Մատչելիության հղումներ

Նոր մանրամասներ` հայ գերիների ազատ արձակման շուրջ


Հայ գերիները վերադառնում են հայրենիք, արխիվ
Հայ գերիները վերադառնում են հայրենիք, արխիվ

Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների ազատ արձակումից ժամեր անց պաշտոնական Վաշինգտոնը, Բյուսելը, Մոսկվան ու Թբիլիսին մանրամասներ են հաղորդում այս գործընթացի կուլիսային բանակցություններից:

Գերիների վերադարձի մասին առաջինը հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` նախընտրական քարոզարշավի ընթացքում:

«Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր` գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- այսօր հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքով, հայ գերիները Ադրբեջանի Կարմիր կամրջով տեղափոխվել են Վրաստան, հետո Բագրատաշենով` Հայաստան:

Վրաստանի վարչապետն անձամբ է ներգրավված եղել

Վրաստանի վարչապետի գրասենյակը հաղորդում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել այս գործընթացում, և որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարևոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ:

«Վրաստանի վարչապետն անձամբ է մշտական կապի մեջ եղել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ», - հայտարարում է Թբիլիսին, հավելելով․ - «Վրաստանի վարչապետը ողջունում է հարևան պետությունների այս որոշումը, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ կտրվածքով համագործակցության մթնոլորտ ձևավորելու համար: Վրաստանն ամենասկզբից հենց ակտիվորեն համագործակցել է ամերիկացի դաշնակիցների, ինչպես նաև հայ և ադրբեջանցի գործընկերների հետ`այս հարցի դրական կարգավորման համար: Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը, և բազմիցս է հայտարարել այդ գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին»:

Վաշինգտոնը և Բրյուսելը ողջունում են

Հատուկ հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը` ողջունելով 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը, ինչպես նաև Ադրբեջանին կարևոր տեղեկություններ փոխանցելու` Հայաստանի որոշումը:

«Այդօրինակ քայլերը տարածաշրջանի ժողովուրդներին կմոտեցնեն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը` հատուկ շնորհակալություն հայտնելով Վրաստանի կառավարությանը` այս հարցի շուրջ «կողմերի միջև երկխոսություն նախաձեռնելու հարցում ունեցած կենսական դերակատարության համար»:

Բլինքենը նաև կոչ է արել վերադարձնել բոլոր ձերբակալվածներին, ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին` համագործակցությունը շարունակելու և չլուծված հարցերը կարգավորելու ջանքերում:

«Մենք նաև հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները`ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` հակամարտության համապարփակ քաղաքական լուծումը գտնելու համար», - հայտարարել է պաշտոնական Վաշինգտոնը:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ գործընթացում նաև Բրյուսելն է ներգրավված եղել:

«Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցից հետո` նույն օրը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցներում Միշելը հորդորել է զբաղվել մարդասիրական խնդիրներով և փոխադարձ քայլեր անել այդ ուղղությամբ», - «Ազատության»-ը փոխանցել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը`անանուն մնալու պայմանով:

Միշելը Թվիթերի իր էջում արդեն իսկ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի «զուգահեռ մարդասիրական ժեստերը»:

«Սա առաջին քայլն է կողմերի միջև վստահությունը վերականգնելու ուղղությամբ», - գրել է Եվրոպայի խորհդի ղեկավարը` ընդգծելով, որ Բրյուսելը նպաստել է այս գործընթացին և կշարունակի իր աջակցությունն առաջարկել` առաջընթացի հասնելու համար:

Եվրոպական կողմը միաժամանակ, «Ազատության»-ը հայտնել է, թե գործընթացում ներգրավված է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահությունը` ի դեմս Շվեդիայի արտգործնախարարության, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Շառլ Միշելը ուրախ է, որ սա արտաքին քաղաքականության օրակարգում մեկ այլ հարց է, որտեղ Եվրամիության ու ԱՄՆ ջանքերը զուգահեռվում են», - ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:

Երևանը շնորհակալություն է հայտնում Վրաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, ԵՄ ղեկավարներին

«Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը», - Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։

Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար», - ասված է Նիկոլ Փաշինյանի խոսնակի գրառման մեջ:

Բաքուն երախտագիտություն է հայտնում միջազգային համայնքին

Պաշտոնական Բաքուն երախտագիտություն է հայտնել միջազգային համայնքին` այս հարցում ցուցաբերած աջակցության համար։

«Ձեռք բերված համաձայնությամբ, 15 ձերբակալված հայերի ազատ արձակման դիմաց Բաքվին են փոխանցվել Աղդամում տեղակայված 97,000 ականների քարտեզները` վրաց֊ադրբեջանական սահմանին` Վրաստանի ներկայացուցիչի մասնակցությամբ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Պաշտոնական Բաքուն հատուկ շնորհակալություն է հայտնել առաջին հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքերին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և ԵԱՀԿ շվեդ նախագահությանը` նրանց աջակցության համար:

«Քարետզների ձեռքբերումը կփրկի հազարավոր մարդկանց կյանքեր և կարագացնի Աղդամը վերակառուցելու` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած ծրագրերն ու տեղահանվածների վերադարձը այդ բնակավայրեր»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Հայաստանն Ադրբեջանի ընդառաջ քայլին պատասխան քայլ է արել»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, պնդել է` Երևանը ոչ թե փոխանակել է ականապատ տարածքների քարտեզները գերիների դիմաց, այլ` Ադրբեջանի ընդառաջ քայլին պատասխան քայլ արել։

«Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններում անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։ Ուզում եմ ընդգծել` խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն` դրանք չեն բաժանում մեզ՝ այլևս հայտնի հանգամանքների բերումով, այլ գտնվում են նրանց թիկունքում», - այսօր հայտարարել է Փաշինյանը։ Ավելին, վերջինս պնդել է, թե ականապատված տարածքների քարտեզներ Բաքվին փոխանցել է նաև մինչ այս`Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով:

«Պաշտոնապես ասում եմ` մենք երբեք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել Ադրբեջանին, այդ Ադրբեջանն է, որ դադարեցրել է գերիների վերադարձը։ Երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եկել էր Երևան և նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե կոչ են անում ականապատ տարածքների մասին տեղեկություններ տրամադրել` նաև Լավրովի հետ եմ որոշ քարտեզներ Ադրբեջան ուղարկել», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Երկար սպասված և հրաշալի նորություն է». Զախարովա

Ռուսաստանը ևս ողջունել է կողմերի միջև արձանագրված վերջին զարգացումները։ «Սա երկար սպասված և հրաշալի նորություն է», - հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

XS
SM
MD
LG