Վանաձորում ստեղծված արտադրամասը ֆերմերներին կապահովի մատչելի կարկտապաշտպան ցանցերով
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացառապես իտալական սարքավորումներով Վանաձորում ստեղծված հակակարկտային ցանցերի արտադրամասի արտադրանքը կարող է բարձր արդյունավետությամբ պաշտպանել գյուղացու բերքը եղանակային անբարենպաստ պայմաններից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 14-ին մի խումբ պաշտոնյաներ և լրագրողներ տեղում ծանոթացան արտադրամասի գործունեությանն ու զրուցեցին դրա տնօրենի, ծրագրի իրականացման աջակիցների հետ:
«Հակակարկտային ցանցի կիրառման դեպքում բերքի անվտանգությունն ապահովված կլինի հարյուր տոկոսով: Այլ երկրներից Հայաստան ներմուծված նման ցանցեր փորձարկվել են Արարատյան դաշտում, որտեղ շատ են խաղողը, ծիրանը: Արդյունքը բարձր է եղել: Ներկրված ցանցերի գինը բարձր է, իսկ տեղական հումքով և մեր աշխատուժով ստեղծված ցանցերի արժեքն անհամեմատ մատչելի կլինի»,- նշեց հակակարկտային ցանցերի արտադրամասի ղեկավար Արմեն Ղարաջյանը:
Նա ասաց, որ արտադրամասում դեռ անելիքներ կան. նախատեսվում է բետոնե սյուների, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող աքսեսուարների (տոպրակներ, տարբեր մթերքների տեղափոխման համար անհրաժեշտ պայուսակներ և այլն) արտադրություն իրականացնել:
Ղարաջյանի խոսքով` հակակարկտային ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի (այդ թվում՝ բետոնե սյուների) արտադրությունը նորարարական արտադրություն է ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում, հետևաբար, իրենք հույս ունեն, որ արտադրանքը կարտահանվի նաև հարևան երկրներ` Վրաստան, Իրան և այլուր:
Կարկտապաշտպան ցանցերի և սյուների արտադրության և իրացման ծրագրի ղեկավար Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ հակակարկտային ցանցերն աշխարհում վաղուց են կիրառվում և բերքի անվտանգության ապահովման ամենաարդարացված տարբերակներից են: «Մենք փորձեցինք այդ ցանցերի արտադրությունը կազմակերպել Հայաստանում, որպեսզի հնարավորության սահմաններում իջեցնենք դրանց ինքնարժեքը ֆերմերների համար»,- պատմեց նա ու հավելեց, որ արտադրական գործընթացն իրականացվելու է երեք հերթով: Հիմնական աշխատուժը Վանաձորից է և հարակից տարածքներից:
Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, ծանոթանալով արտադրամասի աշխատանքին, շեշտեց, որ դրա բացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: «Հուսամ` գործարանը մի քանի տասնյակ նոր աշխատատեղեր կստեղծի: Մեր նախարարությունն ունի ծրագիր, որը գյուղացիներին հնարավորություն կտա երկու տոկոսով վարկ վերցնել և ձեռք բերել հակակարկտային ցանցերը»,- նշեց Քամալյանը:
Արտադրամասի ստեղծման մեջ ներդրում են կատարել «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն, «Carmac» ընկերությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում