Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոցիալական պաշտպանությունը չպետք է լինի նպաստ տրամադրելու տեսքով. նախատեսվում է փոխել սոցիալական պաշտպանության քաղաքականությունը

Սոցիալական պաշտպանությունը չպետք է լինի նպաստ տրամադրելու տեսքով. 
նախատեսվում է փոխել սոցիալական պաշտպանության քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է փոխել սոցիալական պաշտպանության քաղաքականությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ սոցիալական պաշտպանությունը չպետք է լինի նպաստ, կենսաթոշակ տրամադրելու տեսքով:

«Սոցիալական պաշտպանության համակարգին շատ ավելի լայն մոտեցում պետք է ցուցաբերվի: Մենք չենք կարող ունենալ սոցիալական համակարգ, որտեղ մենք միայն նպաստ, կենսաթոշակ ենք տալիս: Մենք պետք է ունենանք այնպիսի ներառական սոցիալական համակարգ, որում ամբողջ անհրաժեշտ ծառայությունները կներառվեն, կգնահատվեն մարդկանց կարիքները՝ աջակցությունը հասցեական տրամադրելու համար»,-ասաց Արսեն Մանուկյանը: Նրա խոսքով, սոցիալական պաշտպանության ապահովումը միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնդիրը չէ, դա պետք է հիմնված լինի միջգերատեսչական համագործակցության վրա:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ խոսքը միջգերատեսչական առավել արդյունավետ աշխատանքի մասին է:

«Մենք գործ ունենք ոչ միայն տնտեսական, դրամական աղքատությունից տուժող մարդկանց հետ, այլև նրանց, ովքեր այսքան տարիներ աղքատության հաղթահարման  քաղաքականության ձգձգման պատճառով կրում են աղքատության մշակույթի ազդեցությունը: Այստեղ ես կարևոր եմ համարում սոցիալական ոլորտի աշխատողի դերը: Մարդու հետ աշխատանքի մակարդակում, եթե այդ ծառայությունները տեղ հասցնողը բավարար չափով գիտելիք չունի, որպեսզի կարողանա քաղաքականությունը տեղայնացնել, որ մարդիկ դուրս գան այդ վիճակից, ապա դա լուրջ խնդիր է»,-ասաց Միրա Անտոնյանը: Նա նշեց, պետք է դիտարկել սոցիալական ոլորտի աշխատողների մասնագիտական գիտելիքները, նրանց աշխատանքային պայմաններ, հասկանալ, թե արդյոք նրանց ծանրաբեռնվածությունը, նրանց մանդատը, ունեցած ռեսուրսները բավական հավասարակշռված են: 

Երևանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ն անցկացվելու է մեծ համաժողով՝ կազմակերպված Համաշխարհային բանկի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից:  Գիտաժողովի նշանաբանն է լինելու սոցիալական պաշտպանության բնագավառում չանտեսել ոչ մեկին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը նշեց, որ գիտաժողովին քննարկվելու է սոցիալական պաշտպանությանը վերաբերող վերը նշված, ինչպես նաև այլ հարցեր:

«Տեղական, միջազգային փորձագետներն իրենց փորձն են ներկայացնելու, թե ինչպես կարելի է բարձրացնել սոցիալական պաշտպանության դերը երկրի կայուն զարգացման օրակարգում: Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք հանձն են առել քայլեր կատարել կայուն զարգացման օրակարգի համատեքստում մինչև 2030 թվականը, որի թիրախներից է վերացնել ծայրահեղ աղքատությունը, կրճատել աղքատությունը: Աղքատության թվերը բարձր են, չեն նվազում հետևաբար լուրջ անելիք կա այս ուղղությամբ»,-ասաց Արմենուհի Հովակիմյանը:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ծրագրի ղեկավար Լիրե Էրսադոյի խոսքով, սոցիալական պաշտպանությունը պետք է դիտարկել կառավարության ընդհանուր գործառույթների, երկրի հետագա կայուն զարգացման համատեքստում:

«Անհրաժեշտ է այնպիսի պայմաններ լինեն, որ քաղաքացիները կարողանան իրենց ամբողջ ներուժն իրացնել: Դրա համար նախնական միջամտություն է պետք: Երեխան եթե հետագայում չստանա առողջապահական, կրթական սոցիալական պաշտպանության հետ կապված որակյալ ծառայություններ, ապա չափահաս լինելու դեպքում իր ներուժի մի մասը կիրացնի: Ասել է թե, այստեղ պետք է ունենալ կրթական, առողջապահական որակյալ ծառայություններ, ահա այդ դեպքում անձը հնարավորություն կունենա իր ներուժի 70 կամ 80 տոկոսն իրացնել: Այսինքն՝ ապագայում լավ պտուղներ ստանալու համար վաղ միջամտության անհրաժեշտություն կա»,-ասաց  Լիրե Էրսադոն: Նա ընդգծեց այն, որ այս ամբողջ գործընթացում, ընդհանուր զարգացման միտումներից որևէ մեկը դուրս չմնա: Հավասար հնարավորություններ ունենան և՛ քաղաքի, և՛ գյուղական, և՛ հեռավոր լեռնային շրջանների բնակիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]