Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՏԿԵ նախարարը ՀԲ պատվիրակությանը հետ քննարկել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը

ՏԿԵ նախարարը ՀԲ պատվիրակությանը հետ քննարկել է Սոցիալական ներդրումների և 
տեղական զարգացման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին ՏԿԵ նախարարությունում՝  նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի  միջև կայուն և զարգացման խոստումնալից հեռանկարներ ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես,  ընդգծելով  ՀԲ-ի վարկային միջոցներով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Իվան Դրաբեկը իր հերթին շեշտելով Հայաստանի հետ համատեղ իրականացրած աշխատանքների հաջողված ընթացքը՝ վերահաստատել է, որ գործադրվելու են առավելագույն ջանքեր դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչները, մասնավորապես՝ միջհամայնքային փոխհարաբերությունների ամրապնդման և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բաղադրյալ ծրագրի իրականացմանը, շահառուների կենսապայմանների բարելավմանը, հանրային ծառայությունների մատուցմանը, սոցիալական կապիտալի և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը, բնակիչների եկամուտ ստանալու հնարավորությունների ընդլայնմանն առընչվող հարցեր:

Սուրեն Պապիկյանը նկատել է, որ բանկի հետ համագործակցությունը նոր զարկ է հաղորդել համայնքների կարողությունների զարգացման հեռանկարին և վարչատարածքային բարեփոխումներին՝ անհրաժեշտ համարելով հետագա համագործակցությունը ծառայեցնել մեծ ներուժ, բայց և զարգանալու ու կատարելագործվելու կարիք ունեցող համայնքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով: «Բանկի հետ ծրագիրը մենք համարում ենք հաջողված, իսկ հաջողված ծրագրերը շարունակվելու կարիք ունեն»,- ասել է նախարարը:

Ավարտին կողմերը փաստել են, որ ՏԿԵ նախարարությունը և Համաշխարհային բանկն այժմ փոխկապակցված են ենթակառուցվածքների զարգացման, տեղական ու տարածքային կարողությունների  հզորացման Հայաստանին ուղղված մի շարք ծրագրերով, և երկուստեք հաստատել տնտեսության հավելյալ զարգացում ապահովելու նպատակով ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]