Քաղաքական

31.01.2019 17:10


«Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը». Վիտալի Բալասանյան

«Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը». Վիտալի Բալասանյան

Այսօր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է արել, որում մասնավորապես ասված է.

«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները գործի նյութերին ծանոթանալուց հետո»։

Հիշեցնենք, հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր .

«Սահմանադրական կարգի տապալման մասին հոդվածը ծիծաղելի է: Ո՞նց եք պատկերացնում: Այսօր Նիկոլ Փաշինյանն ինքը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը մնա վարչապե՞տ: Մի քիչ ծիծաղելի է: Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել: Սահմանադրական կարգը տապալում է այն ուժը, որն իշխանության չէ, իշխանությունում գտնվող մարդը ինչի՞ է սահմանադրական կարգը տապալում: Չեմ հասկանում այդ հոդվածը»:

Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանին միտումնավոր սպանել են, որ արտակարգ դրություն մտցնելու համար հիմք ունենա Քոչարյանը, Վիտալի Բալասանյանն ասել էր.

«Ամոթ է, չի կարելի այդպիսի բան ասել, և մանավանդ էս վերջին ժամանակները տեսնում ենք զոհվածների ծնողներին: Տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են այդպիսի ծանր իրավիճակի մեջ: Ամոթ է, չի կարելի նման բաներ անել: Ովքեր արտահայտում են այդ միտքը, կարճ ժամանակ հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու: Նրանք, ովքեր սխալ ինֆորմացիա են տալիս մեր ժողովրդին, շատ փիս իրավիճակում են հայտնվելու»:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը անդրադառնալով Բալասանյանի խոսքերին, հայտարարել էր.

«Եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում եմ՝ գա, նստի, քննարկենք իրաբավանական տեսանկյունից: Դուք ուզում եք՝ Բալասանյանի խոսքերը մեկնաբանե՞մ… շատ վատ է, եթե նման գնահատական է տվել: Չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որը կարող է իրավաբանական գնահատականներ տալ»:

Այս խորագրի վերջին նյութերը