Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը

Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և, անշուշտ, նոր թափ կհաղորդի այդ գործընթացին: Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել՝ սփյուռքում, տվյալ դեպքում ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար՝ ԱՄՆ-ում և տարբեր երկրներում: Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետև ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները՝ նահանգային մակարդակում արդեն իսկ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ու սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետն ու կուլմինացիան:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին և ընդհանրապես Ներկայացուցիչների պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Կապահովվի երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը

Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմամբ, Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով,  երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կլուծարվեն Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու,  Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան  երեխաների խնամքի և պաշտպանության  գիշերօթիկ հաստատությունները և Վանաձորի մանկատունը:   Կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ կհատկացվեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում  պատվիրակման միջոցով ցերեկային աջակցության կենտրոնների ցանցի ընդլայնմանը, Երևան, Կապան և Գյումրի քաղաքներում ճգնաժամային աջակցության կենտրոնների հիմնմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև նշված հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին: Արդյուքում՝ կապահովվի երեխաների հետագա խնամքն ընտանիքում, կբարելավվի նրանց կյանքի որակը,  կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակությանը, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս կապահովվի խնամքը ընտանեկան միջավայրում, նշված մարզերում կավելացվի խնամատար ընտանիքների թիվը։ Ընթացիկ տարում այդ հաստատություններում իրականացվել է  խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում: Համաձայն գնահատման արդյունքների՝ հաստատություններում խնամվող երեխաների գերակշիռ մասը միայնակ մայրերի, առանձին ապրող ծնողների երեխաներ են: Խնամվող երեխաների զգալի մասը հաստատությունում է տեղավորվել ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այստեղ ոչ միայն ծառայության մառուցման ձևն է փոխվում, այլև բովանդակությունը: «Եվ այս բարեփոխումներն ուղղված են ընդդեմ հուսահատության, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկի սան, մանկատան սան ասել՝ նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքից և, ընդհանրապես, հաջողության լուսանցքից դուրս: Եվ այս իրավիճակի հետ մենք, իհարկե, չենք պատրաստվում համակերպվել: Եթե նայենք, թե Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկ հաստատությունների քանի սան է ընդունվել բուհ, մանկատների քանի սան է ընդունվել բուհ, հետագայում քանի հոգի են շատ թե քիչ նորմալ կարիերա արել, մասնագիտություն ձեռք բերել, իրենց բարեկեցությունն ապահովել, ապա  խայտառակ մի պատկերի առաջ կկանգնենք: Փոխարենը, եթե նայենք գիշերօթիկի աշխատողների, տնօրենների ընտանիքների բարեկեցությունը ինչպես է դասավորվել, այդտեղ էլ կարող ենք շատ հետաքրքիր հետևություններ անել: Դրա համար մենք հետևողական և կամային որոշմամբ այս բարեփոխումը տանելու ենք առաջ, որի նպատակը պետք է լինի մեկը՝ գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և այդ կարգի այլ հաստատությունների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել բոլոր առումներով, սեփական ուժերի նկատմամբ նրանց վստահությունը մեծացնել, նրանց օժտել գիտելիքներով, հմտություններով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ընդգծել է ոլորտում այս բարեփոխման կարևորությունը՝ պետական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման առումով:  

«Մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաներին վերադարձնենք ընտանիք: Սա շատ կարևոր հարց է: Իհարկե, կա նաև մտահոգություն, թե  արդյոք բոլորն հնարավոր շահառու ընտանիքներն ի վիճակի են այդ երեխաներին ընդունել և մեր նոր քաղաքականության շրջանակներում ապահովել պայմաններ: Այ սրա համար է, որ մենք ասում ենք՝ ընտանիքում բռնության կանխարգելման և քննության ինստիտուտը պետք է շատ լուրջ աշխատի և Հայաստանի Հանրապետությունում զարգանա: Մենք նախ այս ընտանիքներին պետք է աջակցենք, որպեսզի այո՛, նրանք այդ չափանիշներին համապատասխանեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարաչպետի խոսքով՝ անհրաժեշտ է հետևողական, հստակ առաջ շարժվել նաև երեխաների հանդեպ բռնության դրսևորումները կանխարգելելու և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: «Այս ինստիտուցիոնալ լուծումներով, կամային որոշումներով, իհարկե նաև հանրության հետ շատ լուրջ, խորը, մանրամասն վերլուծություններ անելով, այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով, որ Հայաստանի Հանրապետությունում  կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության և տգիտության մեջ կամ հետ քաշել,  տանել-մտցնել տգիտության փակուղի: Սա շատ հստակ ենք ասում, և մեր վարած քաղաքականությունը  այս առումով լինելու է սկզբունքային, ընդ որում՝ բոլոր մակարդակներում: Այդպիսի ուժեր այսօր կան նաև կառավարության մեջ, և մենք պետք է հատ-հատ, հետևողական ամատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով փոփոխությունների արդյունքներին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Եվ հաջորդ հարցն է ծագում, իսկ արդյո՞ք այս ամենը երաշխավորում է, որ փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքների: Ոչ, երաշխիք չկա, բայց ինչպես ասվում է, վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան: Առնվազն սա արձանագրում է, որ մենք հուսահատությանը չենք համակերպվելու, որովհետև այդ երեխաները ՀՀ-ի քաղաքաացիներ են և Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի այդ երեխաներին հետագա կյանքին պատրաստելու համար, ընդ որում, դա պետք է լինի ոչ թե յոլա գնացողի, խեղճացածի, ձեռք պարզածի, մուրացիկի կյանք, դա պետք է լինի արժանապատիվ աշխատանքով սեփական բարեկեցությունն ապահովող քաղաքացու կյանք: Եվ մենք այստեղ շատ հետևողականորեն պետք է գնանք առաջ»:

Վարաչպետը նշել է, որ նույնը վերաբերում է նաև տարեցների խնամքի կենտրոններին: «Եկեք այդ կենտրոնները և տեսենք ինչ պայմաններում և ինչ մթնոլորտում են այդ մարդիկ պահվում՝ բառիս բուն իմաստով, որովհետև նրանք պահվում են այդտեղ: Սրան նույնպես պետք է վերջ տալ: Այս ճանապարհը հեշտ չի լինելու, այնպես չէ, որ մենք հիմա իդելական համակարգ ենք ստեղծելու, մենք առնվազն ասել ենք, որ այս հուսահատական տրամաբանության հետ չենք համակերպվելու»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ վերաբաշխում  է կատարել 2019 թ. պետբյուջեում և փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` 2019 թ. առաջին 8 ամիսների ընթացքում նախատեսվածից ավելի շահառուների դիմելու հանգամանքով: Ըստ այդմ՝ անվասայլաներ ձեռք բերելու նպատակով կտրամադրվեն հավաստագրեր՝ հաշմանդամություն անձանց անհրաժեշտ, վերականգնողական անհատական ծրագրով երաշխավորված: Հիմնավորման համաձայն՝ պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրումը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքի առավելագույնս հարմար աջակցող միջոցները: Այս հանգամանքով, միաժամանակ հանրային իրազեկման  բարձրացմամբ պայմանավորված` մեծացել է շահառուների դիմելիությունը և  անվասայլակների այս տարվա համար նախատեսված քանակը սպառվել է:

Վարչապետը գոհունակություն է հայտնել պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման ընթացքից և նշել, որ դրա արդյունքում այդ գործընթացը դարձել է ավելի հասցեական և ավելի  հասանելի:

 

 

Գործադիրը հավանություն է տվել  վարկային  համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին

Կառավարությունը հավանություն է  տվել  Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ. շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին  տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով:

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները։ Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում և կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:

Հիմնավորումների համաձայն՝ նշված միջոցներն ուղղվելու են «2019թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ 2019 թ. բյուջեով որպես բյուջետային աջակցության վարկեր նախատեսված է ներգրավել շուրջ 131,4 մլն եվրո կամ 149,5 մլն դոլարի վարկեր: Նա տեղեկացրել է, որ  այսօր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում հաստատվել է նաև Ասիական զարգացման բանկի կողմից 9,1 մլն եվրոյի մեկ այլ ծրագիր: «Հաջորդ կառավարության նիստին կներկայացնենք Համաշխարհային բանկի ևս մեկ վարկային ծրագիր՝ 45,8 մլն եվրոյի չափով: Այս բոլոր միջոցներն ուղղվելու են պետբյուջեով նախատեսված բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, այսինքն՝ պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորմանը»,-ասել է  փոխնախարարը:

Նա հայտնել է , որ սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 6 մլրդ 539 մլն  դոլար: «Այսօր կառավարության նիստում ներառված վարկերի հաստատման պարագայում, հաշվի առնելով նաև ՀԲ-ի վարկը, որ հաջորդ շաբաթ կներկայացնենք, այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 50,3 տոկոսն է: Նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ այն կնվազի, քանի որ նախորդ տարի այն եղել է 51,3 տոկոս»,-ասել է Կարեն Բրուտյանը:

Վարչապետը կարևորել է նման ցուցանիշի արձանագրումը և նշել, որ այն հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում, առանց մտավախությունների նոր պարտք ներգրավվել:  «Մենք պայմանավորվել ենք, որ նոր պարտք ներգրավելու որոշում պետք է կայացնենք միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում մեծանալու են պետական եկամուտները, և տնտեսությունը բերելու են նոր մակարդակի: Մենք քննարկում ենք, այսպես ասած, մեգանախագծեր ձևավորելու և դրանք ֆինանսավորելու հարցը, և այս գործընթացը դրա նախապատրաստական շրջանն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

                                           

Կառավարությունը շարունակում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցայի ծրագրերի իրականացումը

Կառավարության որոշմամբ Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետարաններին նախատեսվում է հատկացնել 489,035.5 հազար դրամ ՝ ՀՀ համայնքներին 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: ՀՀ 34 համայնքների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 49 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրությունները: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,361,351.797 ՀՀ դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 983,882.566 ՀՀ դրամ, որից ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 489,035.506 ՀՀ դրամ:

Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս պետբյուջեից համաֆինասավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում: 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են թվով 518 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած ութ նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 483-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացը կամ արդեն իսկ իրականացվում է շինարարական աշխատանքները։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը,  գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:

Անդրադառնալով սուբվեցիոն ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Փաստորեն այս տարի, համենայն դեպս թվերով, բավականին ծավալուն աշխատանք ենք արել և անում ենք: Ես կարծում եմ, որ մենք խնդիր ունենք նաև վիզուալ տեսնելու այդ կատարված աշխատանքները»: Վարչապետը հորդորել է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին միջոցներ ձեռնարկել կատարված աշխատանքները լրատվամիջոցներով լուսաբանելու համար, ինչը կնպաստի նաև դրանց որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն:   

 

Կապահովվի թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորումը. կսահմանվի նաև ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձի չափը

Հանրային միջոցների առավել արդյունավետ և արդարացի բաշխում,  թերկոմպլեկտավորված հանրակրթական դպրոցների բավարար ֆինանսավորում ապահովելու, ինչպես նաև ուսուցիչների վարձատրության հստակ քաղաքականության իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ հանրակրթական դպրոցների ֆինանսավորման չափը որոշվում է հաստատված բանաձևով և ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարների համատեղ հրամաններով հաստատվող բանաձևի գործակիցներով: Բանաձևում առանցքային փոփոխականը դպրոցում սովորող երեխաների թիվն է:

«Սա նպատակ է ունեցել խթանել դպրոցների միջև մրցակցությունը, սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների մի մասը միակն է բնակավայրում, և սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով, ու նրանք մրցակցությունից դուրս են: Այս պարագայում փոքր թվով սովորողներ ունեցող դպրոցներին հատկացվող գումարը նրանց չի բավարարում և վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում: Սա տարիներ շարունակ արել են մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը: Այսինքն, խոշոր դպրոցների փողից վերցրել և հատկացրել են փոքր դպրոցներին»,- նշել է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ներկայիս բանաձևը չի ապահովում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորում: Որոշմամբ առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձևում նախատեսել նաև նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա փոքր թերկոմպլեկտավորված դպրոցին հատկացնել բավարար գումար՝ դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը հոգալու համար: Արդյունքում կվերացվի նաև մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը և կսահմանվի պետական մակարդակով ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:

Արայիկ Հարությունյանի տեղեկացրել է, որ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչեւ 125 հազարի: Նախարարի խոսքով՝ եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով: Նվազագույն աշխատավարձ ներդնելով՝ գործնականում Երևանում ու հեռավոր գյուղում գործող դպրոցների ուսուցիչները նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավարձն են ստանալու:

Անդրադառնալով որոշ դպրոցների գերծանրաբեռնվածության հարցին՝ նախարարը նշել է, որ դպրոցներում էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման շնորհիվ դրանց թիվը կրճատվել է մոտ 50, իսկ թերբեռնվածների թիվը՝ 60 տոկոսով: Նոր համակարգի շնորհիվ դպրոցն իր լիցենզիայից ավելի չի կարողանում աշակերտ ընդունել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս դրական փորձը տարածվելու է նաև  Հայաստանի մյուս քաղաքների ու համայնքների վրա:

 

                                         

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Սարհատ Պետրոսյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից:

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» ՀՀ օրենքով պայմանավորված: Օրենքով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն անվանափոխվել է Կադաստրի կոմիտեի: Որոշմամբ հանվել է նաև Կադաստրի կոմիտեի կողմից ստացվող ավարտական փաստաթղթերը նոտարների կամ հյուպատոսարանների կողմից կնիքով հաստատելու պարտադիր պահանջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]