Մատչելիության հղումներ

Եվրոդատարանի վճռով Հայաստանը 3,000 եվրո կվճարի քաղաքացուն՝ անհիմն կալանքի տակ պահելու համար


Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել՝ հաստատելով, որ խախտվել է քաղաքացու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը։

Ստրասբուրգի դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3,000 եվրո վճարել Արմեն Բադալյանին՝ որպես խախտված իրավունքների փոխհատուցում։ Դատարանը հաստատել է, որ Հայաստանի կառավարությունը քաղաքացուն անհիմն է պահել կալանքի տակ՝ այդպես էլ հստակորեն չպարզաբանելով, թե ինչու վերջինս պետք է անազատության մեջ մնա և մինչև դատարանի որոշումը ինչու նա չէր կարող գտնվել ազատության մեջ։

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք հնչեցնելու համար Արմեն Բադալյանը 6 տարի առաջ հայաստանյան դատարանների կողմից դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման։ Մինչ դատավճիռը նա մեկ տարի կալանքի տակ է պահվել: 41-ամյա Արմեն Բադալյանը Ստրասբուրգի դատարանի որոշմանը սպասել է 5 տարի։ Ուրախ է, որ տարիներ անց հասավ արդարադատության, բայց ցավում է, որ հաղթեց ոչ թե հայրենի դատարաններում, այլ՝ հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Եվրոպական դատարանում։

«Ուրախ եմ ոչ թե գումարի, այլ որ անօրինականությունը Հայաստանում գոնե մի քիչ կարճացվի», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Արմեն Բադալյանի իրավունքները Հայաստանում պաշտպանել են երեք փաստաբաններ՝ Ռուբեն Սահակյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։ Ղարաբաղյան պատերազմում մի շարք հիվանդությունների պատճառով հաշմանդամության երրորդ կարգ ստացած, անապահով Բադալյանն արդեն ծրագրում է, թե ինչպես է ծախսելու 3,000 եվրոն։

«Ես շնորհակալ եմ իմ պաշտպաններից՝ իմ պաշտպանները ոչ մի գումար չեն ուզել, բայց ես իրենց էլ եմ հատկացնելու, եղբորս էլ եմ հատկացնելու, մեկ էլ իմ երեխայի համար անկյուն եմ սարքել՝ որ ամեն ինչ ապահով լինի», - նշեց նա:

Բադալյանի փաստաբան Երվանդ Վարոսյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ ապօրինի կալանքների թիվը Հայաստանում տարեցտարի աճում է: Վարոսյանը մեջբերում է Ստրասբուրգի դատարանի որոշումից մեկ հատված՝ «Դատարանը փաստել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս և կալանքի տակ պահելու ժամկետները երկարացնելիս, կարծրատիպային ձևակերպումների կիրառումը կարծես թե Հայաստանում տարածված խնդիր է, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում է, և որն արդեն իսկ փաստվել է մի շարք գործերով։ Ազգային դատարանները հիմնվել են այն կասկածների վրա, թե Արմեն Բադալյանն ազատության մեջ կարող է թաքնվել, ազդել վկաների վրա կամ էլ խոչընդոտել նախաքննությանը»:

Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Եվրոպական դատարանի նախադեպում լրջագույն փոփոխություն է տեղի ունեցել։ Կոստանյանի պարզաբանմամբ, նախկինում կալանքի՝ որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար էր, որպեսզի նախաքննական մարմինը հիմնավորի, որ տեղի է ունեցել իրավախախտման փաստ: Հետո, եթե անհրաժեշտություն էր առաջանում երկարացնել կալանքի ժամկետը, կարևորվում էր, որպեսզի նախաքննական մարմինը հիմնավորի, որ անձը կարող է թաքնվել, խուսափել պատասխանատվությունից: Մինչդեռ, նոր նախադեպով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար բավարար չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու փաստը, ասել էր Կոստանյանը՝ «այդ պահից անգամ դու պիտի հիմնավորես, որ նա կթաքնվի, կխոչընդոտի և այլն»։ Հետո էլ նախագահ Սերժ Սարգսյանն էր դատախազությունում իր ելույթում ընդգծել, որ «կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, չի հավատում, որ իշխանությունները կամք կդրսևորեն՝ ազատվելու անհիմն կիրառվող կալանքների սովորույթից․ - «Այո՛, պատժում են: Հնուց եկած պրակտիկա ունենք՝ վատագույն պրակտիկա, որ եթե անձը մեղադրվում է քրեական հանցանք կատարելու մեջ, ուրեմն նա պիտի կալանավորվի: Այդ պրակտիկան դեռևս խորհրդային ժամանակներից է գալիս և մենք որևէ կերպ դրանից չենք կարողանում ձերբազատվել»:

Համաձայն Եվրոպական դատարանի վիճակագրության՝ 2002-2016-ի ընթացքում Հայաստանի դեմ կայացված վճիռներում քաղաքացու ազատության իրավունքի խախտումը գտնվում է երկրորդ տեղում։ Առաջին տեղում են արդար դատաքննության իրավունքի խախտումներով վճիռները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG