոչ միայն այսօր՝ հանրությանը և բիզնեսին որակյալ արդարադատական ծառայություններ մատուցելու համար: Ներկայիս քաղաքական և իրավական պրոցեսները վկայում են, որ դրա կարիքը վաղն ունենալու են նաև հենց այսօրվա  քաղաքական իշխանության ներկայացուցիչները՝ հնարավոր իրավախախտումներից, ոչ իրավաչափ մեղադրանքներից և քաղաքական հետապնդումներից երաշխավորված լինելու համար:

Ականատես եղանք դեպքերի, երբ դատարանների նկատմամբ ակնհայտ ուղղորդված հասարակական ճնշում եղավ։ Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, որ նման նախադեպ այլևս չունենանք՝ հաշվի առնելով, այն, որ մայիսի 20-ին, օրինակ, մենք տեսանք սոսկ դիտորդի դերում գտնվող ոստիկանություն։

-Պետք է կառուցենք իրավական պետություն (ժպտում է. -Գ.Ս.): Այստեղ շատ անելիքներ ունենք: Երկրում պետք է զարգանա սահմանադրական, իրավական մշակույթը, մշակվի իրավական անվտանգության հայեցակարգ, դրան համահունչ կատարելագործվի քաղաքական համակարգը, պետական կառավարման համակարգը, ներդրվեն քաղաքական պատասխանատվության գործուն մեխանիզմներ: Երկրում պետք է անառարկելիորեն պահպանվի իշխանությունների տարանջատման սկզբունքը, ապահովվի բոլոր պրոցեսների սահմանադրականությունը: Հակառակ պարագայում նման իրավիճակները, դատարանների նկատմամբ ուղղակի կամ քողարկված ներգործության փորձերը, շատ «գեղեցիկ փաթեթավորմամբ», պարբերաբար կրկնվելու են: Առավել քան վստահ եմ, որ այսօր արդեն անհրաժեշտություն են դարձել դատավորների և դատարանների անկախության երաշխիքներն ամրապնդող,  ինչպես նաև իշխանությունների իրական տարանջատումն ու հավասարակշռումն ապահովող սահմանադրական և օրենսդրական փոփոխություններ:

Ինչպիսի՞ փոփոխությունների մասին է խոսքը:

– Այդ մասին շատ երկար կարելի է խոսել: Կարծում եմ՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն իր արդիականությունը չի կորցրել նաև այսօր: Դա այն փաստաթուղթն է, որի մշակումը բացառապես գտնվել է մասնագիտական տիրույթում, ինչը չի կարելի փաստել բուն սահմանադրական փոփոխությունների տեքստի առնչությամբ, որտեղ հաճախ քաղաքական մոտեցումներն են ունեցել էական դերակատարություն, ինչի արդյունքում փաստացի չեն իրացվել և կյանքի կոչվել նախանշված սահմանադրական մի շարք փոփոխություններ, որոնք պետք է երաշխավորեին իրավունքի գերակայությունը և իշխանությունների իրական բաժանումը: Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնողներին խորհուրդ կտամ կրկին ընթերցել այդ հայեցակարգը: Պետք է սկսել այստեղից և ավարտին հասցնել փաստաթղթում նախանշված և, իմ խորին համոզմամբ, բեկումնային նշանակություն ունեցող բարեփոխումները:

Բազմաթիվ անելիքներ կան նաև օրենսդրական մակարդակում: Անհրաժեշտ է թափանցիկ և ներառական դարձնել Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման ընթացակարգը, պետք է վերանայվեն Խորհրդի լիազորությունների շրջանակը, Խորհրդում որոշումների կայացման կարգը, դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, նրանց վերապատրաստելու, նշանակելու, դատավորներին մեկ դատարանից մեկ այլ դատարան տեղափոխելու, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգավորումները: Լրջագույն քննարկման առարկա պետք է դարձվեն Խորհրդի օրենսդրական նախաձեռնության իրավունքը, դատական իշխանության բյուջետային ֆինանսավորման, դատական գործերի ծախսատարության, դատական ծառայությունների համար պետական տուրքերի վերանայման, դատարանների գերծանրաբեռնվածության  հարցերը: Անելիքների շարքը կարելի է անդադար շարունակել:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս