Ժան-Կլոդ Յունկերը նախազգուշացրել է՝ անհնազանդության դեպքում Եվրամիությունը կհրաժարվի հովանավորել բուֆերային գոտին

ԵՄ երկրների խնդրանքով այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրելու՝ թուրքական գործողությունը քննարկելու համար։ Դրան զուգահեռ՝ քիչ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության շրջանակներում թուրքական Զինված ուժերը  մեկ օրում հարվածել են 181 օբյեկտի։

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները երկրի հյուսիսը՝ Եփրատ գետից մինչև Իրաքի սահման գրավելն է։ Թուրքիան նպատակ ունի ազատվել այս հատվածի քրդական խմբավորումներից, որոնք Անկարան անվանում է ահաբեկչական։

«Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը թուրքական ուժերը սկսել են երեկ։ Գործողությունը սկսել էին քրդական «Ազգային ինքնապաշտպանական ուժերի» դիրքերի ուղղությամբ օդային հարվածներով։ Առաջին հարվածները հասցվել էին Ռաս ալ-Աին, Թել Աբյադ, Էլ-Կամիշլի և Այն-Իսա բնակավայրերին։

«Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին հայտնել էր հենց նախագահ Էրդողանը։ Նրա խոսքով՝ գործողության նպատակը «ահաբեկչական միջանցքի ոչնչացումն է, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը»։ «Մենք կպահպանենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը և տեղական համայնքները կազատագրենք ահաբեկիչներից», – գրել է Էրդողանը Twitter- ում:

Անկարայի գործողություններին ի պատասխան՝ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված խմբավորումն ականանետերով ռմբակոծել է թուրքական սահմանամերձ քաղաքները և կրակ է արձակել Սիրիայի Ալ-Հասակա նահանգում գտնվող մի շարք նավթային աշտարակների վրա: Խմբավորման ղեկավար Ահմադ Մուսան կոչով դիմել է Եվրամիությանն ու ՄԱԿ-ին՝ հորդորելով կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի գործողությունների վերաբերյալ։ «Յուրաքանչյուր ոք, ով դեմ չի լինի թուրքական գործողություններին, կհամարվի նրա կողմնակիցը»,-ասել է Մուսան։

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը նույնպես դեմ է արտահայտվել՝ նախազգուշացնելով, որ անհնազանդության դեպքում Եվրամիությունը կհրաժարվի հովանավորել բուֆերային գոտին, որը Անկարան նախատեսում է ստեղծել հյուսիսային Սիրիայում՝ այնտեղ սիրիացի փախստականներին վերադարձնելու համար:

Դամասկոսը հայտարարել է բոլոր իրավական միջոցներով իր ինքնիշխանությունը պաշտպանելու վճռականության մասին:

Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հաղորդել էր, որ ամերիկյան զինված ուժերը Սիրիայում Թուրքիայի գործողություններին չմիջամտելու հրաման են ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, ինչի համար նրան քննադատել էին քրդական ուժերը, որոնք մեծ դեր են խաղացել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ պայքարում:

 

Տեսանյութեր

Լրահոս