×


Սկանդալից հետո առաջին «Ոսկե գլոբուսը». հաղթողներ, ծեծելու «սպառնալիք», եթերից հեռացված դրվագ եւ աստղային հյուրեր

Լոս Անջելեսում տեղի է ունեցել տարվա առաջին աստղային հավաքը: The Beverly Hilton հյուրանոցում անցկացվել է «Ոսկե գլոբուս»-ի 80-րդ արարողությունը, որը, սովորաբար, «Օսկարից առաջ փորձ» են համարում:

Լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները»: Այդ աշխատանքի համար նա նաեւ լավագույն ռեժիսորի մրցանակն է ստացել: Լավագույն դրամատիկ դերասանուհին Քեյթ Բլանշետնն է՝ «Թար» ֆիլմի համար. նա մարմնավորել է Բեռլինի ֆիլարհմոնիկ նվագախմբի դիրիժորին: Արարողությունը դերասանուհին բաց է թողել, քանի որ հիմա Մեծ Բրիտանիայում նկարահանումների է: Լավագույն դրամատիկ դերասանն էլ Օսթին Բաթլերն է՝ Էլվիս Փրեսլիին մարմնավորելու համար:


Ամենահուզիչը եղել է Կե Հյուի Քուանի ելույթը, նա երկրորդական պլանի լավագույն դերասան է ճանաչվել «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմի համար: Քուանն այն տղան է, որը 38 տարի առաջ Հարիսոն Ֆորդի հետ խաղացել է Սփիլբերգի «Ինդիանա Ջոնս» ֆիլմում ու առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ռեժիսորին:


Սեսիլ դե Միլլի անվան մրցանակը, որը տրվում է կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար, ստացել է Էդի Մերֆին: Նա բեմից մի քանի խորհուրդ է տվել սկսնակ դերասաններին ու հիշել նախորդ տարի «Օսկարի» ժամանակ Ուիլ Սմիթի մասնակցությամբ միջադեպը: Սակայն հեռուստադիտողներն այն չեն լսել, քանի որ կազմակերպիչներն այդ դրվագը հեռացրել են:

«Արեք 3 բան, որին ես էլ ողջ կյանքում հետեւել եմ՝ վճարեք հարկերը, ձեզ չվերաբերող գործերին մի խառնվեք ու մի փորձեք արտաբերել Ուիլ Սմիթի կնոջ անունը»,- ասել է Մերֆին:

Նախորդ տարի «Ոսկե գլոբուսը» չի կայացել Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA) ու ոլորտի ներկայացուցիչների տարաձայնությունների պատճառով: Սկանդալից հետո 1964 թվականից արարողությունը հեռարձակող NBC-ն հրաժարվեց այն ցուցադրել: Այս տարի ամեն դեպքում նորից ցուցադրեց, բայց նշեց, որ դա անում է բացառության կարգով:


Նախորդ տարի Netflix-ն ու Amazon-ը հայտնել էին, որ սեփական նախագծերը չեն առաջադրելու մրցանակաբաշխությանը, բազմաթիվ աստղեր եւս իրենց բողոքն էին արտահայտել:

Հոլիվուդյան ասոցիացիան որոշակի դասեր քաղեց այդ ամենից, ընդարձակեց ժյուրիի կազմը եւ այն ավելի ներկայանալի դարձրեց՝ արգելելով նվերներ վերցնել կինո եւ հեռուստաընկերություններից:


Հաղորդավար Ջերոդ Քարմայքլը բեմից հիշեցրեց նախորդ տարվա սկանդալի մասին ու ասաց, որ այն վարում է սեւամորթ լինելու պատճառով:

Մի քանի դերասան ամեն դեպքում բոյկոտեցին միջոցառումը: Նրանց թվում էր «Կետը» ֆիլմի համար լավագույն դերասանի մրցանակը ստացած Բրենդեն Ֆրեյզերը. 5 տարի առաջ նա HFPA-ի նախկին նախագահ Ֆիլիպ Բերքին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար: Ներկա չի եղել նաեւ Թոմ Քրուզը, որը 2021-ին վերադարձրել է իր ստացած 3 արձանիկները:


Միշել Յեոն հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ կատակերգության լավագույն դերասանուհու տիտղոսին արժանանալուց հետո արարողության կազմակերպիչներին խնդրել է «ձայները կտրել», երբ փորձել են կրճատել իր ելույթը:

«Կարող եմ Ձեզ ծեծել: Լուրջ եմ ասում»,- դիմել է նա դաշնակահարին, որը խոսելու ընթացքում փորձել է նվագել:


Մյուս հաղթողներն էլ իրենց հատկացված ժամանակից ավելի երկար են խոսել, ինչի արդյունքում միջոցառումն ավելի ուշ է ավարտվել:

«Ոսկե գլոբուս»-ն հանրահայտ հյուրերի պակաս չի ունեցել. ներկա են Ռիհաննան ու սիրելին՝ A$AP Rocky-ն, Բրեդ Փիթը, Քոլին Ֆարելը, որը նաեւ մրցանակ է ստացել, Սալմա Հայեկը, Մարգո Ռոբին, Սելենա Գոմեսը, Անա դե Արմասը, Ջեսիկա Չեսթեյնն ու ուրիշներ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին