Մատչելիության հղումներ

Թուրքիայում կիրակի կայանալիք ընտրություններին Էրդողանը գնում է «թուլացած դիրքերով»․ Հարցումներ


Էրդողանը նախընտրական ելույթ է ունենում Դիարբեքիրում, 3-ը հունիսի, 2018 թ․
Էրդողանը նախընտրական ելույթ է ունենում Դիարբեքիրում, 3-ը հունիսի, 2018 թ․

Ամիսներ առաջ, երբ Թուրքիայի նախագահը որոշեց արտահերթ համապետական ընտրություններ կազմակերպել, փորձագետներից շատերը պնդեցին՝ հաղթանակը կանխորոշված է, հատկապես հաշվի առնելով, որ քվեարկությունն անցնելու է արտակարգ դրության պայմաններում, հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդներն էլ կամ ազատազրկված են, կամ, 2016-ի հեղաշրջման փորձից հետո, ճնշված:

Ընդամենը մի քանի օրից՝ կիրակի կայանալիք քվեարկության նախօրեին, սակայն, հարցումները փաստում են, որ էրդողանը, ով 16 տարի անընդմեջ հաղթում էր բոլոր ընտրություններում, այս անգամ կարող է ցանկալի արդյունքի չհասնել, առնվազն՝ առաջին փուլում:

Նույն հարցումները վկայում են, որ թուրքերը հիասթափված են հատկապես երկրի տնտեսության վիճակից. միայն այս տարվա ընթցաքում թուրքական լիրան 20 տոկոսով արժեզրվել է, գները բարձրացել են, պարտքը՝ ավելացել: Մյուս կողմից, արդեն երկու տարի է, հեղաշրջման փորձից ի վեր, էրդողանի վարչակազմը չի թուլացնում քաղաքական ճնշումները, կորցնելով վստահությունը հատկապես քրդերի ու երիտասարդների շրջանում:

Վճռորոշ քվերակությունից օրեր առաջ, նախընտրական ելույթներից մեկում, Էրդողանը պնդել էր՝ պատրաստ է հեռանալ, եթե ժողովուրդն իրեն ասի՝ բավական է («թամամ»): ժամեր անց սոցիալական ցանցերը հեղեղվել էին այդ բառով, «թամամի» արշավին միայն «Թվիթերում» շուրջ երկու միլիոն օգտատեր է միացել: Դիրքերն ամրապնդելու համար 64-ամյա էրդողանն օր-օրի ակտիվացնում է քարոզարշավը: Երեկ Ստամբուլում նա հուժկու հանրահավաք անցկացրեց՝ աջակիցներին կոչ անելով մի լավ դաս տալ չարակամներին:

«Արևմուտքը ուշի ուշով սպասում է հունիսի 24-ին, գիտե՞ք ինչու: Նրանք սպասում են, որ էրդողանը տապալվի, պարտվի, բայց դուք պատրաստ եք, չէ՞, մի լավ օսմանյան ապտակ հասցնել նրանց: Մենք պետք է շատ ջանք թափենք սրա համար, հանգստանալ ու մի կողմ քաշվել չկա, գնում ենք առաջ»,- ասել է Էրդողանը:

Պայքարը թուլացնելու միտք չունեն նաև ընդդիմադիր ուժերը, որոնց համար սա էրդողանի միանձնյա իշխանությունը թուլացնելու թերևս վերջին հնարավորությունն է: Սահմանադրական վերջին փոփոխություններով այս ընտրություններից հետո Թուրքիան անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգի՝ երկրի առաջնորդի շատ ավելի ընդարձակ լիազորություններով: Բացի այդ, այդ փոփոխությունները էրդողանին հնարավորություն են տալիս կրկին առաջադրվել ու իշխանության ղեկին մնալ ևս մկ տասնամյակ՝ մինչև 2029 թվականը:

«Այս մարդը պետք է վաղուց թոշակի գնա, նա ուղղակի ի վիճակի չէ լուծել երկրի խնդիրները»,- պնդում է էրդողանի հիմնական մրցակիցը համարվող Մուհարրեմ Ինջեն: Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն, որը քննադատում է էրդողանին արդեն ավելի քան 15 տարի, վերջին շաբաթների ընթացքում ոչ մի օր չդադարեցրեց քարոզարշավը: Նա կիլոմետրերով քայլում էր, գյուղացիների հետ խոտ հնձում, շարքային ընտրողների հետ ճաշում: Նրա կարգախոսը մեկն է՝ Թուրքային նոր մարդիկ են պետք, թարմ արյուն:

«Էրդողանը սպիտակ օձիքավոր թուրքերի շահերն է ներկայացնում, ես՝ շարքային մարդկանց, էրդողանն ապարանքից է, ես՝ աղքատների կողմից, նա ստատուս քվոյի կողմնակից է, ես՝բարեփոխումների»,- ասում էր Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն:

Էրդողանի մյուս ընդդիմախոսը, որն ըստ հարցումների, կարող է ստանալ ձայների 10 տոկոսից ավելին, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թեկնածու Սելահաթին Դեմիրթաշն է, ով երեկ բանտից իր առաջին հեռուստաուղերձը հրապարակեց: Նախագահի այս թեկնածուն երկու տարի է ազատազրկված է՝ Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու, ահաբեկչություն քարոզելու մեղադրանքներով: Այդ մեղադրանքներով նրան սպառնում է ավելի քան 140 տարվա ազատազրկում:

«էրդողանի վարչակազմը վախենում է ինձանից, և միայն այդ պատճառով որոշել են ինձ բանտ նստեցնել: Սակայն վստահ եմ, որ դուք ազատության կողմնակից եք, և ձեր օգնությամբ մենք կկարողանանք երկիրը հանել այս անդունդից: Իմ պայքարը հստակ է՝ հանուն ժողովրդավարության և ընդդեմ մենիշխանության ու բռնապետության»,- իր ուղերձում նշել է Սելահաթին Դեմիրթաշը:

Առաջիկա կիրակի նախագահականից բացի Թուրքիայում կանցկացվեն նաև խորհդարանական արտահերթ ընտրություններ: Ըստ սոցիոլոգիական հարցումների, չի բացառվում, որ այստեղ էլ էրդողանի դիրքերը թուլանան, և նրա առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսկացությանը չհաջողվի ձայների մեծամասնություն ստանալ 16 տարի իշխանական դիրքերում մնալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG