Մատչելիության հղումներ

Ամերիկան ցանկանում է գնել Remdesivir-ի ամբողջ պաշարը


Remdesivir-ի սրվակ
Remdesivir-ի սրվակ

Դեռ ամիսներ առաջ քչերը գիտեին «Ռեմդեսիվիր» անվամբ դեղամիջոցի մասին, բայց այսօր այն հայտնվել է գիտական շրջանակների և կորոնավիրուսի համավարակը լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում։

Հակավիրուսային հատկություն ունեցող այդ դեղը ցանկանում են ձեռք բերել շատ երկրներ, իսկ Միացյալ Նահանգներն արդեն հայտնել է աշխարհում «Ռեմդեսիվիրի» կուտակված գրեթե ամբողջ պաշարը գնելու մասին։

Ի՞նչ է «Ռեմդեսիվիրը», արդյո՞ք դա է այն հրաշագործ միջոցը, որը մարդկանց կփրկի վիրուսից։

Գիտնականներն անմիջապես զգուշացնում են, որ հրաշքի մասին խոսք չկա, դրա համար անհրաժեշտ է հուսալի պատվաստանյութ, որն առնվազն տեսականորեն մարդկությանը կազատի վիրուսից։

Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է, կան հուսադրող լուրեր, բայց վակցինա արագ չեն ստեղծում, մինչդեռ, «Ռեմդեսիվիրը» օգնել է COVID-19 հիվանդության ծանր տեսակից տառապողներից շատերին։

«Ռեմդեսիվիրն» այսպես կոչված նուկլեոտիդների անալոգների տեսակի հակավիրուսային նյութ է։

Վիրուսը ոչ բջջային կազմվածքով հարուցիչ է, որը թափանցելով հարմար միջավայր, սկսում է բազմանալ, ավելի ճիշտ՝ ինքն իր պատճենները ստեղծել։ Հարմար միջավայրը բջիջն է՝ կենդանու, բույսի կամ նույնիսկ բակտերիայի։

«Ռեմդեսիվիրը» զսպում է վիրուսի բազմանալու համար անհրաժեշտ ֆերմենտը և այդպիսով կասեցնում հիվանդության հետագա զարգացումը։

«Ռեմդեսիվիրը» 2015 թվականին համատեղ ջանքերով ստեղծել են Միացյալ Նահանգների զինված ուժերի վարակիչ հիվանդությունների ինստիտուտի և կենսաբանական պատրաստուկներ արտադրող Gilead Sciences ամերիկյան ընկերության մասնագետները։

«Ռեմդեսիվիրն» ի սկզբանե նախատեսվել է Էբոլայի վիրուսով վարակվածներին բուժելու համար, հետագայում կիրառվել է նաև այլ հարուցիչների, այդ թվում՝ կորոնավիրուսների դեմ, ներառյալ MERS-ը՝ Մերձավորարևելյան շնչառական համախտանիշը, և SARS-ը՝ ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշը։

Այս տարվա ընթացքում տարբեր երկրներում փորձնական կարգով «Ռեմդեսիվիր» են ներարկել նոր կորոնավիրուսով ախտահարվածներին։ Արդյունքը վկայում է դեղամիջոցի բավական բարձր արդյունավետության մասին։ Ըստ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ապրիլյան զեկույցի, «Ռեմդեսիվիրի» շնորհիվ, COVID-19-ով պացիենտը միջինը 15 օրվա փոխարեն 11 օր է մնացել հիվանդանոցում։

Gilead Sciences ընկերության մասնագետներն էլ ասում են, որ COVID-ով ծանր հիվանդի դեպքում «Ռեմդեսիվիրով» բուժելու 5 օրը հավասարազոր է որևէ այլ հակավիրուսային պատրաստուկով բուժելու 10-ը օրվան։

Մայիսի 1-ից ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային վարչությունն արտահերթ կարգով հավանություն է տվել COVID-19-ով հիվանդ մեծահասակներին և երեխաներին «Ռեմդեսիվիր» ներարկելու մեթոդին։

Դեղամիջոցը կիրառելու թույլտվություն են արձակել նաև Եվրամիության պատկան ատյանները։

Եվ ամբողջ աշխարհում պետությունները սկսել են հերթ կանգնել «Ռեմդեսիվիր» գնելու համար։

Բնականաբար, Վաշինգտոնում նկատել են տվել, թե քանի որ բուն դեղը գիտական և արտադրական առումով ամերիկյան է, ուրեմն Միացյալ Նահանգներն է ձեռք բերելու առկա պաշարի մեծ մասը։

Փոխնախագահ Մայք Փենսը նախօրեին հայտնել է, որ Ամերիկան այս հարցում բարենպաստ վիճակում է։

«Մենք նաև շատ հուսադրող ազդակներ ունենք Ամերիկայի ժողովրդի համար վակցինա ստեղծելու և արտադրելու վերաբերյալ», - ավելացրել է փոխնախագահը։

Այլ երկրներից առաջինը Հարավային Կորեան է ի պաշտոնե հայտնել «Ռեմդեսիվիրի» ապրանքաքանակ ստանալու շուրջ Gilead Sciences ընկերությանը հայտ ներկայացնելու մասին։

Ընկերությունն արդեն որոշակի ապրանքաքանակ ուղարկել է Հարավային Կորեա։

«Հուլիսի 1-ից մենք COVID-19 բուժելու համար կտրամադրենք դրսից ներմուծված «Ռեմդեսիվիր», այն կստանան նախևառաջ կրիտիկական վիճակում գտնվող թոքաբորբով և թթվածնի թերապիայի կարիք ունեցող հիվանդները», - հայտնել է Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Յուն Էն Կյունը։

Gilead Sciences ընկերությունը պետք է հուլիսի սկզբին ապահովել մոտ 190 հազար դեղաչափ, մինչև դեկտեմբեր դա հասցնել 2 միլիոնի, իսկ 2021-ին ևս մի քանի միլիոն դեղաչափ արտադրել։

Ավելին, ընկերությունը պատրաստ է կնքել համագործակցության պայմանագրեր հինգ այլ ընկերությունների հետ։

Այդ պայմանագրերով 5 խոշոր ընկերությունները կստանան տեխնոլոգիան և դեղն արտադրելու պատենտը, ինչը թույլ կտա առաջիկա ամիսներին էապես ավելացնել արտադրանքը և դեղն ուղարկել մոտ 130 երկիր։

Բայց Ամերիկան արդեն մոտ կես միլիոն դեղաչափ է պատվիրել, ինքը հուլիսի և օգոստոսի արտադրության մոտ 90 տոկոսն է կազմելու։

Մեկ սրվակի գինն այսօր մոտ 390 դոլար է, հետևաբար, բուժման կուրսը մեկ պացիենտի համար կհասնի 2340 դոլարի։

Մասնագետներից շատերին մտահոգում է մատչելիության հանգամանքը։ Ամերիկան և հարուստ այլ երկրներ դեղի համար պայքարում կարող են մրցակիցներին դուրս մղել, արդյունքում, ինչպես միշտ, կտուժեն թերզարգացած երկրները։

Չի բացառվում նաև, որ «Ռեմդեսիվիրի» դեֆիցիտի դեպքում տարբեր երկրներում կսկսեն արտադրել դրա կրկնօրինակը։

Դա, իր հերթին, կհանգեցնի իրավական հակասությունների, բացի այդ, «ջեներիկ» դեղի որակը երբեմն կասկածելի է լինում, և բուժելու փոխարեն այն կարող է վնաս հասցնել։

Մասնագետների համոզմամբ, «Ռեմդեսիվիրն» օգտակար, բայց ոչ կեսական դեղամիջոց է և այն պետք է կիրառվի հին ու նոր դեղերի, օրինակ, «Դեքսամետազոն» անվամբ հայտնի և բավական էժան ստերոիդի հետ, որն, ըստ բրիտանացի բժիշկների, կարող է մեկ-երրորդով կրճատել COVID-19-ով ծանր հիվանդների մահացությունը։

XS
SM
MD
LG