1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը. տեղի է ունեցել ԵՊՀ հոբելյանական հանձնաժողովի նիստը

Հայտնի է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը. տեղի է 
ունեցել ԵՊՀ հոբելյանական հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու  տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հոբելյանական հանձնաժողովի նիստը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: 

Մայիսի 16-ին ԵՊՀ-ն նշում է  հիմնադրման 100-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ Գյումրիում և Երևանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնցից մեկը ԵՊՀ հոբելյանական հանձնաժողովի նիստն էր՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:  

Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց ներկաներին և տեղեկացրեց, որ հարյուր տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:  

ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ հանձնաժողովը բաղկացած է 47 անդամներից, սակայն նիստին մասնակցում են ոչ բոլորը, քանի որ այս շրջանում անցկացվում են ավարտական աշխատանքների պաշտպանություններ. «Բացի դրանից՝ այսօր ԵՊՀ-ում մեկնարկել է «Erasmus +» ծրագրի շրջանակում կազմակերպված մեծ գիտաժողովը, որի աշխատանքներին ներգրավված են մեր հանձնաժողովի անդամներից շատերը: Այն կարևոր գիտաժողով է՝ նվիրված կրթության նորարարական մեթոդների կիրառմանը: Ծրագրի համակարգողը հենց ԵՊՀ-ն է»:

Նիստի ընթացքում Արամ Սիմոնյանը ներկայացրեց ԵՊՀ 100-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող միջոցառումների ծրագիր- ժամանակացույցը:

Նրա հավաստմամբ, ԵՊՀ 100-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակում արդեն կազմակերպվել և դեռ կազմակերպվելու են միջազգային, հանրապետական և ֆակուլտետային գիտաժողովներ, դասախոսություններ, սեմինարներ, հանդիպում-քննարկումներ:

«Ծրագրված են բազմաթիվ հրատարակություններ, որոնցից շատերն արդեն լույս են տեսել: Մասնավորապես լույս է տեսել «Երևանի պետական համալսարանի պատմությունից» գիրք-ալբոմը, որը շուտով կտարածվի նաև ֆակուլտետներում: Հրատարակվել են նաև մի շարք գրքեր, որոնց մեծ մասի շնորհանդեսներն արդեն տեղի են ունեցել: Բացի դրանից՝ տպագրվել են մի շարք այլ աշխատություններ, գրքույկներ: Առաջիկայում նույնպես կհրատարակվեն նոր աշխատանքներ»,- նշեց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորի փոխանցմամբ, իրականացվում են տպագիր և համացանցային լուսաբանումների, գովազդային աշխատանքներ. «Հեռուստատեսային լուսաբանումների աշխատանքների շրջանակում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից նկարահանվում է ԵՊՀ 100-ամյակին նվիրված ֆիլմ, որը կլինի երկու տարբերակով»:

ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Արամ Սիմոնյանի հավաստմամբ, ծրագրված են ցուցահանդեսներ, որոնք ինչպես ԵՊՀ ուսանողների և դասախոսների մտքերի արգասիքն են, այնպես էլ համալսարանի վերաբերյալ պատմական փաստաթղթերի, արտերկրից համալսարան այցելած հյուրերի, նաև ՀՀ տարբեր կազմակերպությունների և անհատների նվիրած հուշանվերների ցուցադրություններ. «Կազմակերպվելու է նաև 100 տարում ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված գրքերի ցուցահանդես»:

«Կազմակերպվել և կազմակերպվելու են ուսանողական ինտելեկտուալ, մշակութային և մարզական մի շարք միջոցառումներ, հանրային ներգրավման, բարեգործական միջոցառումներ, ինչպես նաև ԵՊՀ-ի խորհրդանշմանը նվիրված տարբեր ձևաչափերի միջոցառումներ, որոնք տեղի կունենան ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում և Արցախում»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Անդրադառնալով սեպտեմբերին նախատեսված տոնակատարությունների ծրագրի ժամանակացույցին՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ արտասահմանյան հյուրերի ժամանումը նախատեսված է սեպտեմբերի 24-25-ը. « Պաշտոնական միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին: Այդ օրը նախատեսվում է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ժամանակ կընդունվի ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, ապա տեղի կունենան պարգևատրումներ»:

Սեպտեմբերի 27-ին անցկացվելու են «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով, ապա պաշտոնական հանդիսավոր արարողություն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև մշակութային միջոցառումներ և ճանաչողական այցեր:

ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանին ներկայացվել է դիմում՝ նշանավոր համալսարանականների անունով փողոցներ անվանակոչելու վերաբերյալ: Նրա հավաստմամբ, այս ընթացքում կատարվել և կատարվում են շինարարական աշխատանքներ, ընթացքի մեջ են բարեկարգման ծրագրերը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին ներկայացված ծրագիրը և հանդես եկան առաջարկություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]