Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Չպետք է թույլ տալ, որ Սերժ Սարգսյանը վերադառնա իշխանության


Ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար, արդեն 10 օր բողոքի քայլարշավի ելած Նիկոլ Փաշինյանն օրվա իրադարձություն է համարում ոչ թե Արմեն Սարգսյանի երդմնակալությունը, այլ Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալը։

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ նախաձեռնած «Իմ քայլը» բողոքի ակցիան Փաշինյանը սկսել էր Շիրակի մարզից, որտեղից հասել էր Լոռի, ապա Տավուշ, իսկ այսօր էլ արդեն անցավ Սևան քաղաքը՝ շարունակելով մոտենալ Երևանին, ուր ծրագրում է հասնել ապրիլի 13-ին։ «Սերժ Սարգսյանն այսօր հեռացավ իշխանությունից և մենք խնդիր ունենք այնպես անել, որ նա չվերադառնա իշխանության»,- այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արմեն Սարգսյանի երդմնակալությանը ընդդիմադիր «Ելքի» պատգամավորները ներկա չեն եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Փաշինյանն ասաց, որ գործընկեր կուսակցությունների հետ չի հասցրել քննարկել մասնակցության հարցը՝ քննարկման անհրաժեշտություն անգամ չի եղել․ «Բանը քննարկման չհասավ, որովհետև մեր գործընկերներից մեկի դիրքորոշումը մենք ի սկզբանե գիտեինք, մյուս գործընկերն էլ արդեն մինչև քննարկումը հայտարարել էր, որ չեն մասնակցելու, այնպես որ քննարկան անհրաժեշտություն չեղավ»:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի նորընտիր նախագահից, Փաշինյանն ասաց, որ նա անգամ մի փաստաթուղթ չկարողացավ բերել։ Խոսքը վերաբերում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության շուրջ բարձրացած աղմուկին։ «Նրա որդիները, թոռներն իրենց երեխաներին կասեն՝ գիտե՞ք, մեր պապիկը Հայաստանի Հանրապետության նախագահ է եղել: Բայդ եթե թոռները մի քիչ ավելի ուշիմ լինեն, կհասկանան, որ պատմությունն իրականում շատ ավելի տխուր է, քան փորձում են ներկայացնել»,- ասաց Փաշինյանը:

«Ելք» դաշինքին անդամակցող մյուս երկու կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ վերջին օրերին դաշինքում ստեղծված իրավիճակի շուրջ էական քննարկումներ Փաշինյանը դեռ չի ունեցել։ Հիշեցնենք՝ դաշինքի այս երկու ուժերը չմիացան Փաշինյանի քայլարշավին։ Ընդդիմադիր գործիչն ասաց, որ ապրիլի 13-ից հետո քննարկումներ կծավալեն առկա կնճռոտ խնդիրների շուրջ։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ապրիլի 13-ին՝ երբ խորհրդարանը վարչապետ կընտրի, իրենք արդեն կլինեն մայրաքաղաքում, որտեղ էլ՝ Ազատության հրապարակում, կմեկնարկի իրենց և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներ սկսած մեկ այլ՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համատեղ հանրահավաքը։ Ամեն ինչ անելու են, որպեսզի Ազատության հրապարակի հանրահավաքը բազմահազարանոց լինի և ժողովուրդը թույլ չտա Սերժ Սարգսյանին՝ վերադառնալ իշխանության։ Փաշինյանն ասաց, որ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքարող մյուս ուժի՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ դեռ բանակցում են։

«Ելք» խմբակցության ղեկավարը կրկին ընգծեց՝ առանց բռնության կիրառման են հասնելու իրենց նպատակին: Հարցին՝ ինչպե՞ս կարող են կանխել որպես վարչապետ Սարգսյանի պաշտոնավարումն այն դեպքում, երբ իշխող հանրապետականի ներկայացուցիչներն ակնկարկում են, որ հենց Սարգսյանն է վարչապետի իրենց թեկնածուն, իսկ մեծամասնություն ունեցող ուժի համար քվեարկություն ապահովելը բարդ չէ, Փաշինյանը պատասխանեց․

«Հայաստանի Հանրապետության այնքան քաղաքացի լինի կանգնած Բաղրամյան պողոտայում, որ Սերժ Սարգսյանի հրաժարվել-չհրաժարվելով չլինի: Պետք է իրավիճակն այնպես փոխենք, որ որոշողը լինի քաղաքացին, տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG