1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ն շարունակելու է ներդրում ունենալ արտակարգ հումանիտար արձագանքման ոլորտում միջազգային համագործակցության զարգացման մեջ. Արմեն Գրիգորյան

ՀՀ-ն շարունակելու է  ներդրում ունենալ արտակարգ հումանիտար արձագանքման 
ոլորտում միջազգային համագործակցության զարգացման մեջ. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում երկրորդ անգամ ելույթ է ունեցել «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է,  ելույթս նվիրված էր «Արտակարգ հումանիտար արձագանքման ոլորտում միջազգային համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները ռազմավարական կայունության պահպանման համատեքստում» թեմային։

Արմեն Գրիգորյանը հրապարակել է նաև ելույթի ամբողջական տարբերակը, որը ներկայացնում ենք   ստորև.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մեր համատեղ աշխատանքի երկրորդ օրն է, և իմ ելույթի շրջանակներում ցանկանում եմ կիսվել ձեզ հետ օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ իմ նկատառումներով և տեղեկատվությամբ:

Ժամանակակից աշխարհը դարձել է ավելի փոխկապակցված, գլոբալիզացված և տեխնոլոգիաներով լի, դրա հետ միաժամանակ հայտնվել են նոր մարտահրավերներ: Չնայած միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերին, վերջին ժամանակներում մենք ականատես են լինում միջպետական հարաբերություններում լարվածության աճին, հակամարտությունների գոտիների լայնացմանը, ներպետական ճգնաժամերի առաջացմանը՝ էթնիկ և կրոնական հիմքերի վրա: Անշեղորեն աճում է բնական և տեխնածին աղետների թիվը, մեծանում է դրանց՝ բնակչության, տարածքների, օբյեկտների և ենթակառուցվածքների վրա թողնված հետևանքների մասշտաբները: Մեր օրերում մարդկանց ստվար խմբեր բնական և տեխնածին աղետների և ռազմական բախումների պատճառով մնում են առանց տանիքի և գոյատևման միջոցների, զգում են պարենի և բժշկական միջոցների սուր կարիք:

Նկարագրված իրավիճակը պահանջում է միջազգային համագործակցության խորացման անհրաժեշտություն արտակարգ հումանիտար արձագանքման ոլորտում: Ակնհայտ է, որ առանձին երկրների հնարավորություններով այս խնդիրներն անհնար է լուծել, և անհրաժեշտ է ջանքերի կոնսոլիդացում միջազգային մակարդակում:

Հայաստանը, լինելով երկիր, որը զգաց 1988 թ. սարսափելի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը, սեփական փորձից տեղյակ է ժամանակին տրամադրվող օգնության կարևորությունը: Մենք երախտագիտությամբ ենք հիշում բոլոր երկրներին և ժողովուրդներին, ովքեր մեզ օգնության ձեռք մեկնեցին, շնորհակալություն ենք հայտնում բոլոր փրկարարներին, բժիշկներին և այլ մասնագիտությունների տեր մարդկանց, բոլորին, ովքեր անհապաղ մեկնեցին Հայաստան հայ ժողովրդի համար այդ բարդ օրերին և անգնահատելի ներդրում ունեցան մարդկային կյանքերի փրկության և աղետի գոտու վերականգման մեջ:

Միջազգային հումանիտար օպերացիաների նշանակությունը մեծ է նաև տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում ռազմավարական կայունության ապահովման տեսանկյունից: Չէ որ, ժամանակին անհրաժեշտ միջոցների չձեռնարկումը և, որպես հետևանք, արտակարգ իրավիճակի հետևանքների արտասահմանային տարածումը իր մեջ հումանիտար աղետի վերածվելու ռիսկեր է պարունակում, որը կներառի հարևան երկրներն ու բնակչությունը: Հումանիտար արձագանքման պոտենցիալի բարձրացման մեջ կարևոր դեր է խաղում փրկարարական ստորաբաժանումների վերազինումը ժամանակակից տեխնիկայով և նրանց մասնագիտական պատրաստվածության և որակավորման շարունակական բարձրացումը: Հայաստանի Հանրապետությունում դրան շատ մեծ ուշադրութուն են դարձնում և միջազգային համագործակցությունը այս գործում կարևոր դեր է խաղում: Որպես օրինակ կարող եմ նշել հետևյալը. վերջերս՝ 2019 թ. մայիսի 6-ին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) Հայաստանին տրամադրվող հերթական օգնության շրջանակներում Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցեց 14 հրշեջ մեքենա և այլ անհրաժեշտ գույք: Իսկ այս տարվա ապրիի 15-16-ը 50 հոգուց բաղկացած ՀՀ ԱԻՆ քաղաքային որոնողական-փրկարարական խումբը 36 ժամ է անցակցրել «Որոնողական-փրկարարական աշխատանքների կազմակերպում» խորագրով վարժանքում Միջազգային որոնման և փրկարարական խորհրդատվական խմբի ատեստացիայի գործընթացի շրջանակներում – համաշխարհային ցանցի, որը միավորում է ավելի քան 90 երկրների և միջազգային կազմակերպությունների ՄԱԿ-ի հովանու ներքո:

Պետք է նշեմ, որ Հայաստանի ԱԻՆ ստորաբաժանումները ծանրակշիռ փորձ ունեն որոնողական-փրկարարական օպերացիաների իրականացման գործում, ինչպես նաև անտառային հրդեհների մարման գործում արտասահմանում: Մասնավորապես հայ հրշեջները մասնակեցել են 2010 թ. Ռուսաստանում անտառային հրդեհների մարմանը: Իր հերթին, Ռուսաստանը 2017 թ. Խոսրովյան անտառում ուժեղ հրդեհի ժամանակ Հայաստան ուղարկեց հատուկ հակահրդեհային ինքնաթիռ ԻԼ-76: Վերջին օրինակը ակնհայտ ցույց է տալիս, որ արտակարգ հումանիտար արձագանքման առանցքային սկզբունքներից է միշտ օգնության հասնելու պատրաստակամությունը և փոխադարձ օգնությունը, այդ իսկ պատճառով միջազգային համագործակցության դերը արտակարգ հումանիտար արձագանքման ոլորտում աճում է: 

Ուսումնասիրվող ոլորտում հաջողված միջազգային համագործակցության օրինակ է Հայաստանում գործող Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը, որը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2015 թ. Մայիսի 19-ի Համաձայնության շրջանակներում: Կենտրոնի գործունեությունն ուղղված է արտակարգ հումանիտար արձագանքման խնդիրների իրականացման նպաստելուն: Կենտրոնի խնդիրներն են, առաջին հերթին, որոնողական-փրկարարական օպերացիաների սատարումը, առավելապես լեռնային տարածաշրջաններին հատուկ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը, որոնք պայմանավորված են երկրաշարժերով, սողանքներով, հեղեղներով, ինչպես նաև հրդեհների մարումը, հումանիտար օգնության մատուցումը և այլ՝ տարածաշրջաններում պահանջվող ուղղությունների իրականացումը, որոնք ուղղված են բնակչության և տարածքների պաշտպանությանը:

Անցած տարիների ընթացքում ՀՀ-ն իր համեստ ներդրումն է ունեցել միջազգային հումանիտար օգնության իրականացման գործընթացում: Մասնավորապես.
- 2005 թ. Հայաստանը հումանիտար օգնություն է ցուցաբերել Շրի-Լանկայի ցունամիից տուժած բնակչությանը;
- 2005թ. սեպտեմբերին, Հայաստանի Կառավարությունը օգնություն է տրամադրել ԱՄՆ-ի «Կատրինա» փոթորիկից տուժածներին;
- 2011 թ. Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա՝ Վանում տեղի ունեցախ երկրաշարժի պատճառով;
- նույն 2011 թ. Ճապոնիային տրամադրվել է հումանիտար օգնություն, որը տուժել էր երկրաշարժից և ցունամիից;
- 2019 թ. ապրիլի 8 Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է ուղարկվել հումանիտար օգնությամբ շարասյունը, այդ երկրում ջրհեղեղից տուժած բնակչությանն օգնելու համար, այս ցուցակը կարելի է շարունակել:

Երբ ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայում վատացավ հումանիտար իրավիճակը, Հայաստանը մի քանի անգամ այդ երկիր ուղարկեց հումանիտար օգնություն, որը փուլ առ փուլ տեղ էր հասցվում ռուսական ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով: 
Դրա հետ մեկտեղ, սիրիական ճգնաժամի տարիներին Հայաստանը ընդունել է մոտ 22 հազ սիրիացի հայերի: Ուզում եմ նաև նշել, որ 2014 թ., երբ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման արդյունքում ծայրահեղականների գործողություններից տուժեցին Իրաքի եզդիները, Հայաստանի Կառավարությունը նրանց օգնություն տրամադրեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:

Հումանիտար արձագանքման նպատակը կայանում է ոչ միայն տուժած տարածքներում արտակարգ օգնություն ցուցաբերելուն, այլ նաև ամեն կերպ նպաստելուն այդ տարածքներում կյանքի նորմալ ռիթմ հաստատելուն: Ելնելով այս տրամաբանությունից 2019 թ. փետրվարի 8-ին սիրիական Հալեպ քաղաք ժամանեց 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբը, Սիրիայի ժողովրդին մասնագիտացված հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով: Նշեմ, որ Սիրիայում Ազգային հումանիտար առաքելության անցկացման որոշումը ընդունվել է Հայաստանի ղեկավարության կողմից սիրիական կառավարության պաշտոնական դիմումին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հալեպ քաղաքի հայ համայնքի խնդրանքը: Խմբի կազմի մեջ են մտնում հումանիտար ականազերծման մասնագետներ, բուժական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք։ Հայկական առաքելության գործունեությունը իրականացվում է ռուսական կողմի հետ համագործակցության և նրա տեխնիկական աջակցության միջոցով: Միայն փետրվարի 19-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում հայ սակրավորները ականազերծել են 25 հազ 860 քմ տարածք: Դրանք գյուղական համայնքների տարածքներն են, որտեղ ռազմական գործողություններից հետո մնացել են բազմաթիվ ականներ և այլ չպայթած ռազմամթերք, որոնք վտանգ են ներկայացնում բնակչության համար, և որոնց պատճառով բնակչությունը չի կարողանում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները և զբաղվել անասնապահությամբ: Հայկական հումանիտար առաքելության բժիշկները նշված ժամանակահատվածում վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, 534 քաղաքացու ցուցաբերվել է թերապեվտիկ օգնություն, անց են կացվել 959 կլինիկա-լաբորոտորիական հետազոտություններ: Երկու շաբաթ առաջ՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել հայկական հումանիտար առաքելության մասնագետների ռոտացիա և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում շարունակվում է:

Հարգելի գործընկերեր, 
Արտակարգ իրավիճաներին արձագանքելիս միջազգային համագործակցության մեջ կարևոր դեր է խաղում արտակարգ խոշոր տարերային աղետի առաջին փուլում տեղեկատվության փոխանակումը և կոորդինացիան: ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունում գործում է ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոն, որն համագործակցում է միազգային կազմակերպությունների և արտասահմանում գտնվող նմանատիպ կենտրոնների հետ արտակարգ իրավիճակների վերաբերյալ վաղ տեղեկացման և ազդարարման համար, այդ թվում նաև GDACS գլոբալ ցանցի միջոցով։

Վերջում, ցանկանում եմ հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր ներդրումն ունենալ արտակարգ հումանիտար արձագանքման ոլորտում միջազգային համագործակցության զարգացման և խորացման մեջ: Այս գործում մենք պատրաստ ենք համատեղ աշխատել և համագործակցել բոլոր հետաքրքրվող երկրների, միջազգային կազմակերպությունների և համակարգերի հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]